• Latest news

Հորդանանի արքայադուստր Դինան Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման է արժանացել

28 ապրիլի, 2017  12:32

Հորդանանի թագավոր Հուսեյնի անվան Քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամի գլխավոր տնօրեն, Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control) նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդն արժանացել է Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման:

Ապրիլի 28-ին Երեւանում ընթացող Քաղցկեղը վերապրածների կոնգրեսում համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Դինա Մայրեդին դիպլոմ եւ պատմուճան հանձնեց: Իր շնորհակալական խոսքում արքայադուստրը կոչ արեց քաղցկեղի դեմ պայքարել ոչ միայն նոր հիվանդանոցներ կառուցելով եւ նոր սարքավորումներ ձեռք բերելով, այլեւ ծխելու դեմ ծավալուն արշավ ծավալելով:

Արքայադուստրն իր ելույթը սկսեց՝ Հորդանանի կյանքում հայ համայնքի դերի կարեւությունը նշելով, այնուհետեւ ասաց, որ Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկն այցելելուց հետո իր մեջ ցանկություն է առաջացել բոլոր գործերը թողնելով՝ պարզապես Հայաստանում ճանապարհորդել: 

«Ես լուսանկարները տուն եմ ուղարկել, եւ այնտեղ չեն կարողացել հավատալ, թե սա ինչպիսի գեղեցկություն է: Մենք նույնիսկ մեր հայ բարեկամներին կատակով սպառնացինք՝ այ, կորոշենք ու այսօր կփախչենք ձեզնից, կգնանք այդ գեղեցկությունը նորից տեսնելու»,- ասաց նա:

Դինա Մայրեդը հիշեցրեց, որ ինքը քաղցկեղ հաղթահարած երեխայի մայր է, եւ սա իր համար «ամենակարեւոր կոչումն է»: «Հայաստանում մենք տարբեր կենտրոններ այցելեցինք, եւ ես անչափ ուրախ եմ ժամանակակից սարքավորումներ տեսնելով, եւ, որն ամենագլխավորն է, մեծ թվով լավ բժիշկների հանդիպելով: Բայց ցանկանում եմ այս հնարավորությունից օգտվել եւ ասել՝ սկսեք ծխախոտի դեմ աշխատել»,- ասաց նա: Արքայադստեր խոսքով՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները թիրախավորել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հորդանանն ու Հայաստանը, քանի որ զարգացած երկրներում իրենց բիզնեսը գրեթե կանգ է առել, եւ, իհարկե, նրանք պետք է նոր ծխողների գտնեն:

«Մերձավոր Արեւելք, Աֆրիկա, Կովկաս եւ Միջին Ասիա: Եվ նրանք հսկայական գումարներ են ծախսում՝ երիտասարդությանը ծխախոտին կապելու համար: Նրանք գիտեն, որ եթե երիտասարդը մինչեւ 24 տարեկանը չսկսի ծխել, իրենց համար կորած հաճախորդ է: Այդ պատճառով պատկերացրեք, որ նրանք միլիարդավոր դոլարների բյուջե ունեն, եւ այն ծախսում են խորամանկ մարքեթինգի համար: Հայաստանում թոքերի քաղցկեղը վաղուց արդեն մահացության թիվ մեկ պատճառներից է: Մի՛ մոռացեք, որ ծխախոտն ազդում է նաեւ այլ օրգանների վրա: Հարկավոր է ակտիվ պայքարել քաղցկեղի դեմ: Առողջապահություն, քարոզչական արշավներ, կանխարգելիչ միջոցառումներ: Այս ամենը չօգտագործելու դեպքում քաղցկեղի դեմ պայքարն արդյունավետ չի լինի: Եվ ես գիտեմ, որ հայերն ուզում են, որպեսզի ազգն առողջ լինի: Որտեղ կա ցանկություն, այնտեղ կա նաեւ միջոց: Հայերը հրաշալի ասացվածք ունեն. վաղն ավելի լավ կլինի, քան այսօր: Եվ եթե սկսեք այդ ուղիով գնալ հիմա, վաղն ավելի լավ կլինի, քան այսօր»,- ասաց նա:

Արքայադստեր կոչին ի պատասխան՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հիշեցրեց, որ Հայաստանում մի քանի տարի առաջ ծխող տղամարդիկ 55% էին, եւ այս ցուցանիշը նվազեցնելն անհնար էր թվում, բայց մի շարք միջոցառումների, մասնավորապես, ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի ներդրման շնորհիվ այս տարի այդ ցուցանիշը հասել է 52%-ի: Ռեկտորը նշեց, որ քաղցկեղի դեմ պայքարը սկսվում է ոչ թե հիվանդանոցներից, այլ ընտանիքից եւ դպրոցից, եւ դրա համար հարկավոր է միավորել ուժերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել