• Latest news

«Անծանոթ մարդիկ ինձ նամակներ են գրում». Անին միայնակ չէ ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարում

28 փետրվարի, 2016  18:52

2015-ի ամռանը Անի Հայկունին իմացավ, որ տառապում է կրծքագեղձի քաղցկեղի շատ ագրեսիվ տեսակով: Ախտորոշումը խափանեց նրա ծրագրերը. դրանից կարճ ժամանակ առաջ աղջիկն ընդունվել էր Օքսֆորդին կից Saïd Business School եւ պատրաստվում էր սեպտեմբերին մեկնել սովորելու: Նա ուսումն առայժմ ստիպված եղավ հետաձգել եւ կենտրոնանալ բուժման վրա:  

Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների բուժումը բավականին թանկ արժե: Իհարկե, այն անհամեմատ ավելի էժան է, քան եվրոպական երկրներում, սակայն Հայաստանի միջին վիճակագրական  քաղաքացու համար, որն ապրում է 100 000 կամ նույնիսկ 200 000 դրամ աշխատավարձով, դժվար է իրեն թույլ տալ մեկ սրվակ  քիմիաթերապեւտիկ դեղամիջոց գնել 700-800 000 դրամով: Ախտորոշման թեստերը եւ հետազոտությունները եւս թանկ արժեն, եւ ի հավելումն դրան, Հայաստանում մատչելի են ախտորոշման ոչ բոլոր մեթոդները: 

Բուժման համար վճարելու հնարավորություն ունենալու համար Անին ու իր ընկերները    Giveforward հարթակում առցանց արշավ կազմակերպեցին, որտեղ ամեն մարդ կարող էր նույնիսկ մի փոքրիկ գումար նվիրաբերելով` օգնել կազմակերպել մեկ այլ մարդու բուժումը եւ փրկել նրա կյանքը: Պարզվեց, որ ուրիշներին օգնելու պատրաստ մարդկանց թիվը նույնիսկ ավելի մեծ է, քան կարելի է ենթադրել: Արշավի հենց առաջին օրվա ընթացքում Անիին եւ ընկերներին հաջողվեց մոտ 5000 դոլար հավաքել:

Ավելին, նրան միայն ֆինանսական օգնություն չէ, որ ցուցաբերում էին: Անծանոթ մարդիկ սկսեցին Անիին նամակներ գրել, որում նրան առողջություն եւ ուժ էին մաղթում: Ոմանք նրան գրում էին, որ նա իրենց համար պայքարի խորհրդանիշ է դարձել եւ նրա շնորհիվ իրենք սկսել են ավելի շատ սիրել եւ գնահատել կյանքը:  Անին մինչ օրս էլ շարունակում է նման նամակներ ստանալ ոչ միայն Հայաստանից, այլեւ այլ երկրներից:  

«Ես շատ զգացված էի այդ նամակներից: Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում նման մարդիկ կան: Նրանք ինձ չեն ճանաչում, ես երբեք չեմ տեսել նրանց եւ չեմ շփվել նրանց հետ, բայց նրանք, իմանալով իմ խնդրի մասին, ցանկացան օգնել ինձ», -   NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Անին:

Իր դրական տրամադրվածությամբ եւ դեպի ավելի լավը իր հավատով Անին իրոք շատերին  ներշնչեց: Նույնիսկ նման հիվանդությանը դեմ-հանդիման նա չէր տրտնջում, շարունակում էր ժպտալ եւ պայքարել իր կյանքի համար: Նա իր մարտական տրամադրվածությունը դրսեւորում էր նաեւ Giveforward-ի իր էջում. լուսանկարից մեզ է նայում ոչ թե կոտրված, հուսահատված, այլ ուժեղ, կյանքը սիրող եւ կյանքի համար պայքարելու պատրաստ կին: 

Այսօրվա դրությամբ հաջողվել է մոտ 30 000 դոլար հավաքել, ինչն առայժմ բավարար է Անիի ընթացիկ բուժման համար: Սակայն դա նրան անհրաժեշտ գումարի մոտավորապես 70 տոկոսն է:

«Ցավոք, շատ մարդիկ չգիտեն ֆանդրայզինգային հարթակների, դրանց հնարավորությունների մասին, սակայն նույնիսկ դրանցից օգտվելու դեպքում բավական դժվար է հաջող արշավ կազմակերպել, եթե չունես ընկերների մեծ ցանց», - ասել է Անին:

Անին քիմիաթերապիայի արդեն 8 կուրս է ստացել, եւ որոշակի դրական տեղաշարժեր արդեն նկատելի են. ուռուցքը մի քիչ փոքրացել է:  Վերջին կուրսից հետո վերականգնվելուց հետո Անին պիտի դարձյալ հետազոտություն անցնի, որի արդյունքում բժիշկները կկարողանան որոշել, թե հետագայում բուժման ինչ ռազմավարություն ընտրեն: Նրան գուցե վիրահատություն անհրաժեշտ լինի, գուցե` ճառագայթային բուժում: Չի բացառվում նաեւ, որ նա ստիպված լինի ճառագայթային բուժում ստանալ այլ երկրում, որովհետեւ Հայաստանում գուցե հնարավոր չլինի իրականացնել նրան անհրաժեշտ ճառագայթային բուժման տարատեսակը:

Իհարկե, քիմիաթերապիան ծանր բուժում է. դրանից հետո մի քանի օր մարդն իրեն վատ է զգում եւ չի կարող ակտիվ գործունեությամբ զբաղվել: Անին, որը մասնագիտությամբ անտառագետ է, վատ ինքնազգացողության դեմ պայքարելու եւ իր զգացմունքներն արտահայտելու լավ միջոց է գտել. սկսել է նկարել: 

Իրականում նա մանկուց էր նկարում, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հոբբիներ եւ հետաքրքրություններ ուներ. սպորտով էր զբաղվում, երաժշտությամբ, լուսանկարչությամբ: Սակայն հենց քիմիաթերապիայից հետո նա իր զգացմունքները կտավի վրա արտահայտելու, իր վիճակը նկարի միջոցով ցույց տալու խիստ անհրաժեշտություն զգաց: 

Անին իր սեփական ոճի փնտրտուքի մեջ է եւ առայժմ նկարում է այն, ինչ զգում է: Ստացվում են յուղաներկով վերացական, վառ, հուզական եւ հանդիսատեսի մեջ շատ զգացմունքներ առաջացնող նկարներ: Եթե մոտ ժամանակներս Անին բավականաչափ նկար ունենա, նախատեսել է ցուցահանդես կազմակերպել:

Իսկ առայժմ Անին շարունակում է բուժումը եւ մեծ հույս ունի հենց այս տարվա սեպտեմբերին այնուամենայնիվ մեկնել Օքսֆորդ, մանավանդ որ այն տեղը, ուր ինքը դիմել էր, որպես բացառություն, պահել են նրա համար: Օքսֆորդում ուսումը եւ այնտեղ ձեռք բերելիք փորձը շատ օգտակար կլինեն նրան եւ թույլ կտան ապագայում շատ բանի հասնել: 

«Այդ ախտորոշումն ինձ համար յուրօրինակ ընդմիջում դարձավ, երբ հնարավոր է չմտածել կարիերայի, այլ գործերի մասին, երբ հնարավորություն կա կողքերդ նայելու, այլ բաների ուշադրություն դարձնելու, հասկանալու դրանք: Ես առաջ էլ էի փորձում լիարժեք ապրել եւ հնարավորինս գնահատել այն, ինչ ունեմ: Վստահ եմ, որ այժմ ես անհամեմատ ավելի ուժեղ եւ իմաստուն կլինեմ», - պատմել է Անին:

Անիին օգնել ցանկացողները կարող են ցանկացած գումար փոխանցել հետեւյալ հաշիվներին.

AMD - 15700-12970090100, Ameriabank, Ani Haykuni
USD - 15700-12970090101, Ameriabank, Ani Haykuni
Euro - 15700-12970090146, Ameriabank, Ani Haykuni

Ամալյա Գաբրիելյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել