• Latest news

Լազերային վիրահատություններ «Նաիրի» ԲԿ-ում՝ լավագույն համակարգերից մեկով՝ Cyber Holmium 150-ով

12 հունիսի, 2023  20:00

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվում են լազերային ուրոլոգիական վիրահատություններ՝ կիրառելով աշխարհի լավագույն համակարգերից մեկը՝ Cyber Holmium 150-ը: Բժշկական կենտրոնում տեղադրված իտալական Quanta Systems ընկերության նորագույն սարքավորումը միակն է Հայաստանում։ Վիրահատությունները կատարում է Լազերային, լապարասկոպիկ և ուռուցքաբանական ուրոլոգիայի ծառայության ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը:

NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում բժիշկը բացատրեց, որ լազերի կիրառումը մի շարք առավելություններ ունի, մասնավորապես՝ շագանակագեղձի բարորակ գերաճի վիրահատության ժամանակ։ Լազերային էնուկլեացիայով գերաճը հեռացվում է շագանակագեղձից մեկ ամբողջական կտորով: Սրա ամենամեծ առավելություններից մեկը արյան կորստի զգալի նվազումն է՝ համեմատած հին մեթոդների հետ:

«Ներմիզուկային մասնահատումը (TUR) թույլ է տալիս բավականին լավ վերահսկել արյունահոսությունը, սակայն լինում են դեպքեր, երբ նույնիսկ այս վիրահատության ժամանակ անհրաժեշտ է արյան փոխներարկում, էլ չեմ խոսում նախկինում կիրառվող բաց վիրահատության մասին։ Լազերն իր հերթին է՛լ ավելի է նվազեցնում արյան կորուստը և կրճատում հիվանդանոցում մնալու տևողությունը»,- ասաց Ռուբեն Հովհաննիսյանը։

Լազերային վիրահատությունները հատկապես ցուցված են հատկապես այն հիվանդներին, որոնք սրտային խնդիրների պատճառով մշտապես օգտագործում են արյունը ջրիկացնող դեղամիջոցներ: Բժշկի խոսքով՝ նման հիվանդներին այլ մեթոդներով վիրահատությունը հակացուցված է, կամ վիրահատությունից առաջ պետք է դադարեցնեն դեղերի ընդունումը։ «Լազերի միջոցով հնարավոր է այդ հիվանդներին վիրահատել առանց դեղորայքի ընդունումը դադարեցնելու։ Սա շատ մեծ առավելություն է»,- բացատրեց նա։

Բժիշկը թվարկեց լազերային վիրահատության մյուս առավելությունները՝ վերքը շատ ավելի արագ է լավանում, կաթետերը ավելի շուտ է հանվում միզուկից, հիվանդը շատ ավելի արագ է ապաքինվում, ավելի շուտ է վերադառնում տուն, իր աշխատանքին, առօրյային։

«Ասեմ նաև, որ լազերը ոչ կոնտակտային վիրաբուժական բուժում է։ Այս ոչ կոնտակտային մեթոդն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես, այն կարող է զգալիորեն նվազեցնել նեղացումների քանակը, որոնք բավականին հաճախ են առաջանում տրանսուրետրալ վիրահատությունների ժամանակ, երբ, օրինակ, միզապարկի վզիկը կամ միզուկը նեղանում է։ Այս ոչ կոնտակտային մեթոդը կարող է զգալիորեն նվազեցնել նման բարդությունների հավանականությունը»,- ասաց բժիշկը։

Բժշկի խոսքով՝ անշուշտ, լազերային վիրահատությունները սովորական մեթոդներից թանկ են, սակայն, ըստ նրա, այդ գինն արժե վճարել, քանի որ առավելություններն իսկապես շատ են։

Լազերը ուրոլոգիայում օգտագործվում է բազմաթիվ պաթոլոգիաների բուժման համար՝ միզապարկի նորագոյացություններ, միզուկի և միզապարկի վզիկի նեղացում և, ամենակարևորը, քարերի հեռացում: Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով՝ միզաքարային հիվանդությունը Հայաստանում գործնականում հասնում է համաճարակի մասշտաբների, իսկ լազերների օգտագործումը զգալիորեն բարձրացնում է այս հիվանդության բուժման արդյունավետությունը։ Լազերների միջոցով հնարավոր է մանրացնել, բառիս բուն իմաստով, փոշիացնել և հեռացնել ցանկացած տեղակայման քար՝ լինի դա միզապարկում, միզածորանում կամ երիկամում:

«Լազերները թույլ են տալիս շատ քիչ ինվազիայվ, այսինքն, շատ քիչ խառնվելով օրգանիզմի գործերին, եւ պրակտիկորեն ոչ մի վնաս չտալով օրգանիզմին քարերը փշրել։ Շատ հաճախ պացիենտները հարց են տալիս՝ ինչպե՞ս եք հասնում երիկամի քարին։ Եթե չենք ծակում մաշկը, մաշկաթափանց որեւէ գործողություն չի արվում, ինչպես ենք հասնում երիկամի քարին։ Մարդու անատոմիական կառուցվածքը, ինչպես նաև գործիքների ճկունությունը և դրանց տրամագիծը թույլ են տալիս միզածորանով հասնել միզապարկ, բացվածքով միզապարկի մեջ գտնել միզածորանը, գործիքը բացվածքի մեջ անցկացնել, հասնել երիկամին, գտնել քարը դրա մեջ և ջարդել այն: Լազերի կիրառումը միզաքարային հիվանդության մենեջմենթում իսկապես հեղափոխական տեխնոլոգիա է»,- ասաց Ռուբեն Հովհաննիսյանը։

Բժիշկը հավելեց, որ ուրոլոգիան բարձր տեխնոլոգիական մասնագիտություն է. աշխարհում տեխնոլոգիաներն այս ոլորտում արագ տեմպերով զարգանում են, և «Նաիրի» բժշկական կենտրոնը, ըստ նրա, հետ չի մնում առաջընթացից՝ թե՛ տեխնիկական, թե՛ մասնագիտական առումով։

«Շատ հետաքրքիր համագործակցություն կա՝ մարդը զարգացնում է տեխնոլոգիաները, իսկ տեխնոլոգիաները՝ մարդուն։ Այսինքն՝ մարդ արարածը ստեղծել է լազերներ, և դրանց օգտագործումը զարգացնում է մարդուն՝ բժշկին։ Նորագույն տեխնոլոգիաները, որոնց հետ դուք աշխատում եք, թույլ են տալիս դառնալ է՛լ ավելի լավ մասնագետ»,- ասաց նա։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է