• Latest news

Տարբեր բուժկենտրոնների մասնագետների միջեւ կամուրջները գցված են. Աշոտ Դավիդյանց (ֆոտո, վիդեո)

18 հունիսի, 2017  20:25

ՀՀ տարբեր բժշկական կենտրոնների մասնագետների միջեւ կամուրջները գցված են, եւ նրանք արդեն խորհրդակցությունների համար դիմում են միմյանց, չնայած նախկինում մասնագիտական լուրջ տարաձայնություններ ունեին: Հենց սրան էր ձգտում հասնել «Դավիդյանց լաբորատորիաներ» ախտորոշման կենտրոնը՝ կազմակերպելով եւ հովանավորելով Հայաստանում օնկոգինեկոլոգիայի իր ֆորմատով առաջին սեմինարի անցկացումը, որի ժամանակ ելույթ են ունեցել ESGO-ի (European Society of Gynaecological Oncology) լավագույն մասնագետները:

«Հայ բժիշկները, որոնք լուրջ տարաձայնություններ ունեին, այս սեմինարի ընթացքում մեծ թվով հարցեր են քննարկել: Սուր բանավեճ ընթացավ, բայց այսօր ինձ շատերը ասում են, որ իրենք արդեն այդ խնդիրներին այլ կերպ են նայում, կամուրջը գցված է, նրանք մեկը մյուսի խորհուրդն են հարցնում: Եվ մենք շատ ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը բերեց նրան, որ տարբեր կենտրոնների մասնագետները սկսել են համագործակցել»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Դավիդյանց լաբորատորիաների» տնօրեն Աշոտ Դավիդյանցը՝ հավելելով, որ այստեղ գործում է հետեւյալ բանաձեւը՝ «հաղթում ես դու, հաղթում եմ ես», որի գերագույն նպատակը հիվանդի առողջությունն է։

Նրա խոսքով՝ հայկական բժշկության լուրջ խնդիրներից մեկը նեղ մասնագետների միջեւ հաղորդակցության բացակայությունն է, նրանց մեկուսացվածությունը: «Դավիդյանց լաբորատորիաների» առավելությունն այն է, որ կենտրոնը չեզոքություն է պահպանում, առաջ չի մղում այս կամ այն բուժհիմնարկի շահերը, ուստի վայելում է բոլորի հարգանքը: Հենց այս պատճառով է իրենց հաջողվել ապահովել «Նաիրի», «Էրեբունի», «Աստղիկ», «Սլավմեդ», «Շենգավիթ», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների, Բժշկական համալսարանի, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի, Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ի, Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի, Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի, Կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտալի, Վանաձորի եւ այլ մարզերի, ինչպես նաեւ Արցախի բուժհիմնարկների մոտ 60 մասնագետների մասնակցությունը սեմինարին:

Սեմինարը կազմակերպելով՝ «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ–ն մեկ նպատակ էլ է հետապնդել՝ հանրապետության որոշում կայացնող մասնագետներին ուսուցանել ESGO-ի մոտեցումները, քանի որ «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ–ն մտադիր է իր հյուսվածաբանական հետազոտություններում կիրառել ESGO-ի չափանիշները։ Դա անհրաժեշտ էր, որպեսզի լաբորատորիայի պատասխանների ֆորմատը մասնագետներին պարզ լինի:

«ESGO-ն այսօրվա դրությամբ այն շարժիչներից մեկն է, միակը Եվրոպայում, որը ապացուցողական բժշկության, ժամանակակից պահանջներին համապատասխանող բժշկության ջատագովն է օնկոլոգիական գինեկոլոգիայի մեջ, ստեղծելով թե՛ պրոտոկոլներ, թե՛ կլինիկական ուղեցույցներ, չափորոշիչներ, վիրահատության մոդիֆիկացիաներ եւ այլն։ Մենք սատարեցինք այդ ջատագովությանը, ստեղծելով մեծ ընտանիք»,- ասաց նա։

Հայ մասնագետների առջեւ ելույթ ունեցան ESGO-ի (European Society of Gynaecological Oncology) ընտրված նախագահ, Տուլուզի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Բորդոյի Institut Bergonié Cancer Center–ի բժիշկ Դենի Քյորլյոն (Denis Querleu), ինչպես նաեւ ESGO-ի Խորհրդի անդամ, Աթենքի Alexandra Hospital–ի օնկոլոգիական գինեկոլոգիայի պրոֆեսոր Դիմիտրոս Հայդոպոուլոսը (Dimitrios Haidopoulos): Անվանի հյուրերի այցելությունը կազմակերպել էր «Նաիրի» ԲԿ-ի օնկոլոգիական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը, որը նույնպես ESGO-ի անդամ է:

«Թարմացումներ, նորություններ օնկոլոգիական գինեկոլոգիայում» խորագրով սեմինարի ժամանակ ներկայացվել են օնկոլոգիական գինեկոլոգիայում ժամանակակից մոտեցումները: Արտասահմանցի դասախոսները մեր մասնագետներին պատմել են, թե ինչպես խուսափեն սխալներից, մասնավորապես, ինչպես քաղցկեղը բարորակ ուռուցքի հետ չշփոթեն, որոշեն քաղցկեղի տեսակն ու փուլը, քանի որ նույնիսկ քաղցկեղի տարբեր տեսակների եւ փուլերի դեպքում բուժման մոտեցումները միանգամայն տարբեր են:

Ինչպես ասաց Աշոտ Դավիդյանցը, հրավիրված պրոֆեսորներն արձանագրել են, որ Հայաստանում այս նոր մոտեցումներն արդեն երկար ժամանակ կիրառվում են, եւ այնպիսի պաթոլոգիաների, ինչպիսին են ձվարանների, արգանդի վզիկի եւ էնդոմետրիումի քաղցկեղը, թե՛ բուժման, թե՛ ախտորոշման համար արտասահման մեկնելու ոչ մի անհրաժեշտություն չկա:

Սեմինարն անցկացվել է մայիսի 27-28-ը՝ Ծաղկաձորում: Սեմինարի մասնակիցները ՇՄԶ 10 կրեդիտ կստանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել