• Latest news

Ի՞նչ հիվանդությունների են ենթակա քաղցկեղը հաղթահարած մարդիկ

1 հուլիսի, 2022  16:42

Եթե ​​դուք հաղթահարել եք քաղցկեղը, կարող եք հետագայում սրտի հետ կապված խնդիրներ ունենալ, ասվում է Journal of the American College of Cardiology-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտողները պարզել են, որ, այլ մարդկանց համեմատած, քաղցկեղը հաղթահարածների մոտ 42 տոկոսով ավելի բարձր է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է քաղցկեղի բուժման արդյունքում ստացված վնասվածքներով:

«Քիմիաթերապիայի դեղամիջոցներ կան, որոնք կարող են վնասել սիրտը, իսկ կրծքավանդակի ճառագայթումը կարող է ազդել նաեւ սրտի վրա»,- ասում է Բալթիմորի Ջոնս Հոփքինս բժշկական կենտրոնի սրտային ուռուցքաբանության տնօրեն դոկտոր Ռոբերտա Ֆլորիդոն: «Ուստի հնարավոր է, որ այս բուժումները երկարաժամկետ հեռանկարում մեծացնեն սրտանոթային հիվանդությունների ռիսկը»:

Հատկապես բարձր էր քաղցկեղից հետո սրտի անբավարարության ռիսկը՝ 52 տոկոս: 22 տոկոսով աճել է նաեւ ինսուլտի ռիսկը։ Սակայն սրտի կաթվածի կամ սրտի կորոնար հիվանդության ռիսկի զգալի աճ չի գրանցվել:

Հետազոտության համար Ֆլորիդոն եւ նրա գործընկերներն ավելի քան 12.400 տղամարդկանց եւ կանանց տվյալներ են հավաքել, ովքեր մասնակցել են CVD ռիսկի հետազոտությանը 1987-ից մինչեւ 2020 թ.: Այդ ընթացքում ավելի քան 3200 մասնակցի մոտ քաղցկեղ է առաջացել:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ կրծքագեղձի, թոքերի եւ հաստ աղիքի քաղցկեղը հաղթահարածները սրտային հիվանդությունների զարգացման ամենաբարձր ռիսկի խմբում են: Արյան եւ ավշային համակարգի քաղցկեղը եւս մեծացնում է սրտային հիվանդությունների վտանգը։

Նրա խոսքով՝ սրտի հետ կապված խնդիրներ կարող են զարգանալ ինչպես քաղցկեղի բուժման ժամանակ, այնպես էլ դրանից ամիսներ կամ տարիներ անց։

«Նույնիսկ եթե թերապիայի ընթացքում որեւէ խնդիր չունենաք, բարձր ռիսկը կպահպանվի ողջ կյանքի ընթացքում»,- նշել է գիտնականը։ -Այն, որ քիմիաթերապիայի ժամանակ սրտի անբավարարություն չի առաջացել, դեռ չի  նշանակում, որ 10-15 տարի հետո այն չեք ունենա։ Սրտի անբավարարության զարգացման ռիսկը Ձեզ մոտ միշտ ավելի բարձր է, քան այն հիվանդների մոտ, ովքեր այդպիսի բուժում չեն ստացել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