• Latest news

Ապրիլյան պատերազմի մասնակիցը շարունակում է վերականգնողական բուժումը եւ ցանկանում է ծրագրավորող դառնալ (ֆոտո)

15 հունիսի, 2017  18:56

Վերականգնողական բուժման արդյունքներն առավել քան ակնհայտ են 20-ամյա Անդրեյ Վարդումյանի համար. ավելի քան մեկ տարի առաջ Անդրեյը ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորվեց, իսկ այսօր նա արդեն կարողանում է քայլել, սովորել եւ ապրել միանգամայն նորմալ կյանքով:

Փողոցով քայլելիս Անդրեյին դեռեւս օգնում է ոճային փայտե ձեռնափայտը, որի վրա զարդեր են փորագրված: Սակայն հարթ հատակով շենքերում Անդրեյն արդեն փորձում է առանց ձեռնափայտի քայլել: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անդրեյը պատմեց, որ նախկինում ձեռնափայտով էլ էր մեծ դժվարությամբ քայլում, ճոճվում էր, հավասարակշռությունը կորցնում, ոտքերն իրեն դժվար էին ենթարկվում: Այսօր, սակայն, վերականգնումն իր պտուղներն է տալիս, եւ Անդրեյն իրեն շատ վստահ է զգում: Ավելին՝ անցյալում մկաններից շատերը գործնականում անշարժ էին, իսկ հիմա այդ մկաններն ամրացել են եւ սկսել աշխատել:

Անդրեյի բուժումն առայժմ շարունակվում է. նա դեռեւս ֆիզիոթերապիա ասեղնաբուժություն, հատուկ մերսումներ է ստանում, եւ շուտով այս ցանկին կավելանա նաեւ մկանների էլեկտրախթանումը: Այս բոլոր գործողությունները զբաղեցնում են օրվա մեծ մասը, իսկ մնացյալ ժամանակն Անդրեյը տրամադրում է ուսմանը. նա հեռակա սովորում է Հայկական պետական տնտեսագիտական համալսարանում, նաեւ ծրագրավորման դասընթացների է հաճախում:

Անդրեյի խոսքով՝ ինքը ցանկանում է այնպիսի մասնագիտություն ունենալ, որը ֆիզիկական ուժ չի պահանջում եւ կարող է ապահովել իրեն ու իր ընտանիքին:

Հիշեցնենք, որ Անդրեյը հրազենից վիրավորվել է ապրիլյան պատերազմի ժամանակ՝ Մարտակերտում: Ընկնելով՝ նա գիտակցությունը կորցրել է: Նրան ուշքի են բերել ծառայակիցները, որոնք խուճապի չեն մատնվել, տեղում նրան առաջին օգնություն են ցույց տվել եւ շտապ օգնության բրիգադ կանչել, որը նրան տեղափոխել է Մարտակերտի հոսպիտալ, այնտեղից՝ Ստեփանակերտ:

Ստեփանակերտում վիրաբույժներն ախտորոշիչ վիրահատություն են կատարել՝ համոզվելու համար, որ նրա մոտ ներքին արյունահոսություն եւ արտաքուստ չերեւացող ծանր վնասվածքներ չկան: Անդրեյի բոլոր օրգաններն անվնաս էին, միայն ողնաշարն էր 2 տեղից վնասված, եւ Ստեփանակերտից նրա Երեւան են տեղափոխել, որտեղ մասնագետները սկսել են նրա ողնաշարի բուժումը:

Անդրեյը վերականգնողական բուժում է ստացել նախ Կարմիր խաչի կենտրոնում, որտեղ սովորել է քայլել ոտնահենակի օգնությամբ: Բուժումը շարունակել է «Արթմեդ» բժշկական կենտրոնում, որտեղից դուրս է գրվել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Այնուհետեւ նրա բուժումը շարունակվել է թիվ 1 Համալսարանական կլինիկական հիվանդանոցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել