Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի հինգին Հայաստանի Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահությամբ ընթանում է գիտաժողով՝ «Գինեկոլոգիայի արդիական հարցերը» թեմայով:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի փոխնախագահ Աշոտ Դրամփյանը, այս կոնֆերանսը կծանոթացնի երկրի երիտասարդ գինեկոլոգներին ոլորտի նորագույն մեթոդներին եւ մոտեցումներին եւ նոր գիտելիքներ կհաղորդի նրանց:

«Կարծում եմ, երիտասարդ մասնագետներին այդ կոնֆերանսը պետք է հետաքրքրի, քանի որ մեծ սերունդը հին մոտեցումներով եւ մեթոդներով է ուղղորդվում, իսկ մենք, երիտասարդ բժիշկներս, գնում ենք տարբեր երկրներ, վերապատրաստվում ենք, տարբեր կոնֆերանսների ենք մասնակցում եւ այնտեղից մեզ հետ նորագույն մեթոդներ ենք բերում, որոնցով ուզում ենք կիսվել մեր կոլեգաների հետ», - ասաց Աշոտ Դրամփյանը:

Զեկույցներով հանդես եկան երիտասարդ բժիշկներ եւ օրդինատորներ: Մասնավորապես, Քնարիկ Կնյազյանը խոսեց մինչդաշտանային համախտանիշի մասին, Անի Մալխասյանը՝ դիսմենորեայի մասին, Հռիփսիմե Գրիգորյանը՝ գինեկոլոգիական ինֆեկցիաների մասին, իսկ Աիդա Սարգսյանը՝ օրալ կոնտրացեպտիվների մասին: Ընդմիջումից հետո Աշոտ Դրամփյանը ելույթ ունեցավ արգանդի զարգացման արատների մասին զեկույցով, Ալյոշա Թորոյանը խոսեց ձվարանների պոլիկիստոզի մասին, իսկ Անի Բաբելյանի զեկույցը անպտղության հետազոտությունների մասին էր: