• Latest news

Ինչ է թվային առողջապահությունը եւ ինչպիսին են դրա զարգացման հեռանկարները Հայաստանում

8 սեպտեմբերի, 2022  23:29

«Թվային առողջապահություն» տերմինը աշխարհում ինտենսիվորեն օգտագործվում է վերջին հինգ տարիների ընթացքում, եւ լիարժեք հիմնավորմամբ կարելի է պնդել, որ թվային առողջապահությունը հեղափոխություն է, տեկտոնական տեղաշարժ, որը մարդկության եւ քաղաքակրթության համար իր նշանակությամբ կարելի է համեմատել ավտոմեքենայի եւ համակարգչի գյուտի հետ։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Թվային առողջապահության հայկական ասոցիացիայի նախագահ, ԱՀԿ-ի փորձագետ, Դեգենդորֆի տեխնոլոգիկան ինստիտուտի (Գերմանիա) եւ Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը։

Թվային առողջապահության բաղադրիչները

Հեռաբժշկություն

Բժշկության եւ առողջապահության մեջ համակարգչային տարբեր տեխնոլոգիաների կիրառման փաստը նորություն չէ, նույն հեռաբժշկությունը կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն է՝ բժշկի հետ պացիենտի կամ՝ միմյանց հետ հեռավորության վրա տարբեր բժիշկների շփման համար։

էլեկտրոնային առողջապահություն

Էլեկտրոնային առողջապահությունը պացիենտի մասին տվյալների հավաքագրման եւ մշակման թվային համակարգ է: Գրեթե ամբողջ աշխարհում արդեն կան էլեկտրոնային առողջապահության համակարգեր, դրանցում ինտեգրված են երկրների բուժհաստատությունները, կուտակվում են պացիենտների վերաբերյալ տվյալները, որոնք համակարգվում եւ մշակվում են։

Շարժական առողջապահություն․ աշխարհում անընդհատ ստեղծում են նոր փոքրիկ սենսորներ՝ ինտեգրված մեր թվային սարքերում, որոնք չափում են զարկերակը, ջերմաստիճանը, սատուրացիան եւ այլն: Սա թվային առողջապահության թրենդներից մեկն է:

Թվային առողջապահության լրացուցիչ գործիքները վիրտուալ եւ լրացված իրականության տեխնոլոգիաներն են, ինչպես նաեւ ռոբոտային բժշկության տեխնոլոգիաները եւ այլն։

Այս ամենը հաշվի առնելով, ինչպես ասում է Գեորգի Չալտիկյանը, մենք կարող ենք բացել վարագույրը եւ տեսնել մոտ ապագան։

Թվային առողջապահության ապագան

20 տարի հետո մարդու առողջության պահպանությունը կունենա հետեւյալ տեսքը՝ մեծ թվով տարբեր սենսորներ իրական ժամանակում կկարդան մարդու օրգանիզմի մասին տեղեկատվությունը եւ մի յուրահատուկ բորտային համակարգչի՝ սմարթֆոնի կամ այլ սարքի միջոցով տեղեկատվությունը կփոխանցեն սերվերին, որտեղ այն կմշակվի արհեստական բանականության միջոցով, եւ դրա հիման վրա մարդը կստանա առողջության անհատականացված ծրագիր:

Փորձագետի խոսքով՝ սենսորները կչափեն ոչ միայն զարկերակը կամ ճնշումը, այլ նաեւ կլինեն նանոսենսորներ, որոնք կրջանառվեն օրգանիզմում եւ կհավաքագրեն բազմաթիվ ցուցանիշներ՝ ընդհուպ մոլեկուլային– կենսաբանական։ Եվ այս բոլոր տվյալների մշակման հիման վրա բորտային համակարգիչը կտրամադրի խորհուրդներ առողջության համար, ներառյալ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը եւ այլն: Փոքրագույն խնդրի հայտնաբերման դեպքում այն կազդարարի բժշկական միջամտության անհրաժեշտության մասին։

«Ցանկացած մարդու մասին տվյալների ծավալն այնքան մեծ կլինի, որ մարդը՝ բժիշկը, միայնակ այլեւս չի կարողանա մշակել այս ամբողջ տեղեկատվությունը, ուստի այստեղ կօգտագործվեն օժանդակ ալգորիթմներ։ Բայց ի վերջո, վիրահատական միջամտության կամ բուժման նշանակման մասին որոշումները կկայացնի բժիշկը՝ մշակված տվյալների հիման վրա»,- ասաց նա։

Գեորգի Չալտիկյանի խոսքով՝ բժշկության թվայնացման շնորհիվ այն կդառնա կանխարգելիչ ու անհատականացված։ Ի տարբերություն այսօր կիրառվող ապացուցողական բժշկության, որը վիճակագրության բժշկություն է եւ հաշվի չի առնում մարդկանց այն տոկոսի անհատական առանձնահատկությունները, որոնք չեն տեղավորվում այս կամ այն հիվանդության բուժման ընդհանուր վիճակագրության մեջ:

Այսինքն՝ ապագայի բժշկությունը չորս P-երի բժշկություն է՝ predictive (կանխատեսող), preventive (կանխարգելիչ), personalized (անհատականացված) եւ participatory (մասնակցային)։ Մարդն ինքը կմասնակցի իր առողջության վերաբերյալ որոշումների կայացմանը։ «Բժշկության թվայնացումը մարդուն դնում է տիեզերքի կենտրոնում: Եթե նախկինում տիեզերքի կենտրոնում բժիշկն էր, ապա հիմա դա մարդն է, մարդը, ոչ թե պացիենտը, քանի որ խոսքը արդեն ոչ թե բժշկության, այլ առողջության պահպանման, մարդուն առողջ պահելու մասին է։ Կյանքի երկարացման, հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ դրանց կանխարգելման մասին։ Այսինքն՝ խոսքը առողջապահության լրիվ այլ եղանակի մասին է»,- ասաց Գեորգի Չալտիկյանը։

Նրա խոսքով, անհատականացված բժշկությունն այսօր արդեն գործնականում կիրառվում է։ Օրինակ, երբ, պացիենտի գենետիկական առանձնահատկությունների հիման վրա նրան նշանակվում է նպատակային բուժում՝ թիրախային թերապիա։

Թվային առողջապահության մարտահրավերները

Ամենաակնհայտ մարտահրավերը տվյալների պաշտպանությունն է։

«Հասկանալի է, որ մարդու բորտային համակարգիչը կոտրելու դեպքում նրա հետ ամեն ինչ կարելի է անել։ Տվյալների անվտանգությունը կարեւոր տարր է, որը միշտ պետք է հաշվի առնվի, եւ դա վերաբերում է ոչ միայն թվային առողջապահությանը, այլ ընդհանրապես տվյալների գլոբալ պաշտպանությանը: Սա ոչ այնքան խնդիր է, որքան մի բան, որով մենք պետք է ապրենք, քանի որ դժվար թե մարդը հրաժարվի թվային հնարավորություններից՝ անգամ իմանալով, թե դրանք ինչ ռիսկեր են պարունակում»,- ասաց նա։

Կան նաեւ մեծ թվով տեխնիկական մարտահրավերներ՝ կապված ինտերնետի հասանելիության եւ հնարավորությունների, բժշկական տվյալների ստանդարտացման, էլեկտրոնային սարքերի համապատասխանեցման եւ այլնի հետ: Այսօր ամբողջ աշխարհում մասնագետներն աշխատում են այդ տեխնիկական խնդիրների լուծման վրա։

Թվային առողջապահությունը Հայաստանում

Գեորգի Չալտիկյանի կարծիքով՝ Հայաստանում ամենալուրջ ուշադրությունը պետք է դարձնել առողջապահության թվայնացմանը՝ պետական ամենաբարձր մակարդակով։

Նախ՝ դա ազգի առողջության հարցն է։ ԱՀԿ-ն եւ առողջապահական համակարգի ղեկավարներն ամբողջ աշխարհում, լուրջ երկրներում, վաղուց եւ վերջնականապես հասկացել են դրա կարեւորությունը եւ մշակում են թվային առողջապահական ռազմավարություններ:

Երկրորդ՝ դա տնտեսական աճի հնարավորություն է։

«Արմատական նախադրյալն այն է, որ թվային առողջապահությունը ոչ միայն ազգի առողջությունը բարելավելու միջոց է, այլեւ համեմատաբար փոքր նյութական, բայց բավականին լուրջ մարդկային ներուժ ունեցող երկրների համար այն կարող է դառնալ տնտեսական աճի եւ զարգացման շարժիչ: Այն երկրները, որոնք հասկանում են թվային առողջապահության ներուժը, այն դարձրել են առաջնահերթություն»,- ասաց նա:

