• Latest news

Հուրգադայում վիրավորված հայ կինը ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ

10 օգոստոսի, 2017  22:17

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին, ով գործուղվել էր Կահիրե` հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետեւանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակին տեղում ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Պրոֆեսորը նախարարին ներկայացրել է, որ իր այցի օրը` օգոստոսի 3-ին, 46-ամյա մեր հայրենակցի վիճակը գնահատվել է կայուն ծանր` համապատասխանող ստացած վիրավորումներին եւ տարած վիրաբուժական միջամտություններին (երեք անգամ իրականացվել է որովայնահատում)։ Կնոջ ստացած 18 վիրավորումից 3-ը եղել է թափանցող, ինչից վնասվել են լյարդը, ստոծանին, միջընդերքի անոթները, պլեւրալ խոռոչներում առաջացել են արյան կուտակումներ։

Հայ վիրաբույժը եգիպտացի տարբեր մասնագետների հետ իրականացրել է երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։

Արտակ Հովհաննիսյանը նշել է, որ դրանց արդյունքում, հաջորդ օրվանից սկսած, հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Սկսել են գործել աղիները, ինտոկսիկացիոն երեւույթները նկատելիորեն պակասել են։

«Հիվանդի մոտ առկա են շնչառական անբավարարության որոշակի խնդիրներ, քանի որ պլեւրալ 2 խոռոչում կային հեղուկային կուտակումներ եւ վիրավորման հետեւանքով առաջացած արյունահոսության ֆոնի վրա որոշակի արյան մակարդուկներ ձախ պլեւրալ խոռոչում։ Ենթալյարդային տեղակայմամբ դրենաժային խողովակից մեկ օրվա ընթացքում կուտակվել էր 450-500մլ լեղային արտադրություն»,-ներկայացրել է պրոֆեսորը` հավելելով, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվությամբ վիրավորումներ ստացած ՀՀ քաղաքացին օգոստոսի 9-ին վիճակի բարելավումով ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Բժիշկն ընդգծել է, որ հիվանդը գտնվում է մշտական ուշադրության եւ հոգացության կենտրոնում։

Պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը մշտական կապի մեջ է Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ստեփան Գեւորգյանի հետ։ Բժշկի խոսքով հիվանդի տեղափոխման հարցը կքննարկվի նրա վիճակի հետագա որոշակի բարելավումից հետո։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել