• Latest news

Հայաստանում Ալցհեյմերի հիվանդության խնդրին ուշադրություն չի հատկացվում. պրոֆեսոր Աղաջանով

12 նոյեմբերի, 2018  17:32

Հայաստանում Ալցհեյմերի հիվանդության խնդրին ուշադրություն չի հատկացվում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսոր, ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիայի ղեկավար Միխայիլ Աղաջանովը:

Նա նշեց, որ Ալցհեյմերի հիվանդության տարածվածության խնդիրն արդիական է բոլոր երկրների համար՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակից: «Հայաստանում այս խնդիրն ուսումնասիրված չէ, ուստի քանի դեռ այն անկառավարելի չի դարձել, փորձում ենք դրա վրա գրավել հանրության, առողջապահական մարմինների, երկրի ղեկավարության ուշադրությունը»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ Ալցհեյմերի հիվանդությունը հայտնվել է շատ զարգացած երկրների ուշադրության կենտրոնում: «Նրանք հասկանում են, որ որքան ուշացնեն, այնքան ծանր կլինի ֆինանսական բեռը, որն այս հիվանդության հետ կապված ընկնում է  պետության վրա: Այսօրվա դրությամբ՝ Ալցհեյմերի հիվանդությամբ պայմանավորված համաշխարհային մասշտաբով ծախսերը կազմում են մոտ տրիլիոն դոլար, եւ այս թիվը շարունակում է աճել (այնպես, ինչպես եւ հիվանդների թիվը)»,- տեղեկացրեց նա:

Աղաջանովն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ Հայաստանում Ալցհեյմերի հիվանդության տարածվածության վերաբերյալ վիճակագրություն չկա: «Աշխարհում յուրաքանչյուր երեք վայրկյանը մեկ գրանցվում է Ալցհեյմերի հիվանդության մեկ դեպք: Սա նշանակում է, որ Հայաստանում եւս այս հիվանդների թիվն աճում է»,- ասաց պրոֆեսորը:

Մոտավոր տվյալներով՝ աշխարհի բնակչության 0.5-1 տոկոսը Ալցհեյմերի հիվանդությամբ է տառապում, ընդ որում՝ այս ցուցանիշն ավելի բարձր է բնակչության մտավոր զարգացման ցածր մակարդակով երկրներում:

«Այն, որ Հայաստանում այս հիվանդությանն ընդհանրապես ուշադրություն չի հատկացվում՝ կարող է կապված լինել այս խնդրի լրջության մասին մեր ղեկավարության անբավարար տեղեկացվածությամբ: Համենայնդեպս, մեր փորձերը դեռեւս չեն հանգեցրել նրան, որպեսզի այս հարցով սկսեն լուրջ զբաղվել: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում, պետական մարմինների ղեկավարությամբ, իրականացվեն Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի, ինչպես նաեւ հիվանդների օգնության ծրագրեր»,- նշեց Աղաջանովը:

«Հայաստանում այս հիվանդների ակտիվորեն հայտնաբերման աշխատանք չի իրականացվում, իսկ նրանք մեզ մոտ քիչ չեն: Ընտանեկան բժիշկները, իրենց աշխատանքի բերումով, պետք է ներգրավվեն այս գործընթացի մեջ»,- ասաց նա:

Պրոֆեսորը նշեց նաեւ Հայաստանում բժիշկներին դիմելու ցածր ցուցանիշի մասին, ինչը կապված է Ալցհեյմերի հիվանդության մասին բնակչության անբավարար իրազեկվածության հետ: Մինչդեռ, հատկապես վաղ դիմելը կարեւոր դերակատարում ունի բուժօգնության հետագա արդյունավետության համար:

Խոսելով այս հիվանդության կանխարգելման մասին՝ Աղաջանովը նշեց միջերկրածովյան սննդակարգի դրական դերակատարման մասին՝ բուսական մթերքների, բուսական յուղի, ձկնեղենի մեծ քանակություն, սննդակարգից մսի եւ յուղոտ կերակուրի բացառում:

Ցանկացած տարիքում առողջության վրա բարերար է ազդում ֆիզիկական ակտիվությունը: «Տարեցներին խորհուրդ է տրվում նաեւ լեզուներ ուսումնասիրել, շախմատ խաղալ: Որքան մեծ թվով նյարդային բջիջներ են ակտիվ վիճակում, այնքան նրանց մեծ տոկոսն ավելի ակտիվ կլինի Ալցհեյմերի հիվանդությամբ ախտահարվելու դեպքում»,- նշեց Աղաջանովը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել