Երբ 5-ամյա Էզրա Տոչեկը Օլդենից (Նյու Յորք) բախվեց լյարդի խորացող հիվանդության հետ կապված բարդություններին, նրա մանկապարտեզի նախկին դաստիարակչուհի Քարիսա Ֆիշերը անսպասելի հերոս դարձավ: 21-ամյա դաստիարակչուհի եւ ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայող Քարիսան անձնուրաց կերպով նվիրաբերել է իր լյարդի մի մասը՝ Էզրային ապրելու երկրորդ հնարավորություն տալով, գրել է News Medical Life Sciences-ը։
Փրկարար փոխպատվաստումն իրականացվել է Նյու Յորքի Լանգոնե համալսարանի Հասենֆելդ մանկական հիվանդանոցում հիվանդանոցի եւ փոխպատվաստման ինստիտուտի կլինիկական խմբերի կողմից: 2024թ. մայիսի 25-ին Քարիսան զարմացրել է Տոչեկ ընտանիքին՝ թակելով նրանց դուռը ցուցանակով, որի վրա գրված էր՝ «Էզրա, կուզե՞ս, որ կիսեմ քեզ հետ իմ լյարդը»:
2019-ին Քարեն եւ Ռոն Տոչեկները իրենց տուն ընդունեցին Էզրային, որն ընդամենը 7 ամսական էր, որպես խնամակալ երեխա: Ծնվելու ժամանակ Էզրան լյարդի լուրջ վնասվածք է ստացել, ինչը հանգեցրել է լեղուղիների խցանման եւ լյարդի ֆունկցիայի խանգարման։
2024թ. փետրվարին Էզրայի վիճակը վատացել է, եւ նրա մոտ ախտորոշվել է լյարդի վերջին փուլի հիվանդություն։ Ուժեղ քորը, լյարդի կոշտացումը եւ հոգնածությունը դժվարացնում էին նրա առօրյա կյանքը:
Քարիսան, որն Էզրայի մանկապարտեզի դաստիարակչուհին էր, տեսել է հաղորդագրությունը եւ անմիջապես զգացել, որ պետք է օգնի: Առանց ընտանիքին զգուշացնելու՝ նա դիմել է իր լյարդի մի մասը նվիրաբերելու համար Նյու Յորքի համալսարանի Լանգոնեի լյարդի փոխպատվաստման ծրագրի շրջանակում:
Քարիսան բազմաթիվ թեստեր է անցել՝ հաստատելու համար, որ հարմար դոնոր է, եւ որ իր համար անվտանգ կլինի նվիրաբերել լյարդի մի մասը։ Թեստերը ցույց են տվել, որ նա հարմար է դրա համար։
Քարիսան Լանգոնեում նվազագույն ինվազիվ ռոբոտացված վիրահատության է ենթարկվել մեծահասակների լյարդի փոխպատվաստման ծրագրի վիրաբուժական տնօրեն, բժիշկ Քարիմ Հալազունի ղեկավարությամբ, որի ընթացքում նրա լյարդի 30 տոկոսը հեռացվել է նվիրատվության նպատակով: Էզրայի փոխպատվաստումը հաջողությամբ իրականացվել է բժիշկ Գրիզեմերի եւ մանկական փոխպատվաստման վիրաբույժ Բեռնարդո Դանիել Կամպոսի կողմից:
Լյարդը միակ օրգանն է, որը ժամանակի ընթացքում կարող է վերարտադրվել եւ բուժել ինքն իրեն։
«Պարզապես անհավանական է, որ ընդամենը վեց ամսում իմ լյարդը լիովին վերականգնվեց։ Բոլորը չէ, որ հասկանում են դա»,- ասել է Քարիսան։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day