• Latest news

Արեւայրուքին եւ մաշկի քաղցկեղին հակվածությունը ընդհանուր գենետիկական ասոցիացիա ունի

9 մայիսի, 2018  20:45

Բրիտանացի հետազոտողները 10 նոր գենետիկ տարբերակներ են հայտնաբերել, որոնք ասոցացվում են մաշկի արեւահարման ունակության հետ: Վերլուծությունը կատարվել է եվրոպական ծագմամբ մասնակիցների մեծ ընտրությամբ: Հայտնաբերված լոկուսներից մեկի (AHR/AGR3) դեպքում նախկինում հաստատվել էր, որ կապ կա մելանոմայի զարգացման վտանգի հետ, սակայն պարզ չէր այս գենի դերը մելանոցիտների չարորակ փոխակերպման մեջ: Ինչպես պարզաբանում են Nature Communications-ում հրապարակված հոդվածի հեղինակները, նոր ասոցիացիաները կօգնեն պարզաբանել արեգակնային ճառագայթման ազդեցությամբ մաշկի քաղցկեղի զարգացման մեխանիզմները:

Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները՝ Մարիո Ֆալչիի ղեկավարությամբ, մեծ ընտրությամբ վերլուծել են սպիտակամորթ 176678 եվրոպացիների տվյալները եւ գտել 20 գենետիկական տարբերակներ, որոնք ասոցացվում են արեւայրուքի արդյունավետության հետ: Տվյալների մեծ մասը (121296 մարդ) վերցվել է տվյալների UK Biobank բրիտանական բազայից. այս ընտրությամբ գիտնականները կատարել են առաջնային վիճակագրական վերլուծություն, որի արդյունքները այնուհետեւ հաստատել են 50 հազար մարդու լրացուցիչ ընտրությամբ: Մասնակիցների արեւահարվելու ունակությունը պարզել են անկետավորման ճանապարհով: Ֆենոտիպային տվյալները համեմատել են ավելի քան 8 մլն գենետիկ պոլիմորֆիզմների հետ:

Հետազոտությամբ հայտնաբերված 20 տարբերակներից 10-ն արդեն հայտնի էին եւ կապված էին սինթեզի կենսաքիմիական ուղիների կամ մելանինի արտադրման կարգավորման հետ (BNC2, HERC2/OCA2, IRF4, MC1R, RALY/ASIP, SLC24A4, SLC45A2, TPCN2, TYR եւ TYRP1 գեները): 10 ասոցիացիաները նոր էին (AHR/AGR3, ATP11A, DCT, EMX2, KIAA0930, PA2G4P4, PDE4B, PPARGC1B, RIPK5 եւ TRPS1 գեները), սակայն պարզվել է, որ մելանինի սինթեզի վրա դրանց ազդեցության մեխանիզմը ակնհայտ էր միայն 5 դեպքում: Հայտնաբերված 20 լոկուսներից 8-ը նույնպես կապված էին քաղցկեղի զարգացման վտանգի հետ, մասնավորապես՝ մաշկի կարցինոմայի, որը Մեծ Բրիտանիայում քաղցկեղի առավել տարածված տեսակն է:

Լոկուսներից մեկը՝ AHR/AGR3-ը, նախկինում ասոցացվել է անհայտ մեխանիզմով չարորակ մելանոմայի զարգացման վտանգի հետ: Պարզվել է, որ արեւայրուքին հակվածությունը որոշվում է նույն պոլիմորֆիզմներով, եւ հավանաբար, մելանինի արտադրման նվազումը կապակցվում է մելանոցիտների չարորակ վերածնման վտանգի մեծացման հետ:

Այս հետազոտությունը, որը կարող է օգնել արեգակի ազդեցությանն ի պատասխան մաշկի քաղցկեղի զարգացման մեխանիզմների պարզաբանմանը, մի թերություն ունի՝ մասնակիցների ինքնուրույն պնդումները արեւայրուքի հանդեպ իրենց հակվածության վերաբերյալ: Ստացած արդյունքները հաստատելու համար հեղինակները ծրագրում են հետազոտությունը մասնակիորեն վերարտադրել այս ունակության ավելի հավաստի որոշմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է