Թե քանի՞ տարեկանից երեխաներին կարելի է ծորակի ջուր խմել, մասնագետները դժվարանում են պատասխանել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ ջուր է հոսում ձեր ծորակից, եւ ինչքանով եք դուք վստահում դրա որակին: Ինչ վերաբերում է շշալցված ջրին, այստեղ նույն իրավիճակն է:
Մասնավորապես, Երեւանի Պետական բժշկական համալսարանի մանկաբուժության եւ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ Նունե Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել NEWS.am.Medicine-ի հարցին, թե քանի տարեկանից կարելի է ծորակի ջուր խմել, քանի որ «էկոլոգիական գործոններով պայմանավորված ախտաբանություններն (պաթոլոգիա) այսօր մեծ տարածում ունեն»:
Նրա խոսքով, մանկաբույժները դասակարգում են երեխաներին ըստ տարիքի: Նեոնատալ (շուրջծնական) շրջանում՝ կրծքով կերակրելը ամենասննդարարն է ու ճիշտ: «Դա ամենաարժեքավոր, օգտակար, հարմարեցված, երեխայի ֆունկցիոնալ հնարավորությնունները զարգացնող սնունդն է: Մինչեւ 6 ամսական երեխաները բացի մայրական կաթից, բացարձակապես ոչ մի այլ սննդի կարիք չունեն: Կրծքի կաթը պարունակում է եվ ջուր, եվ սննդարար նյութեր»,- ասաց նա:
Վեց ամսական հասակից հետո արդեն օբյեկտիվ չափանիշներից ելնելով, հստակ ցուցանիշներով սկսում են երեխային հավելյալ կեր տալ: Բժշկի խոսքով, հենց այդ տարիքից նրան կարելի է ջուր տալ, որը միանշանակ պետք է եռացված լինի:
Իսկ թե ե՞րբ կարելի է անցնել սովորական ջրի, մանկաբույժը միանշանակ չի կարող պատասխանել: Բանն այն է, որ տեղեկություններ չկան, թե ինչքանով է այդ ջուրը էկոլոգիապես մաքուր:
«Մենք չգիտենք ջրի, օդի եւ այլնի էկոլոգիական վիճակը, այդ պատճառով մենք միայն գրանցում ենք հիվանդության զարգացման փաստը: Իսկ թե ինչի՞ պատճառով է դա տեղի ունենում, մենք միայն ենթադրում ենք՝ հիմնվելով ինչ-որ արտասահմանյան հետազոտությունների վրա: Օրինակ ի՞նչը կարող էր հանգեցնել թիրեոիդիտի, լյարդի եւ այլ օրգանների հիվանդությունների: Իմ կարծիքով պետք է ուսումնասիրել ջրի բաղադրությունը, եւ պարզել, կան արդյո՞ք որոշ էկոլոգիական շեղումներ, թե ոչ»,- ասաց բժիշկը: Ինչ վերաբերում է շշալցված ջրին, ապա այստեղ նույնպես ստուգումներ են պետք: «Ես վստահ չեմ արտադրույան տեխնոլոգիաների հարցում»,- նշեց նա:






