• Latest news

«Կոքսա-Նաիրի» կլինիկայում մեկ տարում հոդերի էնդոպրոթեզավորման 30 վիրահատություն են կատարել

10 ապրիլի, 2017  20:31

«Կոքսա-Նաիրի» կլինիկայում մեկ տարում ծնկի եւ կոնքազդրի հոդերի էնդոպրոթեզավորման 30 վիրահատություն են կատարել, այդ թվում՝ ռեվիզիոն էնդոպրոթեզավորման՝ արդեն տեղադրված պրոթեզների փախարինման բարդ վիրահատություններ: Այս մասին լրագրողներին ասացին «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին եւ Կոքսա ծրագրի համակարգողներից Միքայել Մանուկյանը:

Մասնագետների խոսքով՝ ռեվիզիոն վիրահատությունները սովորական էնդոպրոթեզավորումից ավելի բարդ են՝ նման վիրահատությունների համար անհրաժեշտ են հատուկ պրոթեզներ եւ մասնագետներ, որոնք վերապատրաստում են անցել եւ կարողանում են նման վիրահատություններ կատարել:

Միքայել Մանուկյանը նշեց, որ ցանկացած էնդոպրոթեզ ունի, այսպես կոչված, «ծառայության ժամկետ»՝ այն վաղ թե ուշ մաշվում է, եւ ստիպված են նորով փոխարինել: Մասնագետի խոսքով՝ Հայաստանում էնդոպրոթեզավորումը սկսել է ակտիվորեն զարգանալ անցյալ դարի 90-ական թվականներին, եւ այսօր «Կոքսա-Նաիրի» կլինիկայի հիվանդներից շատերը նրանք են, ում 20 տարի առաջ էնդոպրոթեզ են տեղադրել: Այսօր նրանց մոտ փոխարինվող նոր էնդոպրոթեզները կծառայեն առնվազն 20 տարի:

Ավելին՝ այսօր էնդոպրոթեզավորման վիրահատություններն այլ կերպ են արվում, քան անցյալում՝ եթե նախկինում հիվանդը վիրահատությունից հետո ստիպված էր հիվանդանոցում մնալ 10-15 օր, ապա հիմա նրանք, որպես կանոն, արդեն երրորդ օրը դուրս են գրվում, իսկ քայլել են սկսում վիրահատությունից 3 ժամ անց:

«Կոքսա-Նաիրի» կլինիկան Երեւանում բացվել է անցյալ տարվա գարնանը, եւ այսօր նշում է իր մեկամյա հոբելյանը: Միքայել Մանուկյանը նշեց, որ կլինիկայի բացումը Հայաստանում էնդոպրեթեզավորման որակը բարձրացրեց միանգամայն նոր մակարդակի, քանի որ այստեղ կիրառում են բոլոր նորագույն մեթոդները եւ տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են Կոքսայում՝ Եվրոպայի էնդոպրոթեզավորման խոշորագույն կենտրոնում, որտեղ ամեն տարի կատարում են էնդոպրոթեզավորման ավելի քան 3500 վիրահատություն: Ավելին՝ կլինիկան էքսկլյուզիվ համագործակցություն է սկսել Zimmer Biomet էնդոպրոթեզներ արտադրողի հետ, որի պրոթեզներն այսօր աշխարհում լավագույնն են համարվում:

Մեկ տարվա ընթացքում ֆիննական Կոքսա կլինիկայի մասնագետները մի քանի անգամ Հայաստան են այցելել՝ հատկապես նրանք են կատարել վիրահատությունների մեծ մասը: Մյուս վիրահատություններն արդեն կատարել են հայ մասնագետները, որոնք վերապատրաստվել են Ֆինլանդիայում:

«Կոքսա-Նաիրի» կլինիկայի հիվանդների մեծ մասը դեռեւս հայեր են: Եղել են նաեւ Ռուսաստանից եկած մի քանի հիվանդներ: Ինչպես նշեց «Կոքսա» կլինիկայի տնօրեն Տարմո Մարտիկայնենը, «Կոքսա-Նաիրի» կլինիկայում լավ իմպլանտներ եւ սարքավորումներ կան, եւ եթե այն շարունակի զարգանալ, հավանաբար ուրիշ երկրներից մեծ թվով հիվանդների կգրավի, հատկապես այն երկրներից, որոնք գտնվում են թռիչքի 1,5-2 ժամվա հեռավորությամբ:

Մյուս երկրների հիվանդներին կարող են գրավել նաեւ Հայաստանում առաջարկվող գները: Այստեղ էնդոպրոթեզավորման միջին գինը մոտ 3,5 մլն դրամ է (մոտ 7 հազար դոլար), որը մի քանի անգամ էժան է, քան եվրոպական երկրներից մեծ մասում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է