• Latest news

Ամերիկացի բժիշկը սեպսիսի բուժման պարզ միջոց է առաջարկել

24 մարտի, 2017  11:09

Ամերիկացի Նորֆոլք քաղաքից (Վիրջինիա նահանգ) բժիշկ Փոլ Մարիքը պնդում է, որ արյան վարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց է գտել՝ C վիտամինի լուծույթի ներերակային ներարկման օգնությամբ: Եթե այս փաստը հաստատվի, ապա, մասնագետների խոսքով, հսկայական գործնական նշանակություն կունենա: Փոլ Մարիքը ՏԱՍՍ-ին պատմել է, որ ուրախ կլինի, եթե իր բացահայտումն օգնի պահպանել մարդկանց առողջությունն ամբողջ աշխարհում:

2015 թվականի հունվարին Փոլ Մարիքը հերթապահել է տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, երբ 48-ամյա հիվանդի են ընդունել: Նա մահամերձ է եղել: «Կնոջ երիկամները, թոքերը չէին գործում, նա մահանում էր: Նման իրավիճակներում ստիպված ես ոչ ստանդարտ լուծումներ գտնել»,- NPR ռադիոկայանի հետ զրույցում ասել է բժիշկը:

Նա հիշել է, որ դրանից կարճ ժամանակ առաջ Virginia Commonwealth University-ի (VCU) մասնագետների հաշվետվությունն է կարդացել C վիտամինի ներերակային ներարկման օգնությամբ սեպսիսի բուժման մասին: Դրան նա ավելացրել է նաեւ B1 վիտամին ու կորտիկոստերոիդներ եւ ստացված լուծույթը ներարկել կնոջը:

Առավոտյան նա հիվանդին ոչ միայն ողջ է գտել, այլեւ շատ ավելի լավ ինքնազգացողությամբ: Արդյունքում սկսել է այդ խառնուրդով բուժել նաեւ արյան վարակով մյուս հիվանդներին: Մարիքի խոսքով՝ այդ պահից ի վեր հենց սեպսիսից, այլ ոչ ուրիշ պատճառներով, նման 150 հիվանդներից մահացել է միայն մեկը:

Մարիքի աշխատանքի հաշվետվությունը հրապարակվել է Chest ամսագրում: Նրա առաջարկած մեթոդն ապշեցնում է պարզությամբ: Իսկ ինքը՝ բժիշկը, ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում անկեղծորեն ասել է, որ «շատերն այս մեթոդին թերահավատորեն են նայում հենց դրա պարզության պատճառով»:

NPR ռադիոկայանը կապվել է նաեւ VCU-ից Բերի Ֆաուլերի հետ, որի ղեկավարած թիմի աշխատանքի արդյունքներն էլ Մարիքին այդ համարձակ փորձին են մղել: Ֆաուլերը հաստատել է, որ ԱՄՆ առողջապահական ազգային ինստիտուտների 3.2 մլն դոլարի չափով դրամաշնորհով C վիտամինի ներերակային ներարկման օգնությամբ սեպսիսի բուժման շուրջ սեփական հետազոտությունն է անցկացնում:  

Ֆաուլերի խումբը սեփական մեթոդներն ունի եւ Մարիքի ստացած խառնուրդը չի օգտագործում: Ամեն դեպքում, մասնագետները հիմա առավել մեծ հետաքրքրությամբ են սպասում հետազոտության արդյունքներին: Այն անցկացվում է ԱՄՆ-ի մի քանի համալսարանների բազայի վրա եւ կարող է ավարտվել արդեն այս տարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է