Ամերիկացի հետազոտողները լրացուցիչ միջոց են գտել կանանց շրջանում տարածված գլխավոր ուռուցքային չարիքներից մեկի՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: Պարզվել է, որ առողջացման գործընթացի վրա դրականորեն է ազդում հիվանդի օրգանիզմում վիտամին D-ի բարձր մակարդակը: Հոդվածը հրապարակվել է Anticancer Research գիտական ամսագրում:

Հետազոտությունների շրջանակներում ուսումնասիրվել է ավելի քան 4 000 կնոջ առողջական վիճակը, որոնց կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել: Հետեւել են, թե կամավորներից ով է առավել ակտիվորեն դիմադրել հիվանդությանը, նույնիսկ բուժվել:

Արդյունքում՝ հետազոտողներն ուշադրություն են դարձրել փաստին, որ վիտամին D-ի կրկնակի պարունակությունն օգնում է քաղցկեղի դեմ արդյունավետորեն պայքարել: «D վիտամինի մետաբոլիտը սպիտակուցի, որն արգելափակում է բջիջների բաժանումը, փոխարկվելու միջոցով մեծացնում է բջիջների միջեւ կապը: Քանի դեռ վիտամինի ընկալիչներն առկա են, ուռուցքի աճը դադարում է»,- ասում է հետազոտության ղեկավար Ցեդրիկ Գարլանդը, հայտնում է Fox News-ը:

Ուստի գիտնականները խորհուրդ են ալիս D վիտամինը ներառել կրծքագեղձի բուժման թերապիայի մեջ՝ որպես օժանդակ միջոց:

«Հետագա հետազոտություններին սպասելու անհրաժեշտություն չկա, որպեսզի վիտամինը ներառել ստանդարտ բուժման մեջ: D վիտամինի անվտանգ չափաբաժինն արդեն սահմանված 30 նանոգրամն է»,- ասում է Գարլանդը: