• Latest news

Ինչու՞ ջրածնի պերօքսիդ խմելը եւ ներերակային ներարկումը պատվաստանյութերից «պաշտպանվելու» համար վատ գաղափար է

16 սեպտեմբերի, 2021  15:41

Սոցցանցերի հայկական հատվածում այսօր ակտիվորեն տարածվում են գրառումներ՝ ջրածնի պերօքսիդի խմելու կամ ներերակային ներարկման վերաբերյալ խորհուրդներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի «վնասը չեզոքացնելու» համար: Դատելով այդ գրառումների տակ եղած «հավանումների» քանակից եւ այն հարցերից, թե կոնկրետ ինչպես պետք է խմել կամ ներարկել, ոչ բոլորն են հասկանում, որ այս խորհուրդներին հետեւելը վատ գաղափար է:

Խմե՞լ, թե՞ չխմել

Ջրածնի պերօքսիդը կարող է օգտագործվել մաշկի փոքր վերքերի բուժման համար (չնայած փորձագետներն արդեն սկսել են հրաժարվել նույնիսկ այս օգտագործումից): Այս նյութը նախատեսված չէ խմելու համար:

Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ պերօքսիդը կարող է վնասել ստամոքսը, ուստի չպետք է խմել այն:

«Հնարավոր է, սպառնալիք կյանքի համար չլինի, բայց ո՞րն է պերօքսիդ խմելու եւ ստամոքսի լորձաթաղանթը վնասելու իմաստը»,-հարց ուղղեց բժիշկը։   

Չի կարելի ինչ պատահի ներերակային ներարկել  

Պերօքսիդի ներերակային ներարկումը, ըստ մասնագետի, կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը:

Նախ, մի մոռացեք, որ ներերակային ներարկման համար նախատեսված դեղերը գտնվում են հատուկ ստերիլ ամպուլներում, եւ դրանց հետ աշխատելու կանոններ կան։ Ջրածնի պերօքսիդը վաճառվում է ամենասովորական շշերով։ Եվ երբ այն մտնում է արյան մեջ, կարող է վարակել այն:

Երկրորդ հերթին, ջրածնի պերօքսիդը ակտիվ նյութ է, որը կարող է վնասել արյան բջիջները, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել մի շարք վտանգավոր հետեւանքների:   

«Նույն հաջողությամբ ինչ-որ մեկը կարող է առաջարկել ներերակային ներարկել աղաթթու։ Բնականաբար, չենք փորձելու դա՝ տեսնելու, թե ինչ կլինի։ Չի կարելի է ինչ պատահի ներերարակային ներարկել։ Սա կարող է հանգեցնել շատ լուրջ հետեւանքների: Ես խորհուրդ չեմ տալիս նման հիմար փորձեր անել սեփական օրգանիզմի վրա»,-ասաց բժիշկը։

Արդյո՞ք իմաստ ունի այս ամենը

 Նույնիսկ եթե անվտանգ է խմել կամ ներարկել պերօքսիդը, ապա այդ գործողություններն անիմաստ են․ այդ նյութը բացարձակ ոչ մի կերպ չի ազդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա եւ չի «չեզոքացնում» այն։

Սամվել Հայրումյանը նշեց, որ չկան քիմիական կամ կենսաբանական մեխանիզմներ, որոնց միջոցով պերօքսիդը կարող է ազդել ներարկված պատվաստանյութի վրա:

Սովորաբար պատվաստանյութը պարունակում է վիրուսի մասնիկ կամ ոչ ակտիվ վիրուս, որը ներարկվում է օրգանիզմում, եւ դրան ի պատասխան մարմինը արտադրում է հակամարմիններ՝ վիրուսի դեմ պայքարելու համար: Ի՞նչ կարող է անել ջրածնի պերօքսիդը։ Ջրածնի պերօքսիդի առկայությունը մարդու ստամոքսում կամ երակներում ոչ մի կերպ չի կարող ազդել այդ մեխանիզմի վրա, եւ միայն կարող է մարդուն ռիսկի ենթարկել։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել