• Latest news

Եվս մեկ անգամ Հայաստանում ու Վրաստանում ստենտավորման գների մասին. պարզաբանում է ինտերվենցիոն սրտաբանը

12 մարտի, 2018  19:31

Մինչեւ 2007-2008 թվականները հարեւան երկրներից սիրտ-անոթային պաթոլոգիաները բուժելու համար շատ էին գալիս Հայաստան: Հիմա այս հոսքը թուլացել է, նույնիսկ հակառակը՝ ստենտավորման համար Հայաստանից են Վրաստան մեկնում: Ինտերվենցիոն սրտաբան, «Էրեբունի» ԲԿ անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար Մերուժան Սաղաթելյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ Հայաստանում սրտաբանության մակարդակը շատ ավելի բարձր է, քան նույն Վրաստանում, եւ բարդ պաթոլոգիաները Հայաստանում ավելի արդյունավետ են բուժում:

Մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ 2002-2003 թվականներից Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների բուժումն իրականացվում է նույն մակարդակով, ինչ եվրոպական երկրներում: Այդ ժամանակ, մինչեւ 2007-2008 թվականները, Հայաստանում վիրահատություններ կատարելու համար հիվանդներ էին գալիս Ռուսաստանի հարավից, Աբխազիայից եւ նույն Վրաստանից: Այսօր Աբխազիայի եւ Ռուսաստանի հարավի հիվանդները կրկին մեզ մոտ են գալիս, սակայն Վրաստանում բժշկական տուրիզմը ուղղությունը թեքել է Իսրայելի եւ Թուրքիայի կողմը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ վերջին շրջանում Հայաստանից հիվանդները ստենտավորում կատարելու համար Վրաստան են մեկնում գնի շոշափելի տարբերության պատճառով, սրտաբանը նշեց, որ պարզ դեպքերում դա իրեն արդարացնում է, սակայն երբ խոսքը բարդ միջամտույունների մասին է, Հայաստանում այդ հարցում ավելի լավ են հասկանում:

Բժիշկը դժվարացավ պատասխանել, թե ինչու է Վրաստանում ստենտավորումն ավելի էժան: Նա նշեց, որ եթե Հայաստանում տարբեր բժշկական կենտրոններում գնային քաղաքականությունը գրեթե միանման է, ապա Վրաստանում ոչ ռեզիդենտների համար տարբեր հիվանդանոցներում կարող են ստենտավորման մի քանի անգամ տարբերվող գներ առաջարկել: Դրան հավելած, որ հիվանդները չգիտեն, թե իրենց ինչ ստենտներ են տեղադրում: Սրտաբանը ենթադրում է, որ Վրաստանում ստենտավորումը կարող է ավելի էժան արժենալ օգտագործվող ստենտների պատճառով (դրանք կարող են ոչ բրենդային լինել), ինչպես նաեւ հարեւան երկրներից հիվանդներին գրավելու խթանման պետության հատուկ քաղաքականության շնորհիվ:

Նա նաեւ հավելեց, որ կան պարզ եւ բարդ դեպքեր, եւ բարդ դեպքերում հիվանդանոցների նյութական ծախսերն ավելի մեծ են, սակայն այս ամենը միեւնույն անունն ունի՝ ստենտավորում: Նրա խոսքով՝ Վրաստանում մեխանիզմներ կան, որպեսզի այլ երկրներից եկածներին ցածր գնով պարզ միջամտույուններ կատարեն: Սակայն բժիշկները, որոնք կատարում են այդ վիրահատությունները, հետագայում վիրահատության ենթարկված եւ տուն մեկնած հիվանդների համար ոչ մի պատասխանատվություն չեն կրում:

«Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում օգտագործվում են համաշխարհային առաջատար ընկերությունների ստենտները, եւ այս տեղեկությունը հրապարակային է ու հասանելի հիվանդներին: Ու այս ամենը վերահսկվում է»,- հավաստիացրեց նա՝ հավելելով, որ այստեղ ոչ մի մեքենայություն չի կարող լինել:

Սակայն լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ արտադրողները կամ եվրոպական կլինիկաները էժան գներով ստենտներ են վաճառում, որոնց ժամկետն ավարտին է մոտենում: Կարելի է ենթադրել, որ հայկական կլինիկաները նույնպես կարող են ստենտների այդպիսի խմբաքանակներ ձեռք բերել, սակայն հիվանդի համար դա ոչ մի կերպ չի անդրադառնում ստենտի գնի վրա: NEWS.am Medicine-ի այս հարցին Մերուժան Սաղաթելյանը պատասխանեց, որ հիվանդը վճարում է ոչ թե ստենտի համար, այլ միջամտության: Այո, հավելեց նա, հիվանդանոցը կարող է ձեռք բերել տարբեր գներով ստենտների տարբեր խմբաքանակներ, սակայն այդ տարբերությունն այդքան էական չէ, որպեսզի ազդի միջամտության արժեքի վրա, որը միջինացված գներ ունի:

Նա հաստատեց, որ որոշ եվրոպական երկրներում իսկապես կա նման պրակտիկա՝ վաճառել չօգտագործված բժշկական պարագաները, որը նրանք պետությունից են ստանում, որն էլ կենտրոնացված գնում է իրականացնում: «Սակայն ֆիրմայից կամ եվրոպական կլինիկաներից, կամ Վրաստանում վաճառողներից ստենտներ գնելիս տարբերությունը կարող է կազմել ընդամենը 80 հազար դրամ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա չի կարող էապես ազդել ստենտավորման միջամտության գնի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել