Քիմիոթերապիան քաղցկեղի բուժման ամենաարդյունավետ, սակայն նաեւ ամենաթունավոր մեթոդներից մեկն է: Չնայած նրան, որ քիմիոթերապեւտիկ միջոցները հաջողությամբ դադարեցնում կամ դանդաղեցնում են ուռուցքային բջիջների աճը, նրանք նաեւ վնաս են հասցնում առողջ բջիջներին, ինչը բերում է այնպիսի անցանկալի հետեւանքների, ինչպիսիք են հոգնածությունը, սրտախառնոցը եւ մազաթափությունը, հաղորդում է Fox News-ը:

Սակայն վերջերս գիտնականները բացահայտել են քիմիոթերապիայի նոր մեթոդ՝ օգտագործելով «նանոգնդիկներ» եւ ճառագայթում: Բուֆֆալոյի համալսարանի հետազոտողները ստեղծել են շատ փոքր գնդիկներ, որոնց օգնությամբ հակաքաղցկեղային միջոցները ներմուծվում են անմիջապես ուռուցքի մեջ՝ չառաջացնելով ծանր կողմնակի հետեւանքներ:

«Վերջին 10 կամ 20 տարիների ընթացքում շատ աշխատանքներ են կատարվել՝ նանոմասնիկներն ուռուցքների բուժման մեջ օգտագործելու նպատակով, քանի որ մասնագետները կարծում էին, որ այդպիսով հնարավոր է բուժման որոշ ծանր հետեւանքներ մեղմել»,- ասում է հետազոտության հեղինակ Ջոնաթան Լովելլը՝ Բուֆֆալոյի համալսարանից: - «Խնդիրն այն է, որ որ քիմիոթերապիայի միջոցների միայն մի մասն է հասնում ուռուցքին»:

Նանոմասնիկների հիմնական միտքն օգտագործելով՝ Լովելլը եւ իր թիմը ստեղծել են նանոգնդիկներ, որոնք կոչել են PoP-liposome: Մարդու մազից 1000 անգամ բարակ գնդիկները կազմված են քլորոֆիլից՝ օրգանական պիգմենտից, որն առկա է կանաչ բույսերում, եւ ֆոսֆոլիպիդներից՝ բուսական յուղի նման ճարպից: Իրենց բացառիկ կազմության շնորհիվ նանոգնդիկները հակաուռուցքային միջոցների համար այսպես կոչված պատիճ են հանդիսանում՝ ամբողջությամբ պաշտպանելով դրանցից հիվանդի մյուս օրգանները:

Իրենց մեթոդի արդյունավետությունը ստուգելու համար Լովելլը եւ իր թիմը այն փորձարկել են մկների վրա, որոնց մոտ մաշկի մակերեսին առկա էին ուռուցքներ: Լազեր-նանոգնդիկներ համակցությունն օգտագործելով՝ հետազոտողներին հաջողվել է քիմիոթերապիայի մի քանի սեանսով բուժել մկներին քաղցկեղից: