• Latest news

Քաղցկեղը հաղթահարած դաշնակահարուհի. ամենակարեւորն է գտնել բժշկի, ում դուք կվստահեք

21 հոկտեմբերի, 2017  18:53

Մեկուկես տարի առաջ դաշնակահարուհի Քեյ Սաոթոմեի մոտ կրծքագեղձի քաղցկեղ էին ախտորոշել: Համերգի փորձերն ու նախապատրաստական աշխատանքները ստիպված եղան փոխարինել հիվանդանոց այցելություններով. տիկին Սաոթոմեի համար կարեւոր էր ոչ միայն հիվանդությունը հաղթահարելն ու բուժվելն, այլեւ իր կյանքի կարեւորագույն իմաստը հանդիսացող երաժշտությունից չզրկվելը: Այդ պատճառով նա, իրեն հարմար բուժման տարբերակ ընտրելու նպատակով,  խոսել էր բազմաթիվ բժիշկների հետ:

Առաջին բանը, որ դաշնակահարուհին արեց, Փարիզի ամենահայտնի բժշկական կենտրոններից մեկին դիմելն էր, որտեղ եւ հերթով հանդիպեց մի քանի բժիշկների:

Նրանց հետ խոսելով՝ նա հասկացավ, որ  առաջարկված բուժումից հետո ինքն այլեւս չի կարող դաշնամուր նվագել, քանի որ ուռուցքն իր աջ կրծքում էր եւ վիրաբուժական բուժումը զուգակցելով ճառագայթային բուժման հետ՝ կվնասվեր աջ ձեռքի գործառույթը:

«Բոլոր բժիշկներն ինձ ասում էին, որ առաջին հերթին պետք է մտածել բուժման մասին, դա ավելի կարեւոր է, քան մասնագիտությունն ու երաժշտությունը: Սակայն երաժշտի համար կյանքը հենց երաժշտությունն է»,- նշել է Քեյ Սաոթոմեն NEWS.am Medicine.թղթակցի հետ զրույցում:

Փարիզի կլինիկաներից մեկում դաշնակահարուհին հանդիպել է ծագումով հայ ուռուցքաբան Նորբերտ Ավետյանին, ով համաձայնել է նրա հետ, որ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան՝ աջ ձեռքի գործունակությունը պահպանելու համար: Բժիշկը նրան առաջարկել է քիմիական ու ճառագայթային բուժում, իսկ դրանց միջակայքում, բժշկի թույլտվությամբ, նա  ընդունել է հոմեոպատիկ պատրաստուկներ եւ փորձարկել է ոչ ավանդական բժշկության բոլոր հասանելի մեթոդները, որոնք օգնել են թեթեւացնելու բուժման կողմնակի ազդեցությունները: Բացի այդ, նա ստիպված է եղել շատ խիստ դիետայի հետեւել: Դաշնակահարուհու խոսքով,  ոչ ավանդական բժշկությունն օգնել է իրեն ավելի լավ զգալ եւ առավել  հեշտ տանել քիմիաթերապիան:

Այժմ Քեյ Սաոթոմեն ժամանակավոր թեթեւացման փուլում է. նրա ձեռքերը լիովին  գործում են, եւ նա կարող է նորմալ դաշնամուր նվագել:

«Ես երախտապարտ եմ իմ բժշկին, ոչ միայն նրա համար, որ նա բուժեց ինձ, այլ նաեւ այն բանի համար, որ նա հասկացավ իմ խնդիրն ու դրան հավուր պատշաճի ուշադրություն արժանացրեց»,- նշել է Սաթոմեն:

Նրա խոսքով, քաղցկեղի դեմ պայքարում ամենակարեւորն  այնպիսի բժիշկ գտնելն է, ով ոչ միայն լավ մարդ է, այլ նաեւ վստահություն եւ ապրելու ու պայքարելու ցանկություն կներշնչի:

«Եթե Դուք հանդիպել եք բժշկի, ում մոտ Ձեզ հարմար չեք զգում, ով չի կարողանում Ձեզ նորմալ լսել, եթե ձեր միջեւ վստահելի հարաբերություններ չկան, մի՛ ամաչեք, գնացեք ուրիշ բժշկի մոտ: Գտնել ճիշտ, հենց այդ բժշկին՝ շատ կարեւոր է»,- ասել է Քեյ  Սաոթոմեն:

Վերջերս նա ստացել է վերջին հետազոտությունների արդյունքները,  որոնք անհրաժեշտ էին նրա վիճակը գնահատելու համար. հետազոտությունները ցույց են տվել, որ նրա մոտ ամեն ինչ լավ է:

«Պատասխաններն ստանալով՝ ես մտածեցի, որ ինձ հետ կատարվածը իսկական հրաշք է: Ես ճապոնուհի եմ, ով ապրում ու աշխատում է Փարիզում, եւ ինձ փրկել է հայկական ծագումով փարիզցի բժիշկ: Ես մտածեցի, որ սահմաններ չկան ոչ միայն երաժշտության մեջ, այլ նաեւ բժշկության»,- ասել է դաշնակահարուհին:

Այդ ժամանակ նրա մոտ միտք էր ծագել՝ ունենալ երեք համերգ՝ Փարիզում, Տոկիոյում եւ Երեւանում:

Առաջին համերգը պետք է տեղի ունենար Փարիզում, բայց, պարզելով, որ իր բժիշկը եկել է Հայաստան՝ նոր կլինիկա բացելու, Քեյ Սաոթոմեն որոշել է ինքն էլ գալ եւ առաջին համերգն այստեղ ունենալ: Այդ համերգը կայացել է  հոկտեմբերի 20-ին: Հաջորդը կկայանա 2018-ին՝ Փարիզում, իսկ  Տոկիոյում՝ 2019-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել