• Latest news

Գրիպից եւ թոքաբորբից բուժված հղի կանայք դուրս են գրվում հիվանդանոցից (ֆոտո)

15 հունվարի, 2016  19:33

19-ամյա Սաթենիկ Բադալյանը բազմաթիվ հայուհիներից մեկն է, որոնք տարեսկզբին հիվանդանոցում էին հայտնվել գրիպով եւ սուր շնչառական վարակով: Այս կնոջ մոտ, որն այժմ հղիության 18-րդ շաբաթում է, բարդացումներ էին եղել թոքաբորբի տեսքով:  

Սաթենիկը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ նոր տարվա տոներից հետո ուժեղ հազում էր, իսկ հունվարի 10-ից իրեն հիվանդանոց էին տեղափոխել: Թե ճշգրիտ որ հարուցիչի պատճառով է աղջիկը հիվանդացել, առայժմ հայտնի չէ, նրա անալիզների պատասխանները դեռ չեն ստացվել, սակայն այժմ նա արդեն իրեն լավ է զգում` անկախ անալիզների արդյունքից, արդեն գործնականում առողջ է, եւ իրեն շուտով դուրս կգրեն:  

Տաթեւիկ Ծաղկլորյանը, որը շուտով արդեն ծննդաբերելու է, եւս հիվանդանոցում է հայտնվել  մի քանի օր առաջ: Նա, ի տարբերություն Սաթենիկի, թոքաբորբ չուներ, բայց ուներ շատ բարձր ջերմություն եւ ընդհանուր «գրիպոզ վիճակ»: Մի քանի օրվա ընթացքում բուժում էր ստանում, իսկ այսօր նրան վերջապես դուրս են գրում՝ մի քանի աղջկա հետ միասին, որոնք եւս առողջացել են:

Սաթենիկը եւ Տաթեւիկը պառկած էին Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում, որի վարակաբան Աննա Ավետիսյանը մատյան է ցույց տալիս, որում հավաքված են այդ բաժանմունում ՍՇՎ-ից եւ գրիպից բուժվող հղի կանանց մասին բոլոր տվյալները սկսած  2010 թվականից: Զարմանալիորեն գեղեցիկ ձեռագրով գրված տողերում կարելի է նկատել կարմիրով նշված «H1N1», «B», «ռինովիրուս» բառերը. սրանք այն հարուցիչներն են, որոնք բոլոր այս տարիների ընթացքում հայտնաբերվել են հիվանդների անալիզներում: Մասնագետի խոսքով, տարիներ են եղել, երբ գրիպի սեզոնի ընթացքում շատ հիվանդների մոտ ռինովիրուս էին հայտնաբերում, իսկ այլ տարիներին ավելի հաճախ էր հանդիպում B հարուցիչը: Վերջին 5 տարվա ընթացքում հաճախ է հանդիպել նաեւ այսպես կոչված խոզի գրիպը՝ H1N1-ը:

Ընդ որում, հարուցիչի տեսակի եւ հիվանդների վիճակի ծանրության միջեւ սովորաբար կապ չկա, պնդում է մասնագետը. եղել են թեթեւ թուլությամբ եւ առանց բարձր ջերմաստիճանի հիվանդներ, որոնք արագ բուժվել են եւ տուն են վերադարձել, չնայած վարակված էին H1N1-ով, կային նաեւ կանայք, որոնք շատ ծանր էին տանում ամենասովորական մրսածությունը՝ նրանց մոտ ոչ մի հարուցիչ չէր հայտնաբերվել:

Կլինիկայի ղեկավար, Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշել է, որ հղի կանանց համար ստացիոնար բուժումն ամբողջովին անվճար է. նույնիսկ դեղերը (ոչ միայն Տամիֆլյուն, այլեւ ուրիշ՝ ոչ պակաս արդյունավետ դեղամիջոցներ) տրամադրվում են պետպատվերի շրջանակում:

Մասնագետը հիշեցրել է, որ հղի կանայք ռիսկի խմբի մեջ են մտնում. քանի որ նրանց օրգանիզմի դիմադրողականությունն ավելի թույլ է, քան շատ ուրիշներինը, նրանք ավելի հեշտ են վարակվում, իսկ վարակվելու դեպքում լուրջ բարդությունների զարգացման ռիսկ կա, որոնք սպառնում են եւ մոր առողջությանը, եւ պտղի կյանքին: Այդ պատճառով էլ  հղի կանանց խորհուրդ է տրվում ձմռանը հատկապես ուշադիր լինել եւ չվարակվել, իսկ ցանկացած ախտանիշի ի հայտ գալու դեպքում բժշկի դիմել, ոչ թե զբաղվել ինքնաբուժմամբ:

Այս պահին, Ռազմիկ Աբրահամյանի տվյալներով, Երեւանի կլինիկաներում գրիպով եւ շնչառական վարակներով 101 հղի կին կա, նրանցից 65-ը թեթեւ շնչառական վարակ ունի, 36 –ը` թոքաբորբ եւ բրոնխիալ թոքաբորբ` բարդացումներ, որոնք հաճախ ի հայտ են գալիս բժշկին ուշ դիմելու հետեւանքով:

Ամեն օր մոտավորապես 6-7 հղի կնոջ առողջացած դուրս գրում են ստացիոնարից: Մասնագետները նրանց բացատրում են, թե իրենց ինչպես պիտի պահեն մոտ ժամանակներս` կրկնակի վարակումից խուսափելու համար. պետք է անպայման դիմակ կրել այն տարածքներում, որտեղ կարող են հիվանդ մարդիկ լինել, հաճախ լվալ ձեռքերը, անհրաժեշտության դեպքում նույնիսկ մշակել դրանք մանրէազերծող նյութերով: Իսկ թուլության կամ ջերմաստիճանի դեպքում դարձյալ այցելել բժշկի, թեկուզ` ապահովության համար: Սաթենիկին ու Տաթեւիկին եւս, բնականաբար, պատմել են այս ամենի մասին:  

Գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացման սեզոնային ավելացումը նոր մարտահրավերներ ու բարդություններ է ստեղծում առողջապահության համակարգի համար. շատ հիվանդներ այդ բարդությունների մասին նույնիսկ գլխի չեն ընկնում: Օրինակ` անհրաժեշտ է հոգ տանել, որ վարակը չտարածվի հիվանդանոցի հիվանդների վրա եւ որ այցելուներն իրենց հետ այլ վարակներ չբերեն: Հղի կանանց ապահովում են բժշկական դիմակներով, որոնք նրանք կրում են  նույնիսկ իրենց պալատներում: Ոչ բոլորին են թույլ տալիս այցելել նրանց, իսկ ում թույլ են տալիս, խնդրում են դիմակ եւ խալաթ կրել: Այդ ամենն անհրաժեշտ է ինչպես հղի կանանց եւ նրանց ապագա երեխաների, այնպես էլ այցելուների ու հարազատների ապահովության համար:

Ինչպես նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների համաճարակաբանության բաժնի շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը, ոչ բոլոր այցելուներն են անհրաժեշտ ըմբռնումով մոտենում նախազգուշական միջոցներին, եւ դա վերաբերում է ոչ միայն ծննդօգնության բաժանմունքներին, այլեւ բոլոր կլինիկաներին: Հաճախ տատիկներն ու պապիկները, օրինակ, գալիս են հիվանդ երեխային այցելության, իրենց հետ վերցնելով այլ` առողջ երեխաների:  Նրանք չեն հասկանում, որ նախ` կարող են իրենց հետ գրիպի այլ շտամմ բերել եւ ավելի վատացնել հիվանդ երեխայի վիճակը (հաղթահարելով գրիպի մի տարատեսակը` մարդը այլ տեսակների նկատմամբ իմունիտետ չի ձեռք բերում), երկրորդ, առողջ երեխաները կարող են հիվանդանոցում վարակվել: 

Լիանա Թորոսյանի խոսքով, վերջին օրերի ընթացքում իրավիճակը կայուն է եւ առողջացած ու դուրս գրվող հիվանդների թիվը, որպես կանոն, հավասար է հիվանդանոց ընդունվող նոր հիվանդների թվին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է