• Latest news

Կարո՞ղ է արդյոք COVID-19-ը դիաբետ առաջացնել

3 ապրիլի, 2021  19:36

COVID-19-ից ապաքինված որոշ պացիենտների մոտ դիաբետ է զարգացել կա՛մ հիվանդության ժամանակ, կա՛մ ապաքինվելուց հետո: Սա նշել են հետազոտողներից շատերը, եւ դա, հավանաբար, պաշտոնապես կճանաչվի կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր հետեւանքներից մեկը:

Times of India-ի տեղեկություններով՝ COVID-19-ից ապաքինված ավելի քան 3700 պացիենտների մասնակցությամբ 8 հետազոտություններում դիաբետ է հայտնաբերվել 14 տոկոսի մոտ: Մեծ Բրիտանիայում եւ Չինաստանհում այս խնդրի վերաբերյալ առանձին անցկացված հետազոտությունները եւս կապ են նշել COVID-19-ի եւ դիաբետի միջեւ:

Կարո՞ղ է արդյոք ապաքինվելուց հետո կորոնավիրուսը դիաբետ առաջացնել:

Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք դիաբետը COVID-19-ի հետեւանք է: Գիտնականները, սակայն, հնարավոր են համարում, որ SARS-COV-2 վիրուսը միանգամայն ունակ է ախտահարելու ենթաստամոքսային գեղձը, առաջացնելու ինսուլինի եւ գլյուկոզայի նյութափոխանակության խանգարում, որը տանում է դիաբետի առաջացման:

Այն, թե ինչպես է վիրուսը վնասում ենթաստամոքսային գեղձը, կախված է նրանից, թե ինչպես է նա փոխազդում ACE2 ռեցեպտորների հետ, ասում են հետազոտողները: Որքան ինտենսիվ է տեղի ունենում դրանց զուգակցումը, այնքան մեծ է վտանգը, որ մեծ թվով վիրուսային մասնիկներ կմտնեն օրգանիզմ եւ կախտահարեն կենսական օրգանները, ներառյալ ենթաստամոքսային գեղձը:

Կորոնավիրուսի վարակից հետո դիաբետի առաջացման եւս մեկ սցենար է ցիտոկինային փոթորիկը: Այս վիճակը հայտնի է որպես վիրուսային վարակի վտանգավոր բարդություն՝ իմունային համակարգը սկսում է արտադրել ցիտոկինի բորբոքային բաղադրիչներ, որոնք հարձակվում են կենսական հյուսվածքների եւ օրգանների վրա: Այս վիճակի հետեւանք կարող է դառնալ ինսուլինի եւ գլյուկոզայի նորմալ մակարդակի արտադրության խախտումը:

Բացի այդ, կա վարկած, որը ենթադրում է, որ կորոնավիրուսը վնասում է բջջային թաղանթները, ներառյալ՝ աղիները, եւ դա նույնպես կարող է խաթարել գլյուկոզան կարգավորելու եւ քայքայելու օրգանների ունակությունը: Վերջապես, պետք է հաշվի առնել, որ COVID-19-ի բուժման համար օգտագործվող շատ դեղեր փորձնական են կիրառվում: Դրանցից որոշները, օրինակ՝ ստերոիդային դեղամիջոցները, կարող են հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման:

Այսպիսով, չի կարելի բացառել, որ COVID-19-ը ապաքինված պացիենտների մոտ իսկապես կարող է եւ՛ 1-ին, եւ՛ 2-րդ տիպի դիաբետ առաջացնել, չնայած ակնկալվում է, որ գիտնականներն այս հարցի վերաբերյալ լրացուցիչ կլինիկական ապացույցներ կստանան: Ամեն դեպքում, կարեւոր է հետեւել վաղ նշաններին եւ ժամանակին դիմել օգնության:

Ստորեւ՝ նախազգուշացնող ախտանիշներից մի քանիսը.

  • հոգնածություն,
  • սաստիկ քաղց,
  • սաստիկ ծարավ,
  • մշուշոտ տեսողություն,
  • կտրվածքներից, սալջարդերից եւ վնասվածքներից հետո մաշկի դանդաղ առողջացում եւ վերականգնում,
  • հաճախակի միզարձակում,
  • ծակծկոցի կամ ընդարմացման զգացում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել