Ռադիոհաճախական աբլյացիա. Հեղափոխական միջամտությունն արդյունավետորեն «ոչնչացնում» է լյարդի եւ թոքերի քաղցկեղային ուռուցքները (ֆոտո)

2 դեկտեմբերի, 2018  14:56

Լյարդի նույնիսկ փոքր ուռուցքի վիրաբուժական հեռացման համար սովորաբար մասշտաբային վիրահատություն է անցկացվում, որը երկարատեւ վերականգնում է պահանջում եւ որից հետո մաշկի վրա մեծ սպի է մնում: Հայաստանում, սակայն, արդեն հասանելի է լյարդի եւ մի շարք այլ օրգանների ոչ մեծ ուռուցքների հեռացման նաեւ այլ մեթոդ. օրգանում ուռուցքը կարելի է «ոչնչացնել» ռադիոհաճախական աբլյացիայի միջոցով՝ մաշկի վրա մեծ կտրվածքներ չկատարելով եւ սպիներ չթողնելով: Հիվանդները նման միջամտությունն առավել հեշտ են հաղթահարում, քան բաց վիրահատությունները, բարդությունների հազվադեպ են բախվում եւ իրենց առօրյա կյանքին ավելի արագ են վերադառնում:

Wigmore Clinic-ի ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության ղեկավար Արամայիս Գալումյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց այս միջամտության մասին, եւ թե որ դեպքերում է այն առավել արդյունավետ:

Ռադիոհաճախական աբլյացիան չարորակ նորագոյացության վրա տեղային ներգործության մեթոդ է: Միջամտության էությունը պարզ է. ՈւՁՀ կամ ՀՏ վերահսկմամբ ուռուցքի մեջ է մտցվում հատուկ ասեղային էլեկտրոդ, որի միջոցով մասնագետը ուռուցքի հյուսվածքների վրա ազդում է ռադիոհաճախական ալիքներով, որոնք ուռուցքի բջիջներում սպիտակուցները ոչնչացնում են, ինչի հետեւանքով ուռուցքը «մահանում» է: Ուռուցքի հետ միասին, որպես կանոն, ոչնչացնում են նաեւ շրջապատող հյուսվածքների մի քանի միլիմետր, որպեսզի օրգանում ուռուցքային բջիջներ չմնան: Ընդ որում՝ օրգանի առողջ հյուսվածքները չեն վնասվում:

Միջամտությունից հետո կրկին կատարում են հիվանդի ՈւՁՀ կամ ՀՏ հետազոտություն՝ համոզվելու համար, որ ամբողջ ուռուցքը ոչնչացվել է: Անհրաժեշտության դեպքում միջամտությունը կարելի է կրկնել:

Բժիշկ Գալումյանը նշեց, որ ռադիոհաճախական աբլյացիայի միջոցով հնարավոր է արդյունավետորեն ոչնչացնել 4 սանտիմետրից փոքր չափերի ուռուցքները եւ մեկ օրգանում 4-ից ոչ ավելի քանակությամբ: Եթե ուռուցքներն ավելի շատ են կամ դրանք ավելի խոշոր են, այս մեթոդը, հավանաբար, արդյունավետ չի լինի, եւ հիվանդը վիրաբուժական միջամտության կարիք կունենա՝ բաց կամ լապարոսկոպիկ, կախված ուռուցքի դիրքից:

Մասնագետի խոսքով՝ ռադիոհաճախական աբլյացիան շատ արդյունավետ է լյարդի առաջնային հեպատոցելյուլյար քաղցկեղի, խոլանգիոցելյուլյար քաղցկեղի, լյարդի մետաստատիկ ախտահարումների դեպքում, ինչպես նաեւ թոքերի, երիկամների եւ կրծքագեղձի քաղցկեղի որոշ տարատեսակների դեպքում:

Քանի որ ռադիոհաճախական աբլյացիան քիչ ինվազիվ է, դրանից հետո բարդություններ գործնականում չեն լինում, եւ հիվանդը հիվանդանոցում ընդամենը մեկ օր անցկացնելուց հետո տուն է վերադառնում: Որոշ դեպքերում միջամտությունն անգամ ամբուլատոր պայմաններում է կատարվում, եւ հիվանդը նույն օրը տուն է գնում:

Ռադիոհաճախական աբլյացիան զարգացած երկրներում կիրառվում է արդեն մոտ 20 տարի: Արամայիս Գալումյանը Հայաստանում այս վիրահատությունն անցկացնում է արդեն ավելի քան 3 տարի, իսկ 2018 թվականից Wigmore Clinic-ում նա ղեկավարում է ինտերվենցիոն ռադիոլոգիայի մասնագիտացված ծառայությունը: Երեք տարվա ընթացքում այս միջամտությանն է ենթարկվել լյարդում, թոքերում եւ երիկամներում նորագոյացություններ ունեցող մի քանի տասնյակ մարդ: Այսօրվա դրությամբ նրանք բոլորն իրենց լավ են զգում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի