Հայկական Կարմիր խաչի ընկերությունը իրազեկման ակցիաների շարք է կազմակերպում` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա կապակցությամբ:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի հետ համատեղ, կազմակերպում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որի շրջանակներում ՀԿԽԸ կամավորները, ուսանողական խորհրդի անդամների հետ, շրջելու են համալսարանի լսարաններով (Տիգրան Մեծի պող. 17 շենք) և տարածելու են տեղեկատվական նյութեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ` հորդորելով ուսանողներին ու դասախոսական անձնակազմին միանալ պայքարին և կրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ դարձած կարմիր ժապավենը: Միջոցառմանը կմասնակցեն նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները:

Նույն օրը, ժամը 11:00-12:00-ը իրազեկման ակցիա կանցկացվի նաև թիվ 1 Հենակետային բժշկական ուսումնարանում (Կորյունի փող. 10): ՀԿԽԸ կամավորները ուսանողներին կլուսաբանեն օրվա խորհուրդը, կբաժանեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը լուսաբանող տպագիր նյութեր և կպատասխանեն նրանց հարցերին:  

1988թ.-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու նպատակով:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն արդեն միլիոնավոր կյանքեր է խլել:

2011 թ. տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 34 մլն է, արձանագրվել է  ՄԻԱՎ վարակի 2.5 մլն նոր դեպք, որոնցից 330 000-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են: 2011թ. ընթացքում գրանցվել է ՁԻԱՀ-ից 1.7 մլն մահացության դեպք:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը առողջապահական լուրջ խնդիր է նաև Հայաստանում` հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը  3500 է: