Ինտերլեյկին 33 սպիտակուցը իմունային համակարգի կարեւոր բաղադրիչ է: Այն յուրօրինակ ազդանշան է, որը իմունային բջիջները գրավում է վարակի ներթափանցման վայր: Սակայն դրա չափից դուրս արտադրումը կապ ունի աուտոիմուն այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսին են՝ էկզեմա, ասթմա եւ ալերգիա:
Հետազոտողների միջազգային թիմը 10 տարի է նվիրել միացության որոնմանը, որը կզսպի ինտերլեյկին 33-ի ակտիվությունը: Արդյունքում ստեղծվել է փորձարարական դեղամիջոց՝ էտոկիմաբ, հաղորդում է Hightech+-ը:
Կլինիկական փորձարկումների վաղ փուլում էտոկիմաբը փորձարկել են 12 պացիենտի վրա, որոնք ունեցել են միջին եւ ծանր աստիճանի ատոպիկ մաշկաբորբ:
Բոլոր մասնակիցներին դեղամիջոցի ներերակային մեկանգամյա ներարկումից 4 շաբաթ անց նկատվել է առնվազն 50 տոկոսով ախտանիշների նվազեցում:
Էտոկիմաբի ընդունումից մի քանի օր անց հետազոտողները մասնակիցներին ներարկել են ենթամաշկային ալերգեն, որպեսզի ուսումնասիրեն բորբոքային արձագանքը: Փորձը ցույց է տվել, որ դեղամիջոցն իսկապես ճնշում է իմունային ակտիվությունը:
Այժմ ստացված արդյունքները պետք է հաստատվեն ավելի մասշտաբային եւ պլացեբո-վերահսկող հետազոտության ընթացքում: Բացի այդ, էտոկիմաբը փորձարկվում է որպես այլ աուտոիմուն հիվանդության՝ էոզինոֆիլային ասթմայի դեմ պայքարի միջոց:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր