• Latest news

2 հեշտոցով եւ 2 արգանդով «անպտուղ» կինը երեխայի է սպասում

18 ապրիլի, 2017  22:31

32-ամյա Քրիսթա Շվաբը ծնվել է 2 հեշտոցով, 2 արգանդով եւ արգանդի 2 վզիկով: Բժիշկները համոզված էին, որ նա երբեք երեխաներ ունենալ չի կարող, սակայն հիմա Քրիսթան արդեն հղիության 5-րդ ամսում է: Նա տղա կունենա, որը հիմա հասունանում է նրա ձախ արգանդում:

Մինչ այս Քրիսթան 2 անգամ հղիացել է, որոնք վիժմամբ են ավարտվել: Սակայն Քրիսթան եւ նրա ամուսին Քորթնին չեն հուսահատվել:

«Երկար տարիներ ամուսնուս հետ արտասվել, աղոթել, երազել ենք երեխայի մասին: Երկուսիս համար էլ շատ ծանր էր, քանի որ շատ էինք ցանկանում երեխաներ ունենալ»,- ասել է Քրիսթան:

Այն, որ վերարտադրողական զույգ օրգաններ ունի, Քրիսթան իմացել է, երբ 12 տարեկան էր: 20 տարեկանում նա ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ եւ նրան անմիջապես պատմել է, որ ինքը չի կարող երեխաներ ունենալ: Այդ պահից ի վեր նրանք հակաբեղմնավորիչներ չեն օգտագործել՝ չէին կասկածում, որ Քրիսթան կարող է հղիանալ: Ճիշտ է, երկուսն էլ շատ էին ցանկանում երեխաներ ունենալ, եւ գրեթե ամեն ամիս Քրիսթան հույսով հղիության թեստ էր կատարում:

«Հազարերորդ բացասական թեստից հետո ես դադարել էի ինչ-որ բան հուսալ: Անցյալ դեկտեմբերին  ես մի փոքր գիրացել էի եւ գնեցի գուցե հղիության միլիարդերորդ թեստը, չնայած դա փողի զուր վատնում էր թվում: Սովորաբար ես շատ էի աղոթում, հույս փայփայում, բայց այդ անգամ ընդհանրապես ոչ մի բանի հույս չունեի: Եվ հանկարծ թեստը դրական արդյունք ցույց տվեց: Ես արտասվեցի, դա մեծ ցնցում էր, հատկապես ամուսնուս համար»,- պատմել է Քրիսթան:

Նրա հղիությունն առանձնահատուկ է ոչ միայն այն պատճառով, որ նա տեսականորեն անպտուղ էր, այլեւ այն պատճառով, որ պտուղը զարգանում է ձախ արգանդում, որտեղ ձվաբջիջներ չպետք է լինեն. Քրիսթայի մոտ գործում է միայն աջ ձվարանը, որտեղից ձվաբջիջները կարող են հայտնվել միայն աջ արգանդի մեջ: Երկու արգանդների միջեւ «անցուղի» չկա, որով ձվաբջիջը կկարողանա ընկնել ձախ արգանդի մեջ: Այս պատճառով բժիշկները մինչ օրս չեն հասկանում, թե Քրիսթան ինչպես կարող էր հղիանալ, այն էլ՝ ձախ արգանդում:

Սովորաբար 2 արգանդով կանանց, եթե հղիանում են, կեսարյան հատում են կատարում, բայց Քրիսթան հույս ունի, որ կարող է երեխային ինքնուրույն ծննդաբերել: Բժիշկները կարծես նրա լավատեսությունը չեն կիսում եւ խորհուրդ են տալիս կեսարյանին տրամադրվել:

«Մենք 10 տարի փորձել ենք երեխա բեղմնավորել, եւ ահա՝ այն մեզ հաջողվել է: Ես ցանկանում եմ, որ նույնպիսի խնդրով կանայք չհուսահատվեն եւ չդադարեն հրաշքներին հավատալուց: Քանի որ հրաշքներ պատահում են»,- ասել է Քրիսթան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է