• Latest news

Ո՞րն է էլեկտրաէպիլյացիայի առավելությունը. ներկայացնում է կոսմետոլոգը

16 նոյեմբերի, 2018  18:05

Ամբողջ աշխարհում ամենապահանջված կոսմետիկական միջամտություններից մեկը դեմքի եւ մարմնի մազերի հեռացումն է: Գոյություն ունեն անցանկալի մազերից ազատվելու մի քանի մոթոդներ, որոնք կա՛մ ժամանակավոր (օրինակ՝ մոմով կամ էլեկտրաէպիլյատորով հեռացումը), կա՛մ երկարաժամկետ արդյունք են ունենում:

Գեղեցկության սրահները խոստանում են անցանկալի մազերից ազատել լազերային էպիլյացիայի, ֆոտոէպիլյացիայի կամ էլեկտրաէպիլյացիայի միջոցով:

Այնուամենայնիվ, ո՞ր մեթոդն է առավել արդյունավետ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմում է կոսմետոլոգ Աննա Մանուկյանը:

Նրա խոսքով՝ էլեկտրաէպիլյացիան հակացուցումներ եւ կողմնակի էֆեկտներ չունի: «Էլեկտրաէպիլյացիայի ժամանակ 9 վոլտ լարման էլեկտրական հոսանքի միկրոլիցքերի օգնությամբ այրվում է մազարմատը: Բարակ ասեղի միջոցով հոսանքի իմպուլսը հաղորդվում է անմիջապես մազապարկին՝ այն աստիճանաբար քայքայելով: Մազերը «սպանելու» համար անհրաժեշտ է կոնկրետ մազապարկի վրա ներգործել 3-5 անգամ»,- հայտնեց Մանուկյանը:

Սակայն էլեկտրաէպիլյացիայի միջոցով մազերի հեռացումը ավելի աշխատատար գործընթաց է, քանի որ կոսմետոլոգը մազերը մեկ-մեկ է հեռացնում: Բացի դրանից, միջամտությունը բավականին ցավոտ է, եւ մի քանի օր կարող է մաշկի վրա կարմրություն մնալ:

«Սակայն այսօր կան արդյունավետ ցավազրկող միջոցներ, որոնք կոսմետոլոգը կարող է հաճախորդին խորհուրդ տալ: Մաշկային ծածկույթի կարմրությունը վերացնելուն կօգնեն տարբեր հականեխիչ միջոցները»,- նշեց Մանուկյանը:

Լազերային էպիլյացիան եւ ֆոտոէպիլյացիան այնպիսի ժամանակահատված չեն պահանջում, ինչպես էլեկտրաէպիլյացիան, քանի որ այս միջամտությունների ժամանակ ազդեցություն է գործվում միաժամանակ մի քանի մազերի վրա: Մասնագետն ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ լազերային եւ ֆոտոէպիլյացիայի դեպքում որոշակի հակացուցումներ կան, ինչի մասին անբարեխիղճ կոսմետիկայի սրահները կարող են լռել: Խոսքն, օրինակ, մաշկի որոշ հիվանդությունների եւ չարորակ ուռուցքների մասին է:

«Սրա հետ կապված՝ լազերային եւ ֆոտոէպիլյացիայից առաջ անհրաժեշտ է պարտադիր բժշկի հետ խորհրդակցել»,- շեշտեց կոսմետոլոգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել