• Latest news

Ինձ թվում էր, որ եթե ես բարձրաձայն ասեմ «քաղցկեղ», ապա կնյութականացնեմ իմ ախտորոշումը․քաղցկեղը վերապրած կին

28 ապրիլի, 2017  22:25

Ես ոչինչ չունեմ հրաշքների դեմ, բայց քաղցկեղից բուժվելը հրաշք չէ։ Դա բժիշկների բարեխիղճ ու քրտնաջան աշխատանքի, մարդու կամքի ուժի ու հարազատների սիրո ու աջակցության տրամաբանական արդյունքն է։ Այս մասին ապրիլի 28-ին Երեւանում Քաղցկեղը վերապրաշների կոնգրեսի ժամանակ ասել է քաղցեղից բուժված Վարդուհի Սարգսյանը։

Նա պատմել է, որ մեկ տարի առաջ իր մոտ ախտորոշվել էր Հոջկինի լիմֆոմա։ Դեռ մինչ այդ նա հասցրել էր ծանոթանալ մի մարդու հետ, որը նրան հանգիստ պատմել էր, որ ինքը քաղցեղով հիվանդ է եղել, ու դա այն ժամանակ ապշեցրել էր Վարդուհուն, քանի որ նրա պատկերացմամբ քաղցկեղն անբեկանելի դատավճիռ էր՝ քիմիաթերապիայի սարսափելի ֆիլմային տեսարաններով համեմված։

Ավելի ուշ, երբ նրա մոտ ախտորոշել են այդ հիվանդությունը, Վարդուհի Սարգսյանը սկզբում փորձել է այն թաքցնել իր շրջապատից, այդ մասին միայն շատ մտերիմ մարդիկ գիտեին։ Պատճառը վախն էր, որ իրեն կխղճան, դատապարտված կհամարեն։ «Ինձ թվում էր, եթե ես բարձրաձայն ասեմ քաղցկեղ բառը, ապա կնյութականացնեմ ու կհաստատեմ իմ ախտորոշումը»,- ասել է նա։

«Երբ ես ստանում էի քիմիաթերապիայի առաջին կուրսը՝ իմ ծննդյան օրը, ես զուգահեռաբար պատասխանում էի ընկերներիս շնորհավորանքներին, որոնք ոչինչ չէին կասկածում»,- պատմել է նա, հավելելով, որ որոշ ժամանակ հետո եկավ մի պահ, երբ այլեւս հնարավոր չէր որեւէ բան թաքցնել։ Եվ Վարդուհի Սարգսյանը ընտրեց բոլորին տեղեկացնելու ռադիկալ միջոց՝ ստատուս գրեց Ֆերսյբուքում։ Իհարկե ընկերները ծանր տարան նրա այդ հաղորդագրությունը։

Քաղցկեղը հաղթահարած աղջկա դիտարկումներով, այդ հիվանդության մահացու ելքի մասին բոլորն են իմանում, իսկ նրանք, ովքեր հաղթահարել են քաղցկեղը, չեն սիրում այդ մասին խոսել։ Այդտեղից էլ հասարակության մեջ կանխակալ վերաբերմունք է ձեւավորվել։ Դրան նպաստում են նաեւ մեդիան ու գեղարվեստական ֆիլմերը։ Աղջիկը հիշեց, որ բուժման ընթացքում ինչ-որ նոր հոլիվուդյան ֆիլմ էր դիտել, որտեղ սյուժեի երկրորդական գծով պատմում էին այն մասին, որ հերոսուհիներից մեկի դուստրը մահացել է քաղցկեղից։ Եթե նույնիսկ ֆիլմերում բուժվում են քաղցկեղից, ապա դա որպես կանոն ֆիլմի գլխավոր սյուժետային գիծն է լինում ու ներկայացվում է որպես հրաշք։ Իսկ նա կցանկանար, որ քաղցկեղից ապաքինվելը լիներ ինքնըստինքյան ենթադրվող մի բան՝ ֆիլմի երկրորդական գիծ, առանց պաթոսի, սովորական երեւույթի նման։

«Մենք, քաղցկեղը հաղթահարածներս, գլխավոր առաքելություն ունենք՝ չլռել, պատմել, կիսվել։ Դրանով մենք հաստատ կօգնենք շատերին։ Եվ առավելագույնս  նպաստել, որ հասարակության մեջ ձեւավորվի ճիշտ պատկերացում, որ նրանք քաղցկեղը չընկալեն որպես անբեկանելի դատավճիռ։ Դա հիվանդություն է, որն ունի բուժման իր միջոցները։ Դա բարդ բուժում է, ծախսաշատ, երկարատեւ, բայց հնարավոր։ Մի՛ լռեք, մի թաքցրեք, դուք դրանով կօգնեք մյուսներին, ասացեք, որ դա հնարավոր է, որ քաղցկեղից հետո կյանքը ավելի քաղցր է դառնում, ու դու հասկանում ես, որ պետք չէ կյանքդ վատնել անկարեւոր բաների վրա»,- դիմեց նա քաղցկեղը հաղթահարած մյուս մարդկանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել