• Latest news

Հայաստանում շատ հիպերտոնիկներ դեղեր չեն ընդունում փողի պակասի պատճառով․ ԱՄՆ-ի բժիշկ

23 սեպտեմբերի, 2017  15:17

Հայաստանում հիպերտոնիայով տառապող բազմաթիվ հիվանդներ կան, ու նրանցից շատերը չեն ընդունում դեղեր, քանի որ բավականաչափ գումար չունեն։ Այս մասին  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է ընտանեկան բժշկուհի Ծովինար Թեքելյանը (ԱՄՆ):

Ծովինար Թեքելյանը Հայաստան է ժամանել Glendale Adventist Medical Centre (ԱՄՆ) բուժկենտրոնի 14 այլ բժիշկների ու 20 բուժքույրերի հետ միասին։ Սեպտեմբերի 16-ից մինչեւ 21-ը մասնագետները աշխատել են Նոյեմբերյան քաղաքի բուժկենտրոնում, որտեղ ընդունել են 2015 հիվանդների ու 78 վիրահատություն արել։

Մասնագետի խոսքով՝ այս 5 օրերին ինքը հիպերտոնիայով տառապող բազմաթիվ հիվանդների է հանդիպել։ Հնարավոր է հիպերտոնիան Տավուշի մարզում այդքան տարածված է դրա բարձրլեռնային դիրքի պատճառով, բայց բացառված չէ, որ սթրեսը նույնպես կարող է մեծ նշանակություն ունենալ՝ հատկապես այն մարդկանց համար, ովքեր սահմանամերձ շրջաններում են ապրում։ Բացի այդ՝ հայերը շատ աղ են օգտագործում ու հանքային ջուր խմում, որը նույնպես շատ աղ է պարունակում։ Այդ ամենը նույնպես նպաստում է հիպերտոնիայի զարգացմանն ու վատացնում դրա ընթացքը։

«Բազմաթիվ հիվանդներ գումար չունեն դեղ գնելու համար։ Ես տեսել եմ մարդկանց, ովքեր հատով էին դեղեր գնում՝ ամեն անգամ 4-5 հատ, ու դրանք խմում էին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ նրանց ճնշումն ուժեղ բարձրանում էր», - պատմում է բժիշկ Թեքելյանը։

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած բժիշկները իրենց հետ բերել էին բազմաթիվ դեղեր՝ այդ թվում հիպերտոնիայի բուժման համար։ Այդ դեղամիջոցները, բժիշկ Թեքելյանի խոսքով, անվճար բաժանել են բարձր զարկերակային ճնշում ունեցող հիվանդներին։ Նրանց նաեւ բացատրել են, թե ինչ կենսակերպ պետք է վարեն, որպեսզի վերահսկողության տակ պահեն իրենց ճնշման տատանումները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել