• Latest news

Լողավազանում որեւէ բանով վարակվելը նվազ հավանական է, քան լողափին․ բժիշկներ

6 հուլիսի, 2017  21:06

Լողավազանում որեւէ բանով վարակվելը նվազ հավանական է, քան լողափին։ Այս մասին հուլիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են մաշկաբան Սամվել Խաչատրյանն ու գինեկոլոգ Լիլիթ Ջանգուլյանը։

Սամվել Խաչատրյանի խոսքով, հիմա լողավազաններում սանիտարական նորմերը բավականին խիստ են պահպանվում, ինչի արդյունքում սնկային հիվանդություններով վարակվելու հավանականությունը զգալիորեն նվազել է։ Լողափերին նույն պայմաններն ապահովելը բավականին դժվար է, քանի որ օդի բարձր ջերմաստիճանն ու խոնավությունը բարենպաստ միջավայր են ստեղծում միկրոբների ու սնկերի բազմացման համար։ 

Այդուհանդերձ, ինքդ քեզ առավելագույնս վնասազերծելու համար անհրաժեշտ է հետեւել որոշակի կանոնների, այսինքն հագնել սեփական ջրային հողաթափիկները, միայն սեփական սրբիչից ու գլխարկից օգտվել, ոչ մեկին՝ այդ թվում ընտանիքի անդամներին թույլ չտալ օգտվել ձեր անձնական հիգիենայի առարկաներից։ Ոչ մի դեպքում լողավազան չմտնել ներքնազգեստով, ինչպես հաճախ տղամարդիկ են անում։

Լողավազան մտնելուց առաջ պետք է ցնցուղ ընդունել, նվազեցնելու համար վարակը ուրիշներին փոխանցելու հավանականությունը։ Լողալիս՝ ձգտել ջուր կուլ չտալ։ Լողի պարապմունքից անմիջապես հետո դարձյալ ցնցուղ ընդունել։

Անձնական հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում կարելի է հեշությամբ վարակվել ոտնաթաթերի կանդիդոզով ու գունափոփոխ որքինով։ Երկու հիվանդություններն էլ մեծ վտանգ չեն ներկայացնում ու ենթարկվում են բուժման։

Գինեկոլոգ Լիլիթ Ջանգուլյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կանանց դաշտանի օրերին խորհուրդ չի տրվում մտնել լողավազան կամ էլ լողալ ծովում, քանի որ այդ օրերին նրանց օրգանիզմն ավելի խոցելի է վարակների հանդեպ։ Բացի դրանից, արյունահոսությունը կարող է ուժեղանալ։

Նրա խոսքով, ամռանը ցանկալի է օրական 2-3 անգամ ցնցուղ ընդունել։ Ընդ որում, նկատեց նա, անհրաժեշտություն չկա ամեն անգամ օգտվել օճառից, քանի որ օճառը քայքայում է հեշտոցի բնական միկրոֆլորան, ինչի հետեւանքով օտարածին մանրէներն ավելի հեշտ են ներթափանցում։

Ինչ վերաբերում է լողափերին, ապա մասնագետները նախազգուշացրել են՝ պետք է լողալ միայն այն վայրերում, որտեղ դա թույլատրված է։ Հակառակ դեպքում լուրջ ինֆեկցիոն հիվանդությամբ վարակվելու հավանականությունը շատ բարձր է։

Բժիշկները նաեւ նշել են, որ ամռանը Հայաստանի քաղաքացիները նախընտրում են հանգստանալ Սեւ ծովի ափին՝ Ռուսաստանում կամ Վրաստանում։ Լողափ պետք է ընտրել հատկապես ուշադիր՝ հաշվի առնելով դրա հեռավորությունը քաղաքից, նավահանգստից ու արդյունաբերական գոտուց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է