• Latest news

Հայաստանում այս պահին գրիպով և ՍՇՎ–ով պայմանավորված կարանտին սահմանելու կարիք չկա. համաճարակաբան

29 նոյեմբերի, 2022  14:32

Հայաստանում այս պահին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված մանկապարտեզներում և դպրոցներում կարանտին սահմանելու կարիք չկա, քանի որ հիվանդացությունների ակտիվությունը միջին ինտենսիվության է։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նրա խոսքով, նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունն աճել է 1․1 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նույնքան նվազել։

Աբովյանի խոսքով՝ սուր շնչառական վարակների եւ գրիպի սեզոնը մեկնարկում է հոկտեմբերին եւ շարունակվում մինչեւ մայիս։ Հիվանդացությունների աճն ուղիղ համեմատական է մինչեւ 18 տարեկան անձանց հիվանդացությանը։ Նոյեմբերի 28-ի դրությամբ՝ սուր շնչառական վարակ ախտորշմամբ ամբուլատոր կազմակերպություններ դիմել է 1264 պացիենտ։

«Թոքաբորբ ախտորոշմամբ դիմել է 55 պացիենտ, որից 31-ը մինչեւ 18 տարեկան են։ Հոսպիտալացվող քաղաքացիների 80 %-ը եւս մինչեւ 18 տարեկան են։ Նաեւ ունենք հիվանդացությունների աճ 65-ից բարձր քաղաքացիների շրջանում։ Առողջապահության նախարարությունն ունի դետքային համաճարակաբանական հսկողության համակարգ, այսինքն՝ բժշկական կազմակերպություններում նմուշառում է իրականացվում երկրում շրջանառվող ՍՇՎ–ի, գրիպի տեսակները եւ ենթատեսակները որոշելու համար։ Արդյունքում հայտնաբերել ենք Ա տեսակի H1 N1 ենթատեսակի եւ Ա տեսակի H3 N2 ենթատեսակի հարուցիչներ»,- ասաց Աբովյանը։

Մասնագետը հորդորեց հիվանդներին տանը մնալ, հատկապես երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ։ «Պետք է հրավիրել տեղամասային բժշկին եւ հետեւել նրա նշանակած բուժմանը, ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ։ Հակաբիոտիկներով բուժումից պետք է կտրականապես հրաժարվել, դրանք հակառակը՝ կարող են ավելի բարդացնել բուժումը, որովհետեւ ցուցված են մանրէային հիվանդությունների համար եւ պետք է օգտագործել միայն բժշկի նշանակման պարագայում»,- նշեց Աբովյանը։

Համաճարակաբանը որպես գրիպով չհիվանդանալու եւ հետգրիպային վիճակը հեշտ հաղթահարելու լավագույն տարբերակ խորհուրդ է տալիս պատվաստումը։ Նրա խոսքով՝ երկրի բոլոր պոլիկլինիկաններն ապահովված են սեզոնային վարակների դեմ պատվաստանյութերով։ Պատվաստման շարժական կետ է գործում նաեւ Երևանի Ամիրյան փողոցում։ Պատվաստումը հատկապես ցուցված է հղիներին, մինչեւ 5 տարեկան երեխաներին եւ 65-ից բարձր մարդկանց։

Նշենք, որ վերջին օրերին NEWS.am Medicine-ն ահազանգեր է ստացել մի քանի քաղաքացիներից և բժիշկներից, որոնք նշում էին, որ մանկական հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում, եւ որ դպրոցներում հիվանդ երեխաներին ստիպում են դասի գալ։ Բժիշկներն ահազանգում էին դպրոցներում և մանկապարտեզներում ավելի խիստ հսկողություն կամ կարանտին սահմանելու և մանկապարտեզները ժամանակավորապես փակելու անհրաժեշտության մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է