Դիաբետով հիվանդ կանանց մոտ սրտային հիվանդությունները երեք անգամ ավելի շատ են հանդիպում, քան դիաբետ չունեցողների մոտ։ Դիեբետով հիվանդ տղամարդիկ կրկնակի հակված են սրտային հիվանդություններ ունենալուն, քան  ուժեղ սեռի այն ներկայացուցիչները, ովքեր չեն տառապում այս հիվանդությունով։ Նման եզրակացության են եկել Ավրստրալիայի Քուինսլենդ համալսարանի հետազոտողները։

1996-2011թթ ժամանակահատվածում, ավելի քան 850 հազար մարդու մասնակցությամբ կատարված 64 հետազոտությունների վերլուծությունները ցույց են տվել, որ դիաբետով հիվանդ կանանց մոտ սրտի իշեմիկ եւ այլ լուրջ հիվանդությունների հավանականությունը ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր չունեն շաքարային դիաբետ։ Դիաբետով հիվանդ կանայք նաեւ 44%ով ավելի հաճախ են ունենում սրտային հիվանդություններ, քան դիաբետով հիվանդ տղամարդիկ։  Ինչպես կարծում են փորձագետները, նման տարբերությունը կարող է առաջանալ ոչ միայն կանանց օրգանիզմի յուրահատկությունների պատճառով, այլեւ սա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ տղամարդիկ ավելի արդյուավետ են բուժվում։

Այնուամենայնիվ, փորձագետները հստակ չգիտեն, թե ինչպես կարելի է բացատրել սեռերի միջեւ առկա այս տարբերությունը։ Հայտնի է, որ կանայք ավելի փոքր չափի արյունատար անոթներ ունեն, ինչը կարող է մեծ դեր խաղալ սրտային հիվանդությունների առաջացման գործում։ Բացի այդ, համաձայն վիճակագրական տվյալների, կանայք, ում մոտ վերջերս են շաքարային դիաբետ ախտորոշել, կշռում են ավելի շատ, քան դիաբետով հիվանդ տղամարդիկ։

Հետազոտության հեղինակները ընդգծել են, որ անկախ սեռից դիաբետիկները պետք է վերահսկեն շաքարի մակարդակը, զարկերակային ճնշումը եւ խոլեստերինի ցուցանիշները արյան մեջ, ինչպես նաեւ փորձեն ունենալ առողջ քաշ։ Այս ամենը կօգնի նվազեցնել սրտի իշեմիկ եւ սիրտ-անոթային այլ հիվանդությունների առաջացման վտանգը։