• Latest news

Տեսախաղերը թույլ տեսողությամբ երեխաներին օգնել են ավելի լավ տեսնել

3 դեկտեմբերի, 2016  19:09

Վատ տեսողությամբ երեխաների պերիֆերիկ տեսողությունը բարելավում են մանկական տեսախաղերի օգնությամբ ընդամենը 8 ժամ տեւող արտասովոր վարժանքից հետո: Տեսախաղերը ստեղծել են Ռոչեսթերի համալսարանի  (University of Rochester) եւ Վանդերբիլթի (Vanderbilt University) համալսարանի մասնագետները:

Նոր հետազոտության հեղինակները ամենազարմանալի եզրահանգումն են համարում այդ վարժանքների արդյունավետության երկարատեւությունը. երեխաների բարելավված տեսողությունը պահպանվել է նույնիսկ այդ վարժանքներից հետո մեկ տարի անց:

«Տեսողության սուր խանգարմամբ երեխաները բավական հաճախ անհամաչափ մեծ ջանքեր են գործադրում ուղիղ իրենց դիմացը տեսնելու համար: Իսկ որպես հետեւանք, նրանք անտեսում են պերիֆերիկ տեսողությունը»,- ասում է Ռոչեսթերի համալսարանի հետազոտող Դուե Թադինը:

Մշակողները մանկական համակարգչային խաղ են ստեղծել, որը մասնակիցներին ստիպում է ուշադրություն դարձնել ամբողջ տեսադաշտին, այլ ոչ թե միայն այն կետերին, որոնց ուղղությամբ նրանց տեսողությունն ավելի թուլացած է: «Արդյունքում տեսողական ընկալման խնդիրներում հաջողվել է հասնել 50 տոկոսով բարելավման», նշել է Թադինը:

Խաղացողները ուշադրությունը տեղաբաշխել եւ կենտրոնացրել են ընդարձակ գոտում. նրանք միաժամանակ ուշադիր հետեւել են անսպասելի հայտնվող շարժվող թիրախներին եւ անտեսել են կողմնակի գրգռիչները:

Տեսախաղը խաղալ են առաջարկել առաջին հերթին ԱՄՆ-ի 24 վատ տեսնող դեռահասների: Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ այս երեխաների մեծամասնության կենտրոնական տեսողության սրությունը վատ էր 20/200-ից, այսինքն՝ այն գործնականում կուրության սահմանում էր: Նրանք նաեւ քիչ էին օգտագործում պերիֆերիկ տեսողությունը:

«Մենք երեխաների «սարքավորումը» լավացրեցինք, քանի որ նրանք օպտիկայի, մկանների եւ ցանցաթաղանթի հետ կապված լուրջ ֆիզիկական խնդիրներ են ունենում, ինչը մենք չենք կարող շտկել: Բայց մենք կարողացանք բարելավել նրանց «ծրագրային ապահովումը»՝ ուղեղին սովորեցնելով վերաբաշխել ուշադրության ռեսուրսները եւ պերիֆերիկ տեսողությունն ավելի լավ օգտագործել»,- ասել է հետազոտության ղեկավար Ջեֆրի Նայքվիսթը:

Փորձարկվողներին երեք խմբի են բաժանել. ստուգիչ խումբը խաղացել է տետրիս հիշեցնող խաղ, երկրորդ խումբը՝ Ratchet & Clank խաղը, երեխաների երրորդ խումբն օգտագործել է հետազոտողների մշակած վարժանքային խաղը: Բոլոր խաղերը ցուցադրվել են մեծ պրոյեկցիոն էկրանին, որպեսզի ավելի լավ ներգործեին տեսողական շրջագծի վրա:

Ընդհանուր առմամբ վարժանքի 8 ժամից հետո երկրորդ եւ երրորդ խմբերի երեխաների մոտ տեսողական զգալի բարելավում է նկատվել:

Երեխաները կարողացել են հեռավոր շրջագծում ավելի լավ ընկալել շարժվող օբյեկտները (շարժման ընկալում): Նրանք նաեւ կարողացել են ավելի լավ հետեւել տեսողական «կուտակվածությանը»՝ որոշակի տառերի որոշումը այլ տառերի դաշտի ներսում: Փորձարկվողները կարողացել են կուտակված տեսարաններում (տեսողական որոնում) ավելի արագ գտնել օբյեկտները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել