Վրաստանում մարդու ուղեղում 15 սանտիմետր երկարությամբ կենդանի մակաբույծ է հայտնաբերվել, գրում է «Новости Грузия»պորտալը։
«Սա առայժմ բժշկության պատմության մեջ ուղեղում կենդանի տափակ ճիճվի առկայության առաջին հաստատված դեպքն է։ Այս փաստը գիտական հետազոտություն է պահանջում, և մենք այժմ աշխատում ենք դրա վրա»,- նշել է նյարդավիրաբույժ Գեորգի Սեկանիան։
Բժիշկները վիրահատության ժամանակ հիվանդ կնոջ ուղեղում ենթադրյալ քաղցկեղային ուռուցքի փոխարեն մոտ 15 սմ-անոց կենդանի երիզորդ են հայտնաբերել։
Կինը մի քանի տարի ապրում էր գլխուղեղի քաղցկեղի ախտորոշմամբ, երբ սկսել է նոպաներ ունենալ, նա ի վերջո որոշում է վիրահատվել, և բժիշկները ենթադրել են, որ նա քաղցկեղի չորրոդ փուլում է:
Մագնիսառեզոնանսային շերտագրությունը ցույց է տվել ուռուցքի տեղակայման փոփոխություն՝ պարիետալ՝ առպատային բլիթից մինչև քունքային բլիթ: Մասնագետները ենթադրում էին, որ դա մետաստազների ակտիվ սաստկացում է:
«Սակայն վիրահատության ժամանակ գլխուղեղում հայտնաբերվել է մինչև 15 սմ երկարության կենդանի երիզորդ, որը շարժվում էր ուղեղի ներսում»,- պատմում է նյարդավիրաբույժը։
Մակաբույծն ուղարկվել է հետազոտության Մակաբուծաբանության ինստիտուտ։ Ըստ Սեկանիայի՝ այն պատկանում է Taenia solium (խոզի երիզորդ) տեսակին։
Հիվանդը մնում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների և մակաբուծաբանների հսկողության տակ։ Կնոջ ինքնազգացողությունը բավարար է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day