• Latest news

Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս հակաբիոտիկներ չխմել, եթե հիվանդությունը կարող է ինքնուրույն անցնել

24 հոկտեմբերի, 2017  20:46

Հակաբիոտիկների համար դեղատոմսերի մինչեւ 20 տոկոսը նշանակվում է առանց անհրաժեշտության, համարում են Անգլիայի համաճարակաբանական ծառայության (Public Health England) մասնագետները։ Նրանք կոչ են անում հակաբիոտիկների փոխարեն հիվանդներին ավելի հաճախ նշանակել հանգիստ , քանի որ համապատասխան հիվանդություններն ինքնուրույն են անցնում։

Ընդ որում հիվանդները նույնպես պետք է իրենց ավանդը ներդնեն ինֆեկցիաների աճը կանխելու գործում, նշում են մասնագետները ու նախազգուշացնում՝ դեղորայքի չարաշահումը կարող է հանգեցնել հակաբիոտիկների հանդեպ միկրոօրգանիզմների կայունության զարգացմանը։

Մոտավոր գնահատականներով՝

  • Անգլիայում մոտ 5 հազար մարդ է տարեկան մահանում ինֆեկցիոն հիվանդություններից, որոնք կայուն են դեղորայքային ներգործության հանդեպ։
  • Աղիքային ցուպիկների ինֆեկցիաների 10 դեպքերից չորսը չեն ենթարկվում առաջին կարգի հակաբիոտիկների բուժմանը։
  • Մինչեւ 2050 թ․ դեղորայքի հանդեպ կայուն հիվանդություններից մահացության մակարդակը կգերազանցի քաղցկեղային հիվանդություններից մահացության մակարդակը։

Համաճարակաբանները հայտնում են, որ հակաբիոտիկների ընդունումը կենսականորեն անհրաժեշտ է սեպսիսի, թոքաբորբի, բակտերիալ մենինգիտի ու այլ ծանր ինֆեկցիաների դեպքում, բայց ավելի թեթեւ հիվանդությունների դեպքում հակաբիոտիկների օգուտը գրեթե աննկատ է։

Օրինակ հազը կամ բրոնխիտը կարող է անցնել երեք շաբաթվա ընթացքում, մինչդեռ հակաբիոտիկների ընդունումը կարող է այդ ընթացքն արագացնել ընդամենը մի քանի օրով։

«Տարածված հիվանդությունների բուժման համար հակաբիոտիկների դիմելու անհրաժեշտություն չկա,- BBC-ին պատմել է համաճարակաբանական ծառայության բժշկական մասի ղեկավար, պրոֆեսոր Փոլ Քոսֆորդը,- Մեծ մասը պարբերաբար հիվանդանում է ինչ–որ ինֆեկցիայով ու առողջանում իր սեփական իմունիտետի շնորհիվ»։ Ու հիվանդներն էլ, նրա կարծիքով, չպետք է բժշկից հենց հակաբիոտիկի դեղատոմս ակնկալեն։

Այն ինֆեկցիաների բուժման համար, որոնք օրգանիզմը կարող է ինքնուրույն հաղթահարել, հակաբիոտիկների փոխարեն անհրաժեշտ է․

  • Ավելի շատ հանգստանալ
  • Ընդունել ցավազրկող դեղամիջոցներ, օրինակ պարացետամոլ
  • Շատ հեղուկ խմել

«Բանն այն է, որ եթե դուք հակաբիոտիկներ եք ընդունում, երբ դրանք անհրաժեշտ չեն, ամենայն հավանականությամբ մոտակա ամիսներին դուք կվարակվեք ինֆեկցիայով, որը կայուն է դեղորայքի հանդեպ»,- նշել է նա։

 Անգլիայի համաճարակաբանական ծառայության ղեկավար Սալլի Դեւիսը ավելի վաղ նախազգուշացրել էր «հետհակաբիոտկային ապոկալիպիսիսի» սպառնալիքի մասին։

Եթե հակաբիոտիկները ունակ չեն հաղթահարել բակտերիաները՝ ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժման պրոցեսն է բարդանում, այլեւ հավելյալ ռիսկեր են հայտնվում ստանդարտ վիրահատությունների իրականացման ժամանակ՝ կեսարյան հատումից սկսած մինչեւ հակաուռուցքային թերապիա։

Պրոֆեսոր Նիլ Վուդֆորդը հայտնել է, որ ամենահզոր՝ օրինակ կարբապենեմների խմբի հակաբիոտիկների արդյունավետությունն արդեն սկսել է նվազել։

«2005-2007 թթ․ տարեկան դիտարկվում էր դրանց հանդեպ կայուն բակտերիաների երկուսից չորս դեպք, իսկ անցած տարի այդ հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաներ հայտնաբերվել են ավելի քան 2000 դեպքերում»,- նկատել է նա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել