• Latest news

«Պատվաստանյութերն իրենք իրենց դեմ խաղացին». ինչպե՞ս պատվաստանյութերի արդյունավետությունը բերեց նրան, որ մարդիկ սկսեցին դրանցից հրաժարվել

28 սեպտեմբերի, 2019  15:47

Աշխարհի մի շարք զարգացած երկրներում պատվաստումներից հրաժարման, ինչպես նաեւ հակապատվաստումային շարժման պատճառ կարող է լինել… պատվաստանյութերի արդյունավետությունը: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Վորլդ Վիժն (World Vision) կազմակերպության փորձագետ Կարինե Աբելյանը, «պատվաստանյութերն իրենք իրենց դեմ խաղացին». քանի որ մարդիկ իրենց շրջապատում այլեւս չեն տեսնում բնական ջրծաղիկով կամ դիֆթերիայով վարակված մարդկանց, նրանք չեն հասկանում՝ ինչ լուրջ դեր են խաղում այդ հիվանդությունների կանխարգելման գործում պատվաստանյութերը:

«Ժամանակակից մարդն իր շրջապատում չի տեսնում բնական ծաղիկով վարակված մարդկանց, նորություններում չի կարդում այն մասին, որ մոտակայքում դիֆթերիայից երեխա է մահացել: Այսօր ոչ ոք չի տեսնում պոլիոմելիտի պատճառով հաշմանդամ դարձած երեխաների: Այդ պատճառով մարդիկ սկսում են մոռանալ, թե ինչ վտանգավոր հիվանդություններ են դրանք եւ ինչ դեր են խաղացել դրանց դեմ պայքարում պատվաստումները: Եվ հենց այդ պատճառով մարդիկ սկսում են մտածել՝ արդյոք իմաստ ունի երեխային պատվաստելը: Նրանք չեն հասկանում, որ եթե պատվաստման ծածկույթը նվազի, դա կարող է այդ գրեթե մոռացված հիվանդությունների բռնկման հանգեցնել», - ասաց մասնագետը:

Նման դեպքեր են տեղի ունեցել մի շարք երկրներում. մարդիկ սկսել են հրաժարվել կարմրուկի դեմ պատվաստումից, ինչի հետեւանքով այդ հիվանդության բռնկումներ են գրանցվել:

ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 2019-ի առաջին 3 ամիսների ընթացքում աշխարհում կարմրուկով հիվանդների թիվն աճել է ավելի քան 300 տոկոսով: Այսօրվա դրությամբ կարմրուկի բռնկումներ են գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մադագասկարում, Մյանմայում, Ֆիլիպիններում, Սուդանում, Թաիլանդում եւ Ուկրաինայում: Ընթացիկ տարվա առաջին 3 ամիսների ընթացքում տեղեկություն է ստացվել 170 երկրներում ավելի քան 112 163 դեպքերի մասին, այն դեպքում, երբ 2018-ի նույն ժամանակահատվածում 163 երկրներում 28 124 դեպք է գրանցվել: Կարմրուկի պատճառով մահվան դեպքերը եւս քիչ չեն, հատկապես՝ փոքր երեխաների շրջանում: 

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում այսօր կարմրուկի բռնկման ռիսկ, հավանաբար, չկա: Թեեւ երբեմն այդ հիվանդության այսպես կոչված «բերովի» դեպքեր են գրանցվում, երեխաների մեծ մասն այստեղ դեռեւս պատվաստված է, այդ պատճառով բավականին ցածր է հավանականությունը, որ երկիր այցելողի մոտ առկա վիրուսը կարող է տարածվել այստեղ: Սակայն եթե ավելանա այն մարդկանց թիվը, որոնք չեն պատվաստում իրենց երեխաներին, դա կարող է կարմրուկի եւ այլ հիվանդությունների բռնկման ու դրանցից բխող խնդիրների հանգեցնել: 

«Ավելի լավ կլինի, եթե երեխան պատվաստման միջոցով հիվանդության նկատմամբ իմունիտետ ձեռք բերի, քան վարակվի այդ հիվանդություններով», - նշեց փորձագետը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել