• Latest news

Ես պատրաստ էի վրանում ապրել, որեւէ անկյունում, միայն թե ապրեի. քաղցկեղը հաղթահարած կոմպոզիտոր

28 ապրիլի, 2017  20:30

Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը 13 տարի առաջ ամեն ինչ ուներ, ինչ ցանկանում էր՝ փառք, երկրպագուներ, լեցուն դահլիներ: 2004 թվականին «քաղցկեղ» ախտորոշումը հաջողակ երաժիշտի համար սառը ցնցուղ էր: Սայկայն այսօր, քաղցկեղը հաղթահարելով, նա պնդում է, որ իր իսկական կյանքը միայն հիվանդությունից հետո է սկսվել, քանի որ այն իրեն հանգեցրեց վերաիմաստավորման, հասկանալուն, թե որոնք են իրական արժեքները:

Ապրիլի 28-ին ելույթ ունենալով Երեւանում ընթացող Քաղցկեղը հաղթահարածների կոնգրեսում՝ կոմպոզիտորը նշեց, որ սկզբում չէր կարողանում հավատալ, որ դա իր հետ է տեղի ունենում: Սակայն որպես ուսյալ մարդ հրաշալի հասկանում էր, թե ինչ հիվանդություն է ախտորոշվել: Բուժվելու համար նա Գերմանիա է մեկնել: Բուժման ընթացքում հասկացել է, որ կա կատարյալ սեր, եւ դա Բարձրյալն է: Նա հասկացել է նաեւ, որ իր կյանքը պետք է փոխվի:

«Ես ասում էի՝ ուզում եմ ապրել վրանում, որեւէ անկյունում, սակայն ապրեմ: Տվեք ինձ մի կտոր հաց եւ ջուր, բայց որ ապրեմ, որ լինեմ: Այս մրցավազքը, այս իրարանցումը, ուրիշների հաշվին ինքնահաստատումը՝ այս ամենը հասարակության քաղցկեղային ուռուցքն է: Նման երեւույթներին մշտապես տհաճությամբ եմ վերաբերվել, բայց դրա մեջ եմ ապրել: Եվ միայն այս 13 տարիներին եմ իրոք ապրում»,- ասաց Էդգար Գյանջումյանը:

Նրա խոսքով՝ սրա միջով անցած մարդիկ արժեքների վերաիմաստավորում են կատարում: Դու սկսում ես ուրախանալ յուրաքանչյուր լուսաբացով եւ սկսում ես կյանքն իրապես վայելել:

Էդգար Գյանջումյանը բուժման վերջին 2 կուրսը Հայաստանում է ստացել: Նրա խոսքով՝ բժիշկներն իրեն տարհամոզում էին, վտանգ կար, սակայն ինքն իր տանը շատ էր կարոտել: Կոմպոզիտորն այսօր կին եւ 2 երեխա ունի, եւ իր երեխաներին սովորեցնում է «պաշտպանել օրը»՝ վիրավորանքներից եւ տրամադրության անկումներից: Նա նաեւ ստեղծել է «Օգնեմ» հիմնադրամը, որն օգնում է նրանց, ովքեր նրա վիճակում են հայտնվել: Այս մարդկանց նա խորհուրդ է տալիս ազատվել այն ամենից, ինչն իրական արժեք չէ: Ինչն իրական է թվում, բայց իրականում խանգարում է ապրելուն:

«Ես ուրախ եմ, որ կամ, որովհետեւ սիրում եմ ապրել»,- կոմպոզիտորը Կոնգրեսում իր ելույթն այսպես ավարտեց: Նա Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control) նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդին նվիրեց իր ստեղծագործությունների ձայնասկավառակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել