Նախորդ պատերազմն ինձ համար չավարտված գործ էր, պետք էր շարունակել. բժիշկը՝ ապրիլյանի մասին (ֆոտո)

13 ապրիլի, 2018  18:47

Ապրիլի 2-ի առավոտյան հայրս Ստեփանակերտից զանգահարեց ու ասաց, որ պատերազմը սկսվել է: Կեսօրին արդեն մեկնեցի Ստեփանակերտ: Նախորդ պատերազմն ինձ համար չավարտված գործ էր, որը պետք էր շարունակել: Այսպես է հիշում 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերը «Շենգավիթ» ԲԿ–ի վնասվածքաբան–օրթոպեդ Աշոտ Ադամյանը:

«Առաջին գծում Արցախից գնացած բժիշկները շատ էին: Ես նպատակահարմար գտա մնալ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում՝ նեղ մասնագիտական վիրահատությունների համար»,- ասում է նա։

«Այս պատերազմը միայն քոնը չէ»

Ադրբեջանցիները Մարտունիում կրակել էին երեք երեխաների՝ դպրոց գնալու ճանապարհին: Նրանցից մեկը, ցավոք, մահացել էր, երկուսին տեղափոխել էին Ստեփանակերտի մանկական հիվանդանոց: Մինչեւ այսօր այդ տղաներն ամեն անգամ, երբ իրենց վիրահատող բժիշկ Աշոտ Ադամյանն Արցախ է գնում, գալիս են նրան տեսնելու:

«Ես բժշկի իմ աշխատանքը Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում եմ սկսել: Գիտեի, որ երեխաների վիրահատության համար անհրաժեշտ սարքավորումներ մանկական հիվանդանոցը չունի: Մի անուն եմ ուզում տալ, ում արածն ինձ համար շատ հուզիչ էր այդ պահին: Երեմ Ադամյան անունով մի մարդ կա, ով բժշկական սարքավորումներ է ներմուծում, շատ հիվանդանոցներ են աշխատում նրա ընկերության հետ: Դիմեցի Երեմին, որ իմ անձնական միջոցներով այդ սարքը գնեմ եւ ինձ հետ Արցախ տանեմ: Նույնիսկ ուզում էի նրան խնդրել, որ եթե գումարը չբավականացնի, մնացածը հետո տամ: Երեմը ոչ միայն այդ սարքավորումը, այլեւ ամբողջ լրակազմը նվիրեց Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցին: Ասաց՝ այս պատերազմը միայն քոնը չէ»,- պատմում է բժիշկը։

Երեխաներից մեկը փափուկ հյուսվածքների լուրջ վնասվածք ուներ, բայց ոսկորը վնասված չէր, իսկ մյուս երեխան, այդ ամենից բացի, նաեւ ոսկորի կոտրվածք ուներ, եւ Երեմի նվիրած սարքավորմամբ Աշոտ Ադամյանը կարողացավ ոտքի կանգնեցնել տղային:

Նոր պատերազմ, անծանոթ իրավիճակ

«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք միանգամից մեծ թվով վիրավորներ ունեցանք: Ադրբեջանը նոր տիպի զենք էր կիրառում, ինչի արդյունքում ունեինք կոմբինացված վնասվածքներ՝ ոչ միայն հրազենային, այլեւ այրվածքներ, այն էլ՝ բավական մեծ մակերեսով: Դա բարդացնում էր վիրավորների վիճակը, բուժման հարցերն էին բարդանում: Դեպքեր եղան, որ չկարողացանք փրկել վիրավորին: Հայաստանից շատ բժիշկներ էին եկել, այրվածքաբաններ, բայց եթե այրվածքի դաշտը շատ մեծ է, ապա ամբողջ աշխարհում է բժշկությունն անզոր»,- պատմում է բժիշկը։

Նրա խոսքով՝ այրվածքների բուժումը հատուկ պայմաններ է պահանջում, հատուկ մասնագետներ: Նման հիվանդները երկարատեւ, ամիսներով բուժում պիտի ստանան: «Մենք այրվածաբանության մասնագիտացված միայն մեկ կենտրոն ունենք՝ Երեւանում: Այդ պայմանները հոսպիտալներում չկային: Այս պատերազմից հետո, կարծում եմ, եզրակացություններ արվեցին»,- հավելում է բժիշկը։

Ռազմաբժշկական ծառայությունում վերափոխումներ են անհրաժեշտ

Ըստ Աշոտ Ադամյանի՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի հոսպիտալների տեխնիկական հագեցվածության մակարդակը բավարար չէր: Մանավանդ, որ պատերազմի ժամանակ խնդիրների 70-80 տոկոսը վնասվածքաբանական էին, իսկ այդ դեպքում լավ սարքավորումներ են պահանջվում: Հաջորդն այրվածքաբանական ծառայությունն է, որն անհրաժեշտ է ստեղծել եւ ուժեղացնել հոսպիտալներում: Նեղ մասնագետների թիմային աշխատանքը պետք է ուժեղացնել, քանի որ արդեն գործ ունենք կոմբինացված վնասվածքների հետ: Այդ դեպքում ապաքինման շանսերն ավելի մեծ կլինեն:

«Մեր խնդիրն է՝ պատրաստ լինել, իմանալ՝ ինչ է մեզ սպասվելու եւ համապատասխան միջոցներ ունենալ: Նախորդ պատերազմի փորձը, ցավոք, մոռացվել էր, որ հոսպիտալներին անհրաժեշտ է սա, սա, սա… Այդ փորձը ոչ պետականորեն, ոչ այլ կերպ չընդհանրացվեց նախորդ տարիների ընթացքում»,- ասում է բժիշկը։

Նոր սերունդը

«Ապրիլի 2-ին, երբ գնում էի, տղաս ասաց՝ ես էլ եմ գալիս: Նա Ղարաբաղում էր ծառայել՝ Փափռավանդում: Ասում էր՝ գնամ մեր զորամասը: Ասացի՝ սպասիր, ես գնամ, եթե քո կարիքը լինի, կկանչեմ: Ասաց՝ լավ, եղավ, ինչպես կասես: Իմ գնալուց մի քանի ժամ հետո կինս զանգեց, ասաց՝ տղադ ճանապարհին է»,- հիշում է Աշոտ Ադամյանը։

    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի