Երեւանում այսօր մեկնարկել է Ընտանեկան բժշկության 2-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված ընտանեկան բժշկության արդի խնդիրներին:
Ինչպես իր բացման խոսքում նշել է ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, 15 տարի առաջ` 1999 թվականին Հայաստանի Առողջապահության նախարարությունը հաստատել է ընտանեկան բժիշկ մասնագիտությունը: Այդ տարիների ընթացքում շատ բան է փոխվել, սակայն ընտանեկան բժիշկ մասնագիտությունը դեռ որոշակի խնդիրների է բախվում, եւ հավանաբար այսօրվա գիտաժողովը կարող է օգնել լուծել այդ խնդիրներից շատերը:
Ինչպես իր հերթին նշել է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Մարինե Օհանյանը, գիտաժողովի մասնակիցները հիմնականում հայազգի բժիշկներ են՝ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից: Գիտաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու ԱԱՊ օղակի բժիշկների գործնական աշխատանքում հաճախ հանդիպող առողջական խնդիրներին, մասնավորապես լայն տարածում ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից մոտեցումներին:
Գիտաժողովը երկու օր է շարունակվելու, իսկ ավարտին մասնակիցները ստանալու են վկայագրեր՝ 10CME եվրոպական կրեդիտով` շնորհված Royal College of General Practitioners-ի կողմից:
Դասախոսությունների ցուցակը.
25.09.2014
Ն. Օհանյան «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում հասարակական կազմակերպության ներդրումը շարունակական բժշկական կրթության համակարգում»
Գ. Հոբայեան (UK) «Հակաբիոտիկների հանդեպ կայունության նվազեցման ռազմավարությունը»
Հ. Շահնազարյան (Sweden) «Շողացող առիթմիայի վարումը ԱԱՊ օղակում»
Ս. Պօղոսեան-Թայ (UK) «Դեպրեսիաների կառավարումը քրոնիկ խանգարումների դեպքում»
Ռ. Բորոյան (Sweden) «Հոգնածության եւ քրոնիկ հոգնածության համախտանիշը ընտանեկան բժիշկի պրակտիկայում»
Ա. Բալբաբյան (Armenia) «Հակաբիոտիկների ռացիոնալ կիրառությունը քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ժամանակ»
26.09.2014
Մ. Նարիմանյան «ԹՔՕՀ ժամանակակից հարցեր»
Ա. Նաումով (Russia) «Օստեոարթրոզ եւ կոմորբիդություն: Օստեոարթրոզի եւ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման արդի մոտեցումները»
Մ. Սիմոնյան (Germany) «2-րդ տիպի շաքարային դիաբետի վարման ժամանակակից մոտեցումները»
Ս. Պօղոսեան-Թայ (UK) «Գլխացավի կառավարումը ԱԱՊ օղակում»
Լ. Լիբարիդյան (USA) «Հիվանդության դեպքի վերլուծություն / Case study»
Վ. Խաչատրյան (Armenia) «Հիվանդության դեպքի վերլուծություն / Case study»






