Նորապատ գյուղից ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխան աղիքային ինֆեկցիայով վարակվելուց մեկ օր առաջ մանկապարտեզում ոսպով սուպ եւ խտացրած կաթ է կերել։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց 5-ամյա երեխայի տատիկը՝ Գոհար Բարաղամյանը։
«Մանկապարտեզում 1 օր առաջ ոսպով ճաշ էր կերել, նույն օրը եկել էր տուն եւ բողոքել, որ փորիկը ցավում է։ Մայրիկը թեյ է տվել, խմել է, հետո 39-40 աստիճան ջերմություն է ունեցել, մայրը պարացետամոլ է տվել եւ ջերմությունը իջել է։ Առավոտյան ինքնազգացողությունը կարգավորվել է եւ մայրը նորից տարել է մանկապարտեզ։ Այնտեղ խտացված կաթ է կերել եւ միանգամից սկսել է փսխել։ Զանգել կանչել են մայրիկին, ջերմությամբ տարել են Արմավիրի հիվանդանոց», - պատմեց երեխայի տատիկը։
Տատիկը նշեց, որ երեխան տան փոքրն է, ունի իրենից 1 տարով մեծ քույր, որը հաճախում է նույն մանկապարտեզ. «Մայրը շատ է հավատում, որ կառողջանա, մենք իրեն շատ բան չենք ասում, բայց բժիշկները մեզ հույս չեն տալիս»։
«Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան «Սուրբ Աստավածամայր» է տեղափոխվել արհեստական շնչառության ապարատին միացված, լայնացած բիբերով, կոմայի մեջ, մկանային տոնուսն իջած։ Նա նշեց, որ երեխան ունի ցնցումային համախտանիշ եւ ուղեղի այտուց, աղիքային վարակում։ Բժշկուհին նշեց, որ ամեն րոպե երեխայի կյանքին վտանգ է սպառնում։
Աննա Չոբանյանը նաեւ պատմեց, որ 5-ամյա երեխան հաճախակի է հիվանդացել։ Նրա խոսքով՝ երեխան ծնվել է 1900գ. քաշով եւ ծնվելուց հետո տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։ 2 տարեկան 8 ամսականում նոր է սկսել քայլել, բայց հիմա ծնողների ասելով՝ զարգացումը լավ է ընթանում։
«2011 թ. հոկտեմբեր ամսին այս հիվանդանոցում՝ ականջների թարախակալում ախտորոշմամբ էր հոսպիտալացվել, նույն ժամանակ նրա արյունը փոփոխության էր ենթարկվում։ Արվել է ոսկրային պունկցիա եւ արյան հիվանդությունը ժխտվել է, սակայն եղած փոփոխությունները որպես սեպտիկ վիճակ են գնահատվել։ Այնուհետեւ նրա մոտ հայտնաբերվել է ինֆեկցիա, երկու անգամ աղիքային ինֆեկցիայով հիվանդանոցում է պառկել, վերջին անգամ Արմավիրի հիվանդանոցում բրոնխիտով հոսպիտալացվել է», - ասաց բժշկուհին։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ծայրահեղ ծանր վիճակով 5-ամյա տղան հունիսի 16-ի երեկոյան տեղափոխվել էր «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոն: Նշենք, որ երեկ երեկոյան Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղից երեքամյա աղջիկ է մահացել Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում: Դրանից մի քանի ժամ առաջ նրան հիվանդանոց էին տեղափոխել բարձր ջերմության, թուլության, փսխման, լուծի ախտանիշներով: Աղջիկը համապատասխան բուժում էր ստանում, սակայն երեկոյան նրա վիճակը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, սակայն, չնայած գործադրած ջանքերին, փոքրիկին չի հաջողվել փրկել:
Մասնագետների խոսքով՝ Նորապատի 5-ամյա երեխայի դեպքը ոչ մի կապ չունի Ջրաշենի 3-ամյա աղջկա մահվան դեպքի հետ եւ որեւէ բռնկման պատճառ հանդիսանալ չի կարող։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day