Շնչառական հիվանդությունների սրացումը Հայաստանում սեզոնային բնույթ է կրում, եւ նման սրացումներ ամեն տարի լինում են։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ավագ մասնագետ Լիանա Թորոսյանը։

Նշենք, որ վերջերս ԶԼՄներում տեղեկություն էր տարածվել, որ Երեւանում բոլոր մանկական հիվանդանոցները գերբեռնված են, եւ դա նման է գրիպի կամ ՍՇՎ-ի համաճարակի։ Սակայն Լիանա Թորոսյանը պնդում է, որ ոչ մի համաճարակ իրականում չկա։

Ըստ նրա, համաճարակի մասին խոսելու համար լուրջ պատճառներ են պետք։ Մասնավորապես, ընթացիկ սեզոնի ցուցանիշները պետք է գերազանցեն նախորդ հինգ տարվա ցուցանիշների միջինը։

Թորոսյանի խոսքով, այս տարի գրիպի եւ ՍՇՎ-ի հիվանդացության մակարդակը գրեթե նույնն է, ինչ որ անցյալ տարի։ Սակայն անցյալ տարի, կենտրոնի մոնիթորինգի համաձայն,  ավելի բարձր էր մեծահասակների հիվանդացությունների թիվը, իսկ այս տարի մեծահասակները ավելի քիչ են դիմում ստացիոնար, այդ պատճառով թվում է, թե հիվանդ երեխաների թիվն է շատացել։ Մյուս կողմից, ըստ մասնագետի, վիրուսների տարածման ժամանակ մինչեւ երկու տարեկան երեխաները ավելի խոցելի են, քանի որ իրենց իմունիտետը դեռ վերջնականապես չի ձեւավորվել։

Ինչ վերաբերում է տարածված վիրուսների տեսակներին, Լ. Թորոսյանը հայտնեց, որ հիմա Հայաստանում տարածված են գրիպի H3 ենթատիպը եւ մի քանի այլ շնչառական վարակներ։

Երեւանի մանկական հիվանդանոցներում NEWS.am Medicine-ին հաստատեցին, որ վերջին օրերին իրենց մոտ իսկապես երեխաների հոսքը շատացել է, բայց նշեցին, որ դա նորմալ է այս սեզոնի համար։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ երեկվա դրությամբ իրենց մոտ կար շնչառական վարակներով 120 երեխա։  Նա նշեց նաեւ, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվն ավելի բարձր էր։

«Մուրացան» ԲԿ տնօրեն Կարմելա Պողոսյանը հայտնեց, որ իրենց մոտ ներկա դրությամբ ԱՇՎ-ով 100-ից ավել երեխա կա։ Նա նաեւ նշեց, որ այս ամսին հիվանդ երեխաների թիվը միշտ էլ ավելի բարձր է լինում, քան, օրինակ, օգոստոսին, սեպտեմբերին կամ հոկտեմբերին

«Արաբկիր» Բկ-ի փոխտնօրեն Նինա Արիկյանցը եւս հաստատեց, որ ներկա դրությամբ հիվանդանոցում շնչառական վարակներով երեխաները շատ են։