Մենք ապրում ենք յոդի պակաս ունեցող գոտում, այդ պատճառով մեզ մոտ վահանաձեւ գեղձի հիվանդությունների հարցը շատ խիստ է դրված։ Յուրաքանչյուր լեռնային երկիր ունի այս խնդիրը։ Այս մասին ասել է «Երեւան» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը մայիսի 24 տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ։ Մամլո-ասուլիսը նվիրված էր վահանաձեւ գեղձի համաշխարհային օրվան, որը նշվելու է վաղը։

Ըստ մասնագետի  յոդը անձրեւի հետ միասին թափանցում է հողի խորը շերտերը եւ հոսում դեպի ծովեր։ «Ահա սա է հենց լեռնային լանդշաֆտ ունեցող վայրերում յոդի պակասի եւ մերձափնյա տարածքներում դրա ավելցուկի պատճառը»,-ասաց նա։

Էնդոկրինոլոգը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին վահանաձեւ գեղձի հիվանդութունների դեպքերը ավելացել են։ Էնդոկրինոլոգը դա կապում է այն հանգամանքի հետ, որ մարդիկ ավելի քաջատեղյակ են այս հիվանդության մասին, ավելի հաճախ են հետազոտվում եւ բժիշկներն էլ ավելի զգուշավոր են, այդ պատճառով ավելի շատ դեպքեր են ի հայտ գալիս։

Վահանաձեւ գեղձի խնդիրները կարող են առաջանալ սեռական հասունության շրջանում գտնվող դեռահասների, հղիների, դաշտանադադարի վիճակում գտնվող կանանց, ինչպես նաեւ սթրես եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։ Այն ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ։ Ռիսկային գոտում են նաեւ 5-6 տարեկան երեխաները։

Պետք է նշել, որ կառավարությունը յոդի պակասի դեմ պայքարի մի միջոց է ընտրել ՝ վաճառելով յոդացված աղ։ Երկար ժամանակ այն համարվում էր բավարար, քանի որ աղը ամեն օր օգտագործվում է։ Սակայն հիմա առողջապահության նախարարությունը աշխատում է այլ մթերքները յոդով հարստացնելու ուղղությամբ. այդ թվում նաեւ ալյուրը։ 

Օրգանիզմում յոդի պակասը լրացնելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ ծովային մթերքներ, ափամերձ շրջաններից ներմուծվող մրգեր եւ բանջարեղեն օգտագործել։ Մրգերի եւ բանջարեղենի մեջ յոդի քանակությունը բնութագրվում է հողի մեջ առկա յոդով, որտեղից էլ դրանք աճում են։ Դրանից հետեւում է, որ Հայաստանում աճող միրգն ու բանջարեղենը յոդ չեն պարունակում։

Էնդոկրինոլոգի խոսքով, վահանաձեւ գեղձի հիվանդությունների դեպքում սննդային սահմանափակումներ չկան։ Գլխավորն այն է, որ չպետք է չարաշահել։  Օրինակ, կաղամբը ունի զոոգեն հատկություններ։ Բայց այն բացասական ազդեցություն կունենա այն դեպքում, եթե մի քանի օր շարունակ, մեծ չափաբաժիններով կաղամբ օգտագործվի։

Որպես կանխարգելիչ միջոց կարելի է օգտագործել կենսաբանական ակտիվ հավելումներ։