• Latest news

Ռեստորաններում բարձր երաժշտությունը ստիպում է անառողջ սնունդ ընտրել

28 մայիսի, 2018  14:39

Սրճարաններում ու ռեստորաններում երաժշտության բարձրությունը կարող է ազդել նրա վրա, թե ինչ կերակրատեսակներ են պատվիրում այցելուները։ Որքան բարձր է ձայնային ուղեկցումը, այդքան շատ մարդ է ընտրում բարձր կալորիական ու համեմատաբար վնասակար կերարկատեսակներ՝ քաղցրավենիք ու կարմիր միս։ Շվեդիայի ու ԱՄՆ-ի գիտնականների աշխատանքը հրապարակվել է Journal of the Academy of Marketing Science ամսագրում։

Հետազոտողները փորձ են իրականացրել Ստոկհոլմի սրճարաններից մեկում։ Գիտնականները հարցում են իրականացրել սրճարանի աշխատողների շրջանում այն մասին, թե ֆոնային երաժշտության որ մակարդակն են նրանք առավել ընդունելի համարում։ Պարզվել է, որ հարմարավետ միջակայքը գտնվում է 50 ու 75 դեցիբելի միջեւ՝ առաջին ցուցանիշը հավասար է խոսակցության բարձրությանը, երկրորդը՝ լվացքի մեքենայի ամենաբարձր աղմուկին։

Մեկ շաբաթվա ընթացքում գիտնականները երկու փորձ են իրականացրել՝ չորեքշաբթի սրճարանում միացրել են 55 դեցիբել բարձրությամբ ֆոնային երաժշտություն, իսկ ուրբաթ՝ 70 դեցիբել։ Ընդ որում՝ սրճարանի աշխատողները միացրել են փոփ երգերից, ջազից ու բլյուզից բաղկացած նույն փլեյլիսթը։ Ճաշացանկի բոլոր կերակրատեսակները գիտնականները բաժանել են օգտակարի (աղցաններ ու հավով սենդվիչներ), վնասակարի (կարմիր մսով սենդվիչներ ու կարկանդակներ) ու չեզոք (թեյ ու սուրճ՝ առանց հավելումների)։ «Հանգիստ» օրը օգտակար կերակրատեսակներ է ընտրել այցելուների 32 տոկոսը, իսկ վնասակար՝ 42 տոկոսը, չեզոք ըմպելիքներ պատվիրել է 26 տոկոսը։ «Բարձր» օրվա ընթացքում օգտակար սնունդ պատվիրել է մարդկանց 25 տոկոսը, վնասակար՝ 52 տոկոսը, իսկ ըմպելիքներով սահմանափակվել է ընդամենը 23 տոկոսը։

Հետո գիտնականները իրականացրել են հոգեբանական լաբորատոր փորձ, որից առաջ մասնակիցների երկու խմբերի համար միացրել են դասական երաժշտություն՝ 50 եւ 70 դեցիբել բարձրության, իսկ երրորդ (ստուգիչ) խումբը սպասել է փորձին լռության մեջ։ Կամավորների շրջանում «շեղող» հարցում են անցկացրել իրենց ուսման մասին, հետո նրանց հարցրել են, թե ինչ կերակրատեսակ կցանկանային ուտել հենց հիմա՝ մրգային աղցա՞ն, թե՞ մեկ կտոր շոկոլադե տորթ։ Այն խմբում, որը լսում էր հանգիստ երաժշտություն, մրգեր ընտրել է 86 տոկոսը, իսկ «բարձր» խմբում՝ ընդամենը 56 տոկոսը։

Հետաքրքիր է, որ այն մարդիկ, որոնք սպասել էին փորձին լռության մեջ, հավասար խմբերի են բաժանվել։ Աշխատանքի հեղինակները համարում են, որ հանգիստ ֆոնային երաժշտությունը լիցքաթափող ազդեցություն ունի՝ օգնելով ընտրել ավելի առողջ սնունդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է