• Latest news

GPS օգտագործելիս ուղեղի տեղորոշման համար պատասխանատու հատվածներն անջատվում են

22 մարտի, 2017  15:59

Երբ մարդիկ հետեւում են տեղորոշման հրահանգներին, օրինակ՝ սմարթֆոնի, ուղեղի տեղորոշման համար պատասխանատու մարզերը ոչ ակտիվ են մնում, հայտնաբերել են գիտնականները: Նրանց եզրակացություների համաձայն՝ «դուք տեղորոշման խնդիրը պատվիրակում եք ձեր GPS-ին եւ պարզապես հետեւում ցուցումներին: Դա նույնպես բարդ խնդիր է, բայց ոչ այնքան, որքան երթուղու ծրագրավորումը»:

Այսինքն՝ ժամանակի ընթացքում մարդիկ ճանապարհը փնտրելու համար սեփական ուղեղն ավելի քիչ կօգտագործեն, պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ, Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի նեյրոկենսաբան Ամիր-Հոմայուն Ջավադին: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Հետազոտության 24 մասնակիցները Լոնդոնի կենտրոնի Սոհո շրջանում տեղաշարժվել են  ըստ վիրտուալ մոդելի, իսկ նրանց ուղեղի գործունեությունը իրական ժամանակում գրանցվել է ֆունկցիոնալ ՄՌՏ միջոցով:

Որոշ փորձերում մասնակիցներն իրենց նշանակման վայրի ճանապարհը պետք է գտնեին՝ յուրաքանչյուր խաչմերուկում նշելով ձախ կամ աջ շրջադարձը: Այլ փորձերում նրանք պետք է պարզապես կոճակը սեղմերին եւ հետեւեին այն ճանապարհին, որը համակարգիչը կառաջարկի: Այս ընթացքում հետազոտողները հետեւել են հիպոկամպի եւ ուղեղի առջեւի ճակատային կեղեւի աշխատանքին, որը մասնակցում է որոշումների ընդունմանը:

Պարզվել է, որ երբ մասնակիցներն ինքնուրույն են տեղաշարժվել, հիպոկամպի եւ ուղեղի առջեւի ճակատային կեղեւի գործունեությունը սերտորեն կապված է եղել այն որոշումների հետ, որոնք նրանք ընդունել են երթուղու վերաբերյալ:

Օրինակ՝ երբ կամավորները հայտնվել են նոր փողոցում, ուղեղը հասանելի փողոցների քանակի փոփոխություններին է հետեւել, որոնք կարող էր կառուցել: Եթե անհրաժեշտ էր շրջանցել, մեծացել է առջեւի ճակատային կեղեւի ակտիվությունը, որը վկայել է նոր երթուղու ծրագրման դժվարությունների հետ կապված ակտիվության մեծացման մասին:

Սակայն երբ մասնակիցները հետեւել են համակարգչի հրահանգներին, ուղեղի այս մարզերը ավելի քիչ են ակտիվ եղել:

«Մեր արդյունքները համապատասխանում են այն մոդելներին, որոնցում հիպոկամպը տեղաշարժումը նմանակում է ըստ ապագա հնարավոր ճանապարհների, իսկ առջեւի ճակատային կեղեւն օգնում է որոշում ընդունել, թե դրանցից որն ընտրի: Երբ տեխնոլոգիա ունենք, որը մեզ հուշում է՝ ինչպես ընթանալ, ուղեղի այս հատվածները պարզապես չեն արձագանքում փողոցի ցանցին: Մեր ուղեղը դադարում է հետաքրքրվել մեր շրջակայքի փողոցներով»,- նշել է Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնական Հյուգո Սփիրսը:

Ի դեպ, այս երեւույթը նաեւ դրական կողմեր ունի: Մտավոր բարդ խնդիրը դնելով սարքի վրա՝ կարելի է պաշարներ ազատել ուրիշ նպատակների համար:

Սմարթֆոնը ձեռքին մեծացող ժամանակակից երեխաները կարող են զարգացնել հմտությունների միանգամայն այլ լրակազմ՝ այն մարդկանց համեմատությամբ, որոնք նախ սովորել են բնական միջավայրում ինքնուրույն կողմնորոշվել եւ տեղեկությունները մտապահել, այլ ոչ թե այն համացանցում փնտրել:

Հետազոտության եզրակացությունների համաձայն՝ ներկայիս երեխաների ոչ միայն հիպոկամպը, այլ ամբողջ ուղեղն այլ կերպ է զարգանում, նշել է Ջավադին: «Ուղեղը մշտապես փոխվում է, որ ընտելանա տարբեր պայմաններին, պահանջներին եւ հնարավորություններին»,- ասել է նա: Սակայն դա չի նշանակում, որ երեխաները տեղորոշման համար հիպոկամպն այլեւս չեն օգտագործի, քանի որ նրանք հիմա պետք է կողմնորոշվեն համացանցի լաբիրինթոսում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է