Սնվելու մասին մի քանի տարածված առասպելների մասին Fox News կայում պատմում է դիետոլոգ Պատրիցիա Բաննանը Լոս Անջելեսից:
Առասպել 1՝ Բազմահատիկ մթերքներն ավելի հարուստ են ամբողջական հատիկներով
Երբ ապրանքի պիտակի վրա գրված է. «multigrain», դա նշանակում է, որ այն մի քանի տեսակի հատիկ է պարունակում՝ չնայած հնարավոր է, որ դրանցից ոչ մեկն ամբողջական չէ:
Ստուգելու համար՝ մթերքն ամբողջական հատիկներ պարունակում է, թե ոչ, նայեք պիտակին:
Բաղադրիչների ցանկում առաջինը պետք է լինի «whole»՝ ամբողջական բառը:
Առասպել 2՝ Սպիտակ բանջարեղենը պակաս կալորիական է
Չնայած դիետոլոգները խորհուրդ են տալիս ավելի քիչ սպիտակ մթերք ուտել՝ դա ոչ մի կերպ չի վերաբերում սպիտակ բանջարեղենին: Կաղամբը, սոխը, սունկը, շաղգամը եւ կարտոֆիլը ոչ պակաս հագեցած են սննդանյութերով, քան գունավոր բանջարեղենը:
Առասպել 3՝ Մուգ շոկոլադն ավելի շատ առողջարար ֆլավոնոլներ է պարունակում, քան կաթնային շոկոլադը
Սովորաբար մուգ շոկոլադը համարվում է ավելի առողջարար, քանի որ ավելի շատ կակաո է պարունակում: Բայց պարտադիր չէ, որ մուգ շոկոլադն ավելի շատ ֆլավոնոլներ պարունակի, քան կաթնայինը:
Ֆլավոնոլներ պարունակում է կակաո-ունդը: Դա բուսական սնուցող նյութերի (ֆիտոնուտրիենտներ) յուրատեսակ խումբ է, որը, ինչպես հետազոտություններն են հաստատել, լավացնում է արյան շրջանառությունը եւ սրտանոթային համակարգի աշխատանքը:
Առասպել 4՝ Կրճատելով օգտագործվող կալորիաների քանակը՝ հնարավոր է նիհարել
Կրճատելով օգտագործվող կալորիաների քանակը՝ հնարավոր է մի քանի կիլոգրամով նիհարել, ասում է հավաստագրված դիետոլոգ Էլիս Լեւինը, բայց եթե որպես հիմնական նպատակ ունենալ կալորիաների սահմանափակումը, հետագայում կիլոգրամները կավելանան, ոչ թե կպակասեն:
«Ես իմ հաճախորդներին 3 խորհուրդ եմ տալիս՝ կերեք, երբ ֆիզիկապես սով եք զգում, ընտրեք մթերքներ, որոնք սիրում եք եւ կանգ առեք, հենց զգաք, որ կշտացաք»,- ասում է Լեւինը:
Առասպել 5՝ Սննդային հավելումները փողի անիմաստ վատնում են
«Որոշ մարդկանց սննդային հավելումներ անհրաժեշտ են: Նրանք են՝ հղիները, սննդանյութերի պակաս ունեցող մարդիկ կամ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեցողները, խիստ բուսակերները կամ վեգանները, տարեց մարդիկ»,- ասում է գրանցված դիետոլոգ Քարոլին Քաուֆմանը Լոս Անջելեսից:
Առասպել 6՝ Միկրոալիքային վառարանը ոչնչացնում է սննդանյութերը
Միկրոալիքային վառարանը չի ոչնչացնում մթերքների սննդանյութերը: Իրականում, ասում է Քաուֆմանը, որոշ դեպքերում միկրոալիքային վառարանում պատրաստված սնունդը նույնիսկ ավելի օգտակար է առողջության համար:
«Միկրոալիքային վառարանով բանջարեղեն պատրաստելն արագ է ու հարմար, բացի դրանից՝ միկրոալիքային վառարանն օգնում է պահպանել ջրում լուծվող սննդանյութերը, որոնք անհետանում են, երբ բանջարեղենը պատրաստվում է ջրի մեջ կամ չափազանց շատ է եփվում: Միկրոալիքային վառարանում սննդի արագ պատրաստվելու արդյունքում պահպանվում են այնպիսի ջերմազգայուն նյութեր, ինչպես՝ վիտամին C-ն»,- ասում է Քաուֆմանը:
Առասպել 7՝ Սուրճը ջրազրկում է առաջացնում
Այս տարվա հունվարին արված հետազոտությունը, որը հրապարակված է PLOS ONE ամսագրում, ցույց է տվել, որ չնայած համընդհանուր կարծիքին՝ սուրճն օրգանիզմը չի ջրազրկում: Հետազոտողներն ուսումնասիրություն են կատարել 50 տղամարդու շրջանում, որոնք օրական 4 բաժակ սուրճ են խմել, եւ նրանց վիճակը համեմատել են նրանց այն հետազոտությունների հետ, երբ օրական 4 բաժակ ջուր են խմել, եւ ջրազրկման առումով տարբերություն չեն գտել:






