Պալարախտը բուժվում է: Ընդ որում Հայաստանում՝ անվճար: Գլխավորը ժամանակին բժշկին դիմելն է եւ ինքնաբուժությամբ չզբաղվելը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հայաստանի Առողջապահության նախարարության Պալարախտի դեմ պայքարի Ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը: Ինչ վերաբերվում է այն բանին, թե ինչքանով են պալարախտով հիվանդները վտանգավոր շրջապատի համար, ապա մասնագետի խոսքով , հիվանդի հետ կարճաժամկետ շփումը, օրինակ, հասարակական տրանսպորտի մեջ, առանձնահատուկ վտանգ չի ներկայացնում:

Նրա  խոսքով, պալարախտի դեմ պայքարի ազգային ծրագիրը հաստատվել է իշխանության կողմից դեռեւս 2006 թվականին, եւ ունի տարբեր բնագավառներն ու բնակչության տարբեր շերտերն  ընդգրկող ինը մարտավարություն: Մասնավորապես դա բանակն է,  առողջարանային եւ քրեական կազմակերպությունները: Ծրագիրը նախատեսում է ոչ միայն պալարախտի բուժումը, այլ նաեւ վերջինիս կանխարգելումը եւ հիվանդների վերահսկումը: Դրա համար տարեկան հատկացվում է 4 միլիոն ԱՄՆ դոլար: Պալարախտի վերահսկման Ազգային ծրագրի հիմնական դոնոր է հանդիսանում  Գլոբալ հիմնադրամը: Մինչեւ երկու տարի տեւող հիվանդի բուժումը արժենում է մոտավորապես 10 հազար ԱՄՆ դոլար:

Արմեն Հայրապետյանի տվյալներով, իրավիճակը 2006 թվականից տարեցտարի լավանում է:  2012 թվականին հիվանդացության ցուցանիշը հաշվարկված 100 հազար մարդու համար կազմեց  37( մինչ այդ, 2005 թվականին կազմել է  62,4 ): Այսինքն նոր դեպքերի քանակությունը 2012 թվականին կազմեց 1125: Նոր դեպքերի մոտավորապես  30% -ը վարակիչ են:

Մահացու դեպքերը ՝ 60:  (Ընդ որում մահացու դեպքերը եւ պալարախտի դեպքերի 16-20%-ը բաժին է ընկնում Ռուսաստանից, Ուկրաինայից պալարախտի արդեն ծանր ձեւով  վերադարձող մեր միգրանտներին):

Արմեն Հայրապետյանը նշեց, որ համեմատած ԱՊՀ երկրների, Արեւելյան Եվրոպայի երկրների, մեր տարածաշրջանի երկրների հետ Հայաստանում իրավիճակը հուսադրող է:  Պալարախտի հարաբերականորեն բարձր հիվանդացություն դիտվում է Կոտայքի մարզում, Շիրակում եւ Արմավիրում: Վայոց Ձորում , Արագածոտնում, Գեղարքունիքում  իրավիճակն ավելի բարվոք է:

«Ջերմություն, հազ, քրտնարտադրություն, թուլություն, սրանք այն ախտանշաններն են, որոնք ցանկացած պարագայում պետք է մարդուն տանեն պոլիկլինիկա, ընտանեկան բժշկի կամ թաղամասային թերապեւտի մոտ: Առավել եւս, որ պոլիկլինիկայում ծառայությունն անվաճար է»,- ասաց Արմեն Հայրապետյանը:  «Պոլիկլինիկայի բժիշկների հետ մենք պարբերաբար դասընթացներ ենք անցկացնում, եւ նրանք տեղեկացված են հետագա գործողությունների մասին»,- շարունակեց նա: Պալարախտի կասկածի դեպքում հիվանդին ուղարկում են ֆթիզիատորի մոտ: Հետո հիվանդը խորխի անալիզ է հանձնում հաջորդական ռենտգենաբանական հետազոտություններով, ինչի արդյունքում հերքվում կամ հաստատվում է պալարախտ ախտորոշումը:

Հաստատման դեպքում որոշվում է նաեւ պալարախտի ձեւը՝ կայուն թե զգայուն, վարակիչ թե ոչ: Սովորական, զգայուն, ոչ վարակիչ պալարախտը բուժում են են վեց ամիսների ընթացքում պոլիկլինիկայում, որտեղ հիվանդը  ստանում է դեղի օրական  անհրաժեշտ չափաբաժինը եւ այն խմում բուժանձնակազմի աչքի առաջ: Բացառություն են կազմում  դժվար տեղաշարժվող հիվանդները, մանկահասակ երեխաների մայրերը եւ բուժումից հրաժարվող վարակիչ մարդիկ, ում բուժումն իրականացվում է տանը:  «Այս եղանակով, հիվանդներին խիստ հսկողության տակ պահելով, մենք կանխարգելում ենք դեղորայքի հանդեպ կայունության զարգացումը, որն առաջանում է դեղորայքի անկանոն եւ ոչ հաջորդական ընդունումների պատճառով: Սա ՀԱԿ-ի ( Համաշխարհային առողջապահության կազմակերպություն) կողմից ներմուծված, այսպես կոչված DOTS մարտավարությունն է, պալարախտի վերահսկման Ազգային ծրագրի ուղղություններից մեկն է»,-  նշեց Հայրապետյանը:

Պալարախտով հիվանդներին Ազգային ծրագրի շրջանակներում տրվում է սոցիալական օգնություն:  Դրա հետ մեկտեղ պալարախտի զգայուն ձեւով հիվանդներին ամիսը մեկ, իսկ կայուն ձեւով հիվանդներին ամիսը երկու անգամ բաժանվում են հիգիենիկ փաթեթներ, ինչպես նաեւ սննդով փաթեթներ (ինչպես հայտնի է պալարախտի բուժման համար անհրաժեշտ է ուժեղացված սնունդ, իմունիտետի բարձրացում), իսկ դեղորայքի յուրաքանչյուր ընդունումից հետո՝ հյութեր, յոգուրտներ եւ նույնիսկ գումար տրանսպորտի համար: Բոլոր հիվանդների հետ անցկացվում են նաեւ տեղեկատվական դասընթացներ՝ շրջապատին չվարակելու մասին: Կանխարգելիչ հետազոտությունների են ենթարկվում նաեւ հիվանդի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ հիվանդի հետ երկարատեւ շփման մեջ գտնված մարդիկ: Պալարախտի վարակիչ ձեւով հիվանդներին բուժման համար ուղեգրում են հիվանդանոց:

Վարակի աղբյուր են հանդիսանում պալարախտի վարակիչ ձեւով հիվանդները: Շրջապատի վարակումը կախված է արտազատվող մանրէների քանակից եւ պալարախտով հիվանդի հետ շփման երկարատեւությունից:   «Օդում պալարախտի հարուցիչները քիչ չեն, բայց, այնուամենայնիվ, ոչ բոլորի վրա են ազդում: Մենք ուղղակի ինֆեկցվում ենք, բայց չենք հիվանդանում, որովհետեւ գործում են օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմները։ Մանրէներն առաջին հերթին ախտահարում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց»,- բացատրում է Հայրապետյանը:

Այսպիսով պալարախտով հիվանդի հետ կարճաժամկետ շփումը, ինչպես օրինակ հասարակական տրանսպորտի մեջ, դեռ չի նշանակում, որ դուք կարող եք հիվանդանալ պալարախտով: Բայց , անյնուամենայնիվ, ամեն ինչ այդպես հեշտ եւ թեթեւ չէ, շարունակում է մասնագետը:

Ցավոք սրտի, հակաբիոտիկների ոչ կանոնավոր ընդունումն ու ոչ ճիշտ նշանակումը  հանգեցրել է խալարախտի նոր ձեւի՝ բազմակի դեղորայքակայուն ձեւի, որն իր հերթին կարող է լինել ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ:  Այսպիսի ձեւերով հիվանդների բուժումը կատարվում է շատ մեծ դժվարությամբ եւ տեւում է մոտավորապես մինչեւ երկու տարի:

«Երկար ժամանակ պալարախտի բուժման մեջ նոր դեղեր չկային: Այս տարվանից լայն դեղորայքակայուն ձեւերի դեմ հայտնվեցին բավականին արդյունավետ վերջին սերնդի դեղեր:  23 հիվանդ, ովքեր երկար տարիներ չեին կարողնում բուժվել (հնարավոր մահացու ելքով),  ներկայումս գտնվում են բուժման մեջ եւ լավ արդյունքներ են ցույց տալիս:  Դեղերը շատ թանկ են, բայց մենք դրանք ստանում ենք «Բժիշկներն առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպության կողմից: Հայաստանում պալարախտի բուժման ձեռքբերումներն են՝  դեղորայքի հետ խնդիրների բացակայություն, նոր լաբորատոր ախտորոշիչ մեթոդների ներմուծում, որոնք թույլ են տալիս երկու ժամվա ընթացքում ստանալ պալարախտի առկայության արդյունքները եւ որոշակի դեղորայքի հանդեպ նրա կայունությունը: Եվ, որ շատ կարեւոր է , երկրում ներմուծված են եւ առկա են  ՀԱԿ-ի կողմից հաստատված պալարախտի բուժման որոշակի սխեմաներ»,-  հուսադրող կերպով զրույցն ավարտեց  Արմեն Հայրապետյանը:

Յանա Ավչիյան