• Latest news

Թեստավորվել է տղամարդու հակաբեղմնավորման նոր մեթոդ

23 ապրիլի, 2018  18:18

Ամերիկացի գիտնականները տղամարդու ոչ հորմոնալ հակաբեղմնավորման նոր մեթոդը ստուգել են ռեզուս-մակակների վրա:

Plos One-ը հայտնում է, որ հակաբեղմնավորման նոր միջոցի թիրախը EPPIN (epididymal protease inhibitor) սպիտակուցն է, որը գտնվում է սերմնաբջջի մակերեւույթին: Սա սպտակուցներից մեկն է, որոնք կարգավորում են սերմնահեղուկի մածուցիկությունը եւ համապատասխանաբար՝ արական սեռական բջիջների շարժունակությունը, որն է մեծապես որոշում բեղմնավորման հավանականությունը («դանդաղաշարժ» սերմնաբջիջները հաճախ դառնում են տղամարդու անպտղության պատճառ):

Սպիտակուցն արդյունավետորեն արգելափակելու համար, գիտնականները փորձարկել են 1, 3, 5-տրիազինների մի քանի ածանցյալներ (այս նյութերը լայնորեն կիրառվում են քիմիայում, դրանց միացությունները մտնում են ներկանյութերի եւ պարարտանյութերի բաղադրության մեջ):

Արդյունքում EP055 միացությունն ունեցել է նյութի լուծելիության եւ օրգանիզմից կիսադուրսբերման ժամանակահատվածի լավագույն ցուցանիշները. սա անհրաժեշտ է, որպեսզի հակաբեղմնավորիչի ազդեցությունը շրջելի լինի:

Նյութի ներերակային ներարկում է կատարվել ռեզուս-մակակների 4 արուների: Մի քանի ժամ հետո սերմնաբջիջների շարժունակությունը զգալիորեն նվազել է (մարդկանց մոտ նման մակարդակը բեղմնավորելու համար անբավարար է համարվում):

Միան 3 օր հետո է սկսել շարժունակությունն աճել, իսկ ֆունկցիան ամբողջությամբ վերականգնվել է 18 օր հետո: Կենդանիների մոտ կողմնակի էֆեկտներ չեն նկատվել:

Հիմա հետազոտողներն աշխատում են հաբերի բանաձեւի վրա, որը կպարունակի EP055-ի անհրաժեշտ քանակություն, որից հետո նախատեսվում է փորձարկումների եւս մեկ շարք անցկացնել:

Գիտնականների խոսքով՝ սերմնաբջիջների դիտավորյալ դանդաղեցումը կօգնի հակաբեղմնավորիչներ ստեղծել, որոնք չեն ազդի օրգանիզմում հորմոնների հավասարակշռության վրա: Տղամարդկանց հակաբեղմնավորման միջոցների գոյություն ունեցող նախատիպերը մեծ թվով կողմնակի էֆեկտներ ունեն, օրինակ՝ տրամադրության անկումներ, մարմնի զանգվածի տատանումներ, դեպրեսիայի զարգացման վտանգի աճ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել