• Latest news

15 ամսական Կամոյի ծնողները նախկինում երբեք չէին լսել լեյշմանիոզի մասին

20 մարտի, 2016  17:35

Իջեւանից 15 ամսական Կամոն արդեն մոտ 20 օր է` բուժվում է ընդերային լեյշմանիոզի դեմ` վտանգավոր վարակիչ հիվանդության, որը ուշ ախտորոշվելու եւ բուժումն ուշ սկսելու դեպքում կարող է մահվան հանգեցնել:  Բարեբախտաբար, Կամոյի դեպքում հաջողվել է ժամանակին հայտնաբերել հիվանդությունը եւ սկսել բուժումը:  

Վարսինեն` Կամոյի մայրը NEWS.am Medicine-ին պատմել է, թե որդին ինչպես է հիվանդացել է եւ ինչպես է ախտորոշվել հիվանդությունը:  

Ամեն ինչ սկսվել է բարձր ջերմաստիճանից: Կամոյի ծնողները, որոնք մշտական կապ են պահպանում մանկաբույժի հետ, անմիջապես խորհրդակցեցին նրա հետ: Սկզբում կարծում էին, թե երեխան գրիպով է հիվանդացել, սակայն գրիպի եւ նույնիսկ մրսածության ուրիշ որեւէ ախտանիշ նա չուներ:

Բժիշկը ստուգեց երեխայի թոքերը. ամեն ինչ կարգին էր:  Սակայն ջերմությունը պահպանվում էր. ստիպված էին լինում դեղերի եւ շփումների միջոցով իջեցնել: 

Բժիշկը նաեւ առաջարկեց արյան անալիզ հանձնել, որը հեմոգլոբինի ցածր մակարդակ  ցույց տվեց: Ճիշտ է, այդ ժամանակ լեյշմանիոզ չկասկածեցին: Չնայած լեյշմանիոզը շատ վտանգավոր հիվանդություն է, չգիտես ինչու, դրա մասին քչերը գիտեն:  Կամոյի ծնողները եւս  այդ ժամանակ դրա մասին ոչինչ չէին լսել: 

8 օր շարունակ երեխայի մոտ պահպանվում էր բարձր ջերմաստիճանը, եւ ծնողները ստիպված էին նրան նորից տանել տեղի պոլիկլինիկա: Բարեբախտաբար, պոլիկլինիկայի տնօրենը վերջերս մասնակցել էր լեյշմանիոզի մասին սեմինարների. երեխայի մոտ այդ հիվանդությունը կասկածելով` նա վերջինիս անմիջապես ուղարկեց Երեւան` հետազոտման: 

Անալիզները հաստատեցին. երեխան լեյշմանիոզ ուներ: Նրան նաեւ պունկցիա արեցին, որը ցույց տվեց, որ հարուցիչն արդեն առկա էր նաեւ ոսկրածուծում: Այդ ժամանակ   «Նորք» վարակիչ հիվանդանոցում սկսեցին բուժումը:

Լեյշմանիոզի բուժման դեղամիջոցը բավականին թունավոր է եւ բազմաթիվ հակացուցումներ ունի: Բոլորովին էլ ոչ բոլոր երեխաներն են հեշտ տանում բուժումը:    . Համոզվելու համար, որ Կամոյի մոտ ոչ մի բարդացում եւ բուժման կողմնակի հետեւանք ի հայտ չի գալիս, նրանից կանոնավոր կերպով արյան անալիզ են վերցնում, ինչպես նաեւ ժամանակ առ ժամանակ նրան հետազոտում է սրտաբանը: 

Ինչպես նշել են Վարդենիսում, բուժումը սկսելուց արդեն մեկ շաբաթ անց երեխայի ջերմությունն իջավ ու դադարեց բարձրանալ, իսկ արյան ցուցանիշները սկսեցին նորմային համապատասխանել:  Նրա արագ բուժմանը հավանաբար նպաստում է նաեւ այն փաստը, որ նրա մայրը, արհեստական սննդի հետ մեկտեղ, շարունակում է նրան կրծքի կաթով կերակրել, որը, ինչպես պնդում են շատ մասնագետներ, շատ օգտակար է երեխայի իմունիտետի համար: 

«Վերջերս այդ հիվանդությունն ակտիվ է Հայաստանում, եւ շատ կարեւոր է, որ մարդիկ իմանան այդ մասին: Եթե ես նախկինում իմանայի այդ հիվանդության մասին, տղայիս   հենց առաջին օրը, երբ նրա մոտ բարձրացել էր ջերմաստիճանը, համենայն դեպս կտանեի բժշկի եւ կխնդրեի ստուգել, թե արդյոք լեյշմանիոզով է վարակվել», - ասել է Վարսինեն:

Կամոն դեռեւս մի քանի օր պիտի լեյշմանիոզի դեմ դեղամիջոց ստանա, ինչից հետո նրան հավանաբար դուրս կգրեն հիվանդանոցից: 

Հիշեցնենք, որ լեյշմանիոզը մարդուն փոխանցվում է միջատների խայթոցից, որոնք մինչ այդ հիվանդ կենդանիների են խայթել: Լեյշմանիոզի հարուցիչի`  Leishmania պարզագույն մակաբույծի բնական պահեստարան են համարվում կենդանիները, այդ թվում նաեւ` շունը: Ճիշտ է, առանց մոծակի մասնակցության, հիվանդ կենդանուց անհնար է վարակվել:  

Ինքը` Կամոն, ամենայն հավանականությամբ, վարակվել է դեռեւս ամռանը, երբ մոծակները հատկապես ակտիվ են, սակայն քանի որ հիվանդությունը կարող է բավականին երկար` մինչեւ մի քանի ամիս տեւող ինկուբացիոն շրջան ունենալ, այն երկար ժամանակ չէր դրսեւորվում: 

Ինչպես նշել է բժիշկ վարակաբան Հռիփսիմե Ապրեսյանը, վերջին տարիներին Հայաստանում լեյշմանիոզի ավելի քան 200 դեպք է գրանցվել, ամեն տարի դեպքերի թիվն աճում է: Մասնագետի խոսքով, ընդերային լեյշմանիոզով տարեկան միջինը  20-30 հիվանդ է հանդիպում:

ԱՀԿ-ի տվյալներով, ամեն տարի աշխարհում լեյշմանիոզով վարակման մոտ  1,3 մլն նոր դեպք է գրանցվում եւ  մահվան 20 000 - 30 000 դեպք:

Քանի որ ընդերային լեյշմանիոզը (հիվանդության հենց այդ տեսակն է տարածված Հայաստանում) առանց համապատասխան բուժման կարող է սպանել հիվանդին եւ քանի որ դրանով հիմնականում մինչեւ 5 տարեկան երեխաներ են վարակվում, մասնագետները ծնողներին եւ առաջին բուժական օղակի աշխատակիցներին կոչ են անում ուշադիր լինել ու նվազագույն կասկածի դեպքում հիվանդացած երեխաների մոտ ստուգել լեյշմանիոզի առկայությունը:  Որքան ավելի շուտ արվի ախտորոշումը, այնքան շատ երեխա առողջանալու շանս կունենա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել