Օգոստոսի 12-ին NEWS.am Medicine-ը հարցում էր ուղարկել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին, որի պատասխանը վերջապես ստացել է այսօր՝ սեպտեմբերի 9-ին։ Պատասխանի սկզբում Հիմնադրամից հայտնել են, որ առաջին կիսամյակի հաշվետվությունը տեղադրված է Հիմնադրամի կայքում, որին կարող ենք ծանոթանալ կայքէջի «Փաստաթղթեր» դարանի «Հաշվետվություններ» բաժնում։
Հարցերն ու պատասխանները ներկայացնում ենք ստորև։
Հարց 1․ 2026 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում ինչքա՞ն գումար է հավաքվել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամում։ Որքա՞ն գումար է վճարել պետությունը, որքա՞նը՝ ապահովագրված անձինք՝ իրենց աշխատավարձերից։
Պատասխան․ Առաջին կիսամյակում ձևավորված ծախսերի հատուցումների համար հավաքագրված 119,2 մլրդ դրամից 95,6 մլրդ դրամը հատկացրել է պետությունը՝ սուբսիդավորվող շահառուների թվաքանակին համապատասխան։
Հարց 2․ Քանի՞ մարդ է ներառվել ապահովագրության համակարգում, դրանցից քանիսի՞ համար է ամբողջությամբ վճարում պետությունը։
Պատասխան․ Հունիս ամսին շահառուների թիվը կազմել է 1 799,4 հազար մարդ, որից 1 384,5 հազար շահառուի համար՝ համաձայն «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հավելվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված բնակչության համար, պետության կողմից տրամադրվել է ապահովագրավճարի ամբողջական սուբսիդավորում։
Հարց 3․ Ապահովագրվածներից քանի՞սն է օգտվել ապահովագրությունից առաջին 6 ամսվա ընթացքում, ու որքա՞ն գումար է դրա համար ծախսվել։ Այդ գումարից որքա՞նն է վճարվել պետական բյուջեից։
Պատասխան․ Հայցվող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կիսամյակային հաշվետվությամբ ներկայացված տվյալներում։ Բժշկական ծառայությունների դիմաց հատուցումներն իրականացվում են ընդհանուր ապահովագրավճարներից ձևավորված մուտքերից, և ծախսերի հաշվառում՝ ըստ առանձին շահառուների կողմից տրամադրված մուտքերի, չի իրականացվում։
Հարց 4․ Որքա՞ն գումար էր նախատեսված ծախսել 2026 թվականի առաջին կիսամյակում, ու որքա՞ն է կազմել գերածախսը։
Պատասխան․ Առաջին կիսամյակի համար բժշկական ծառայությունների գերածախս չի եղել։
Հարց 5․ Քանի որ այս տարվա փորձը ցույց է տալիս, որ նախատեսված գումարը չի հերիքում (ԱՆ-ն լրացուցիչ գումարներ է ուզել պահուստային հիմնադրամից), հնարավո՞ր է հաջորդ տարի ապահովագրավճարը բարձրանա։
Պատասխան․ 2026 թվականի ՀՀ պետական բյուջեից սուբսիդավորման համար նախատեսված գումարները տարվա ընթացքում վերանայվել են, և ապահովագրավճարի սուբսիդավորմամբ շահառուների թվաքանակի փոփոխմամբ պայմանավորված՝ իրականացվել է տարեսկզբին հաստատված բյուջետային միջոցների վերանայում։ Արդյունքում պահուստային ֆոնդից տրամադրվել են ապահովագրավճարների սուբսիդավորմանն ուղղվող անհրաժեշտ միջոցները։
Հիմնադրամի կամ Առողջապահության նախարարության կողմից բժշկական ծառայությունների կամ այլ ծախսերից ձևավորված պարտավորությունների համար ՀՀ պետական բյուջեից գումարներ չեն հայցվել։
Կավելանա՞, թե՞ ոչ ապահովագրավճարի չափը․ այս հարցին Հիմնադրամից չեն պատասխանել, ինչպես նաև չեն նշել, թե ի սկզբանե որքա՞ն գումար էին նախատեսել հավաքագրել ու ծախսել առաջին կիսամյակում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day