Օրինակ՝ 2018 թվականին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հաստատել է «Թվային առողջապահությունը որպես աճի շարժիչ» պետական ծրագիրը։ Այս ոլորտում պետությունը ներդնում է մոտ 900 միլիոն դոլար։ Նպատակն՝ Իսրայելը համաշխարհային հաբի, թվային առողջապահության կենտրոնի վերածելն է։ Եթե մոտ ապագայում թվային առողջապահության շուկան կազմի 6 տրիլիոն, ապա Իսրայելը կձգտի հավակնել այս շուկայի 10 տոկոսին: Այսինքն՝ խոսքը ոչ միայն Իսրայելի բնակչության մասին է, այլ այն մասին, որ նրանք իրենց տեխնոլոգիաների օգնությամբ կմշակեն այլ երկրների բնակիչների տվյալները։

Գեորգի Չալտիկյանի խոսքով, Հայաստանի թվային առողջապահության ասոցիացիան ներկայումս մշակում է Հայաստանի համար համապարփակ ռազմավարություն եւ ճանապարհային քարտեզ։ «Մեր նախաձեռնությունը հիմնված է հետեւյալ նախադրյալի վրա՝ իսկ ինչո՞ւ մենք չօգտագործենք Իսրայելի փորձը եւ չփորձենք տարածաշրջանային կենտրոն դառնալ»,- ասաց նա եւ հավելեց, որ Հայաստանն ունի բավարար մարդկային ներուժ դրա համար, եւ կարող է օգտագործել նաեւ Սփյուռքի հնարավորությունները։

Հայաստանում թվային առողջապահության զարգացման համար կան նախադրյալներ՝ կա էլեկտրոնային առողջապահության ArMed համակարգը, որը դեռ ամբողջ հզորությամբ չի գործում, եւ Ասոցիացիայի խնդիրն է բարձրացնել այս համակարգի ներդրումը։ «Դա ունի մի քանի տարրեր՝ բուժանձնակազմի պատրաստում, տեխնիկական հնարավորություններ եւ ամենակարեւորը՝ մշակույթի փոփոխություն: Բժշկության թվայնացումը չի նշանակում համակարգիչ տեղադրել հիվանդանոցում եւ միացնել այն ցանցին, դա առաջին հերթին մշակութային վերափոխում է, երբ բժիշկը, պացիենտը եւ բոլորը մտածում են այդ համատեքստում»,- ասաց փորձագետը։

Կրթական ծրագրեր՝ մագիստրատուրա ՀՌՀ-ում

Գեորգի Չալտիկյանը 2010 թվականից համագործակցում է Հայ-ռուսական համալսարանի հետ՝ Հայաստանում թվային առողջապահական կրթության մասնագիտացված ծրագրերի ներդրման նպատակով։

«Այս ծրագրի շրջանակներում մեր Ասոցիացիան, ՀՌՀ-ն եւ Գերմանիայի Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտը համագործակցություն են հաստատել: Արդյունքում մենք այն ժամանակ ՀՌՀ-ում չհասցրեցինք, իսկ Դեգենդորֆում 2015-ին բացվեց թվային առողջապահության մագիստրոսական ծրագիր, եւ իմ գործընկերներն ինձ հրավիրեցին որպես պրոֆեսոր»,- ասաց նա։

Ավելի ուշ ՀՌՀ-ի եւ DIT-ի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր, եւ այս տարվանից թվային առողջապահության մագիստրոսական ծրագիրը՝ առաջինը Հայաստանում, արդեն գործում է նաեւ ՀՌՀ-ում։ Հենց այս օրերին համալսարանն անցկացնում է առաջին ուսանողների ընդունելություն։ Այս ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան սովորել նաեւ Դեգենդորֆում, ստանալ կրկնակի դիպլոմ եւ դառնալ միջազգայնորեն հավաստագրված մասնագետներ՝ թվային առողջապահության ոլորտում։

Քանի որ թվային առողջապահությունը միջգիտակարգային ոլորտ է, ապա մագիստրատուրա կարող են ընդունվել ցանկացած կենսաբժշկական մասնագիտության, համակարգչային գիտությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բակալավրիատի շրջանավարտներ։

«Այս ծրագրի շրջանակներում նաեւ Եվրամիության ֆինանսավորում կա: ՀՌՀ-ի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան առնվազն մեկ կիսամյակ անցկացնել Գերմանիայում՝ Դեգենդորֆում, եւ նրանց ուսման ու մնալու ծախսերը կվճարվեն Erasmus+ ծրագրի դրամաշնորհի միջոցով։ Սա փայլուն հնարավորություն է մեր երիտասարդների համար՝ ստանալ մասնագիտություն, որն ամենապահանջվածներից է լինելու առաջիկա տասնամյակների ընթացքում»,- ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է