• Latest news

Շատերը չէին էլ մտածում, որ հիվանդ են. «Առողջ կյանքի իմ քայլը» ծրագիրն օգնում է հայերի մոտ հայտնաբերել դիաբետն ու հիպերտոնիան

20 մարտի, 2019  16:35

Իրենց առողջ համարող շատ մարդիկ իրականում շաքարային դիաբետ եւ/կամ հիպերտոնիա ունեն։ «Առողջ կյանքի իմ քայլը» ծրագիրը, որը մեկնարկել է Արարատի եւ Արմավիրի մարզերում մեկ ամիս առաջ, մեկ անգամ եւս հաստատեց սա։ Այս մասին լրագրողներին պատմել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը եւ նույն կենտրոնի ներհիվանդանոցային վարակների եւ ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։

Ծրագրի շրջանակում մարզային պոլիկլինիկաների թերապեւտները եւ ընտանեկան բժիշկներն այցելել են իրենց պացիենտներին տանը եւ ստուգել նրանց արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը, չափել զարկերակային ճնշումը եւ զննել վերջույթները՝ երակների խնդիրներ հայտնաբերելու նպատակով։

Մեկ ամսում մասնագետները հասցրել են հետազոտել 3762 պացիենտի։ Նրանցից 963-ի մոտ գտել են երակների քրոնիկական հիվանդություններ (վարիկոզ լայնացումներ), 954-ի մոտ՝ հիպերտոնիա (ընդ որում՝ ոմանց մոտ ճնշումը բարձր է եղել 200/150-ից), 319-ի մոտ՝ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ (ոմանց մոտ՝ նախադիաբետ, մյուսների մոտ՝ արդեն լիարժեք շաքարային դիաբետ)։

Հետաքրքիր է, որ այս մարդկանցից շատերը բժշկի հետ խոսելիս ասել են, որ իրենց միանգամայն առողջ են համարում։ Բայց բժիշկները նրանց մոտ թվարկվածներից առնվազն մեկ հիվանդություն են գտել, իսկ ոմանց մոտ՝ անգամ բոլոր երեքը միասին։

Ինչպես նշել են մասնագետները, ծրագրի մասնակիցների մեծ մասը, իմանալով, որ դիաբետ ունի, հիպերտոնիա եւ երակների լայնացում, միանգամայն համարժեք է արձագանքել դրան եւ համաձայնել գնալ պոլիկլինիկա՝ հետագա բուժզննման եւ բուժման համար։ Ամբուլատոր բուժում պոլիկլինիկայում եւ շատ դեղամիջոցներ նրանք կարող են ստանալ անվճար։

«Առողջ կյանքի իմ քայլը» ծրագիրը, ինչպես նշեցին մասնագետները, նախատեսվում է ընդլայնել. ոչ հեռու ապագայում այն պատրաստվում են սկսել նաեւ Վանաձորում, այնուհետեւ՝ երկրի այլ շրջաններում։

Ինչպես նշեց Դավիթ Պետրոսյանը, այս ծրագիրը թույլ կտա ի հայտ բերել իրենց առողջ համարող մարդկանց վտանգավոր քրոնիկական հիվանդությունները, որոնք բարձրացնում են սրտի եւ ուղեղի կաթվածների վտանգը, որոնք այսօրվա դրությամբ համարվում են մահացության եւ հաշմանդամության գլխավոր պատճառները Հայաստանում։ Եթե հիպերտոնիա եւ դիաբետ ունեցող մարդկանց մեծ մասը հայտնաբերվի եւ բուժում ստանա, դա կարող է էապես նվազեցնել այդ հիվանդություններից մահացությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է